Գլխավոր տեղեկություն
Номер
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հոդ.311
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
22.05.2007
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
22.05.2007
Дата вступления в силу
13.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50007307

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

22 մայիսի 2007 թ.

N 1290-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Նախագահի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.13 կետի թ), ժ), ժա), ժգ) ենթակետերով, Երևան քաղաքում բոլոր գործառնական նշանակության շենքերի ճակատների տեխնիկական վիճակի և ճարտարապետական պատշաճ տեսքի պահպանման, դրանց վերականգնման և նորոգման աշխատանքների կանոնակարգման, իրավասու անձանց պարտականությունների սահմանման նպատակով.

1. Հաստատել «Երևան քաղաքում շենքերի ճակատների պահպանման, վերակառուցման և նորոգման» կարգը (հավելված):

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին`

2.1 ապահովել սույն որոշման պետական գրանցումը.

2.2 որոշման պետական գրանցումից հետո, ներկայացնել Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ` սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին:

Երևանի քաղաքապետ

Ե. Զախարյան


 

Հավելված


Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2007 թ. մայիսի 22-ի
N 1290-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է անշարժ գույքի սեփականատերերի իրավունքները և պարտականությունները Երևան քաղաքի տարածքում շենքերի ճակատների պահպանման, վերականգնման և նորոգման ուղղությամբ:

2. Սեփականատիրոջ պարտականությունները կարող են փոխանցվել շենքի (շինության) կամ շենքային տարածքի վարձակալին՝ համապատասխան պայմանագրի պայմաններին համապատասխան:

3. Սեփականատիրոջը հավասարեցված պարտականություն են կրում նաև օրենքով տվյալ շենքը կամ տարածքը տիրապետող, տնօրինող իրավաբանական անձինք:

4. Պահպանման ծախսերի կամ նորոգման աշխատանքների վճարման համար միջոցներն առաջանում են սեփականատերերի միանվագ կամ պարբերական վճարումներով կամ այլ աղբյուրներից ներգրավվող միջոցներով:

5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերը պարտավորություն են կրում ընդհանուր գույքի մեջ իրենց զբաղեցրած մակերեսին համամասնորեն և իրենց պարտականություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ, 224-րդ հոդվածներին և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան:

6. Սույն կարգի գործողությունը տարածվում է Երևան քաղաքի ճարտարապետական միջավայրը և տեսքը ձևավորող՝ կառուցվող, վերակառուցվող, հիմնական կամ մասնակի նորոգվող, շահագործվող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու կառույցների ճակատների, ինչպես նաև ցանկապատերի, հենապատերի, ճարտարապետական այլ ամրակցված ձևերի վրա:

7. Քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայությամբ միայն կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.

- շենքի ճակատի նոր ճարտարապետական տարրեր, դրանց փոխարինում կամ վերացում,

- տանիքի ձևի, ծածկույթի նյութի և գույնի փոփոխում,

- լոջիաների ապակեպատում կամ ներքին մակերևույթների գունային փոփոխություններ,

- պատշգամբների բազրիքաճաղերի նկարվածքի և գույնի փոփոխություններ,

- շենքի ճակատներին գովազդային վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների, պլակատների, որևէ այլ բնույթի ձևավորումների տեղադրում,

- փողոցների անվանումների և շենքերի համարակալման ցուցանակների տեղադրում,

- բնական քարի շարվածքով իրականացված շենքերի ճակատների նյութի, ֆակտուրայի փոփոխություն և ներկում, ինչպես նաև նոր բացվածքների բացում կամ գոյություն ունեցողների փակում:

8. Գործող ընթացակարգերով սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների իրականացման համար պարտադիր է Երևանի քաղաքապետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից համաձայնեցված ճարտարապետական կամ ձևավորման նախագծի առկայությունը:

9. Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների ճակատների վերակառուցումը և նորոգումն իրականացվում է հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի համաձայնությամբ: Ընդ որում՝ պետական լիազոր մարմնի կողմից կարող են տրվել նորոգման կամ վերակառուցման լուծումների վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում:

10. Սույն կարգի պահանջների կատարման ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով:

11. Վերահսկողության իրականացման ընթացքում շենքի սեփականատիրոջը կարող են տրվել ցուցումներ շենքի ճակատների վերականգնման կամ նորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ, հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նշելով ժամկետները:

12. Սույն կարգը չպահպանելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ղեկավար
Գ. Մելքումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան