«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05011029
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 սեպտեմբերի 2010 թ. |
թիվ 239-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ՝
1) նախաբանում «22-րդ և 23-33.1-րդ» բառերը փոխարինել «22-րդ, 23-33.1-րդ և 41-րդ» բառերով:
2) Որոշումը լրացնել 2.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով սահմանել, որ ավանդային, վարկային, ֆինանսական գործառնությունների և ներդրումների իրականացման համար օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գործունեության ամբողջ ընթացքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.
1) մասնաճյուղն ստեղծած օտարերկրյա բանկի վարկանիշը չպետք է նվազի սույն որոշմամբ հաստատված կանոնակարգի 5-րդ կետով սահմանված վարկանիշից,
2) մասնաճյուղն ստեղծած օտարերկրյա բանկը չպետք է խախտի օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկրի բանկային գործունեության կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները,
3) մասնաճյուղն ստեղծած օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկիրը համարվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր և տվյալ երկրի համար Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (Financial Action Task Force) (այսուհետ՝ ՖԱԹՖ) կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ միջազգային կառույցի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համակարգի անհամապատասխանության վերաբերյալ չի հրապարակվել որևէ հայտարարություն,
4) Կենտրոնական բանկի և մասնաճյուղն ստեղծած օտարերկրյա բանկի գրանցման երկրի բանկային վերահսկողությունն իրականացնող մարմնի միջև առկա է համաձայնագիր (փոխըմբռնման հուշագիր) բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության վերաբերյալ:»:
2. Որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 5-րդ կետը լրացնել «է», «ը», «թ» և «ժ» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«է) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի վարկանիշն ըստ միջազգային վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրամադրած երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշների առնվազն եղել է ԱԱ-(Աա3)` սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվա դրությամբ: Ընդ որում, եթե օտարերկրյա բանկն ունի երկու կամ երեք վարկանշային գործակալությունների կողմից տրված վարկանիշեր, ապա հիմք է ընդունվում դրանցից խստագույնը (ամենացածրը),
ը) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկրի բանկային վերահսկողությունը բավարարում է Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված «Արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքներին»: Երկրի բանկային վերահսկողությունը համարվում է «Արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքներին» բավարարող, եթե այն, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի շրջանակներում (ԷՖՍԱՓ) տրված գնահատականի համաձայն, բավարարում է բոլոր հիմնարար սկզբունքներին` Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից սահմանված գնահատման սանդղակի առաջին (համապատասխանող) կամ երկրորդ (մեծամասամբ համապատասխանող) մակարդակով: Ընդ որում, սույն ենթակետում նշված գնահատականը պետք է տրված լինի սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 5 տարվա ընթացքում,
թ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից տրված պարտավորագիր (երաշխավորագիր)` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից այդ մասնաճյուղի գործունեությունից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում այդ պարտավորությունները օտարերկրյա բանկի կողմից առանց որևէ պայմանի (նախապայմանի) անհապաղ կատարելու վերաբերյալ,
ժ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկրի բանկային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված հավաստումն առ այն, որ օտարերկրյա բանկը չի խախտել տվյալ երկրի բանկային գործունեության կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում, իսկ եթե մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գործունեությունը պակաս է երկու տարուց, ապա` գործունեության ողջ ընթացքում:»:
2) 14-րդ կետը լրացնել «թ», «ժ» և «ժա» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«թ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկիրը համարվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր և տվյալ երկրի համար ՖԱԹՖ-ի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ միջազգային կառույցի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համակարգի անհամապատասխանության վերաբերյալ չի հրապարակվել որևէ հայտարարություն,
ժ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` Կենտրոնական բանկի և մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գրանցման երկրի բանկային վերահսկողությունն իրականացնող մարմնի միջև առկա է համաձայնագիր (փոխըմբռնման հուշագիր) բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության վերաբերյալ,
ժա) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում՝ Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի անունով ներդրվել է ավանդ` առնվազն 200 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 200 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթի չափով, ընդ որում, ավանդի պայմանագրով պետք է նախատեսված լինի, որ ավանդը ավանդատուի պահանջով ենթակա է վերադարձման բացառապես Կենտրոնական բանկի նախնական համաձայնության դեպքում: Միևնույն ժամանակ, մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկն ստանձնել է անվերապահ պարտավորություն, համաձայն որի` այն դեպքում, երբ օրենքի համաձայն, ավանդի գումարը ենթակա է անվերապահ վերադարձման` անկախ կողմերի համաձայնությունից, վերադարձված գումարը համապատասխան բանկից ստանալուց հետո պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում որպես ավանդ մուծել Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում՝ սույն ենթակետով սահմանված պայմաններով:»:
3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3 կետով նշված հիմքերով, այդ թվում, երբ նախնական հավանության տրամադրումից հետո.
1) օտարերկրյա բանկի վարկանիշը նվազել է սույն կանոնակարգի 5-րդ կետի «է» ենթակետով սահմանված վարկանիշից և(կամ)
2) օտարերկրյա բանկը խախտել է մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկրի բանկային գործունեության կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված տնտեսական որևէ նորմատիվի պահանջները և(կամ)
3) Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի շրջանակներում (ԷՖՍԱՓ) տրվել է նոր գնահատական՝ համաձայն որի մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի գրանցման վայրի երկրի բանկային վերահսկողությունը չի բավարարում Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի կողմից մշակված «Արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքներին»՝ սույն կանոնակարգի 5-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով։ Ընդ որում սույն կանոնակարգի 5-րդ կետի «ը» ենթակետով սահմանված պահանջները կիրառելի են օտարերկրյա բանկի մասնաճյուղի նկատմամբ նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղի լիցենզիայի տրամադրումից հետո։»։
4) 90.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«90.1 Բանկը, բանկի մասնաճյուղը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելիս փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է բանկի տարածքում: Բանկը, բանկի մասնաճյուղը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի: Բանկից դուրս վահանակ ունենալու դեպքում, վահանակի վրա նշվում են միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2010 թ. սեպտեմբերի 28 |