Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-844(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-96
Նախագահող դատավոր՝

Դ. Խաչատրյան

դատավորներ՝

Վ. Ավանեսյան

Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի


 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հայկ Եգանյանի միջոցով Արմեն Ավետիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ դատարան) 02.02.2007 թվականի թիվ 07-96 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Արմեն Ավետիսյանի հայցի ընդդեմ Անդրանիկ և Գոհար Քոչարյանների՝ բաժնային սեփականության ներքո գտնվող բնակարանից բաժինն առանձնացնելու, ինչպես նաև Գոհար Քոչարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արմեն Ավետիսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման՝ նվիրատվության պայմանագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան Արմեն Ավետիսյանը պահանջել է ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող Բուռնազյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանից առանձնացնել 3/4-րդ բաժինը:

Դիմելով դատարան Գոհար Քոչարյանը հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել 10.06.1994 թվականի նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա տրված 30.11.2001 թվականի թիվ 2-6078 «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը», ինչպես նաև 09.09.2002 թվականի թիվ 476360 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

 

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.08.2006 թվականի թիվ 2-558 վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի թիվ 07-96 վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ավետիսյանը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հայկ Եգանյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի, 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 317-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վարույթ է ընդունել ոչ շահագրգիռ անձ հանդիսացող Գոհար Քոչարյանի հակընդդեմ հայցը, որի իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին ոչ մի կերպ չի առնչվել դատական վեճը:

Արմեն Ավետիսյանը հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեռք բերող: Տվյալ դեպքում, գույքը հետ պահանջելու իրավունքը պատկանել է սկզբնական սեփականատեր Օֆելյա Ավետիսյանի մայր Ազգանուշ Քոչարյանին, այլ ոչ թե՝ գույքի հետ կապ չունեցող պատասխանողներ Անդրանիկ և Գոհար Քոչարյաններին, իսկ Արմեն Ավետիսյանն իր մայր Օֆելյա Ավետիսյանի մահից հետո ժառանգության հիմքով սեփականության իրավունքով ձեռք է բերել վեճի առարկա գույքը:

Բացի այդ, դատարանը քննության է առել ավելի քան 12 տարի վաղեմության ժամկետ ունեցող գործարքի հետ կապված հակընդդեմ հայցը, որը ներկայացվել է նման հայց ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից: Վերջինս դատարանի կողմից գործի նախապատրաստման կամ քննության ընթացքում չի փոխարինվել պատշաճ կողմով, ինչն էլ զրկել է սկզբնական հայցվորին հայցային վաղեմության հիմքով նաև պատշաճ առարկություններ ներկայացնելու հնարավորությունից:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի, «Պետական նոտարիատի մասին» Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (այսուհետ՝ ՀԽՍՀ) օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը, 296-րդ հոդվածի 1-ին մասը, 436-րդ հոդվածի 1-ին մասը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, 44-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես, «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 26.12.2006 թվականին տրված թիվ 34930601 դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, ինչի արդյունքում չի կիրառել «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը:

Դատարանը հիմք ընդունելով, որ 17.05.1994 թվականի թիվ 3 սեղանամատյանում կատարվել է հետևյալ նշումը՝ «ստորագրվել է Օ.Ավետիսյանի կողմից Քոչարյանի հիվանդության պատճառով», եզրակացրել է, որ նվիրատվության գործարքը կատարվել է միակողմանի, առանց Ազգանուշ Քոչարյանի իմացության, մինչդեռ, փորձաքննության արդյունքներով նման եզրակացություն չի տրվել:

 

Բացի այդ, «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է քաղաքացու հիվանդության դեպքում նրա հանձնարարությամբ իր և նոտարական գործողություն կատարող պետական նոտարի ներկայությամբ փաստաթուղթն այլ անձի կողմից ստորագրելու հնարավորությունը:

Դատարանին չի ներկայացվել նաև Ազգանուշ Քոչարյանի անգործունակությունը հավաստող ապացույցներ:

Դատարանը 10.06.1994 թվականի թիվ 4061 նվիրատվության պայմանագրի անվավերության հիմքում դրել է դրա ռուսերեն լեզվով կազմված լինելու հանգամանքը: Մինչդեռ, այդ պահին գործող «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործարքի անվավերության նման հիմք չեն նախատեսում:

Գոհար Քոչարյանի հակընդդեմ հայցի շրջանակներում վիճարկվող նվիրատվության պայմանագիրը կնքվել է 10.06.1994 թվականին և պայմանագրի նկատմամբ կիրառելի էր նշված ժամանակաշրջանում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը, որը չի կիրառվել: Արդյունքում խախտվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի թիվ 07-96 վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 30.04.1990 թվականի թիվ 4-1608 ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Անդրանիկ Քոչարյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում նրա կինը՝ Ազգանուշ Քոչարյանը և որդին՝ Մելիք Քոչարյանը:

2) բնակելի տան նվիրատվության 09.06.1994 թվականի թիվ 4061 պայմանագրի համաձայն՝ Ազգանուշ Քոչարյանը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 3/4-րդ բաժինը նվիրել է Օֆելյա Ավետիսյանին:

3) 30.11.2001 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության թիվ 2-6078 վկայագրի համաձայն՝ հանգուցյալ Օֆելյա Ավետիսյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում որդին՝ Արմեն Ավետիսյանը և դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը: Վերջինս հրաժարվել է իրեն հասանելիք բաժնից հօգուտ Արմեն Ավետիսյանի:

4) 09.09.2002 թվականին տրված թիվ 476360 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4-րդ մասի սեփականատերն է Արմեն Ավետիսյանը, իսկ 1/4-րդ մասինը` Մելիք Քոչարյանը:

5) 13.12.2002 թվականին տրված ԱԱ թիվ 198233 մահվան վկայականի համաձայն Մելիք Քոչարյանը մահացել է 11.12.2002 թվականին:

6) ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 26.12.2006 թվականին տրված թիվ 34930601 դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետական նոտարական գրասենյակի նոտարական գործողությունների գրանցման թիվ 17.05.1994 թվականի թիվ 3 սեղանամատյանի և 10.06.1994 թվականի թիվ 4061 բնակելի տան նվիրատվության պայմանագրի բնօրինակի հետազոտությունից հնարավոր չէ պարզել, թե ստորագրությունն ում կողմից է կատարված՝ հետազոտելի ստորագրությունների կարճ և պարզ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ 

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Տվյալ դեպքում, Մելիք Քոչարյանը կենդանության օրոք երբևէ չի վիճարկել Ազգանուշ Քոչարյանի և Օֆելյա Ավետիսյանի միջև կնքված բնակելի տան 3/4 մասի նվիրատվության 09.06.1994 թվականի թիվ 4061 պայմանագիրը: Գոհար և Անդրանիկ Քոչարյանները փաստացի տիրապետման հիքով ընդունել են Մելիք Քոչարյանի ժառանգությունը՝ վերջինիս պատկանող Բուռնազյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տան 1/4-րդ բաժինը: Հետևաբար, տան մնացած մասի՝ 3/4-ի վերաբերյալ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով չեն կարող հանդիսանալ պատշաճ հայցվորներ:

Ինչ վերաբերում է հայցային վաղեմության հիմքով առարկություններ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու բողոքի փաստարկին, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Անկախ հակընդդեմ հայցով հայցվորների անպատշաճ լինելու հանգամանքից, պատասխանողը զրկված չի եղել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հայցը մերժելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Մինչդեռ, գործում այդպիսի միջնորդություն առկա չէ.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, դատարանն առանց որևէ հիմնավորման պատճառաբանել է, որ նվիրատվության գործարքը կատարվել է միակողմանի, առանց Ազգանուշ Քոչարյանի իմացության՝ ինչի վերաբերյալ որևէ ապացույց քաղաքացիական գործում առկա չէ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Հետևաբար, բնակելի տան նվիրատվության 09.06.1994 թվականի թիվ 4061 պայմանագրի նկատմամբ կիրառելի են տվյալ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը, որոնցով սահմանված նորմերով էլ վիճելի իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման:

«Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը որոշակի պայմանների առկայության դեպքում նախատեսում է պայմանագրի ստորագրման հնարավորություն այլ անձի կողմից: Վերոհիշյալ հոդվածի համաձայն՝ եթե քաղաքացին ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, իր իսկ ներկայությամբ և նոտարական գործողություն կատարող պետական նոտարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայությամբ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը կարող է ստորագրել ուրիշ քաղաքացի, նշելով այն պատճառները, որոնց հետևանքով փաստաթուղթը չէր կարող անձամբ ստորագրվել նոտարական գործողություն կատարելու համար դիմած քաղաքացու կողմից:

Մինչդեռ, դատարանը 09.06.1994 թվականին կնքված պայմանագրի նկատմամբ կիրառել է 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը, 296-րդ հոդվածի 1-ին մասը, 436-րդ հոդվածի 1-ին մասը և 01.03.2002 թվականին ուժի մեջ մտած «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, 44-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն և չէին կարող տվյալ պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը խախտելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի, «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չկիրառելու և գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը, 296-րդ հոդվածի 1-ին մասը, 436-րդ հոդվածի 1-ին մասը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, 44-րդ հոդվածի 6-րդ մասը, կիրառելու մասին պատճառաբանությունները բավարար հիմք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հակընդդեմ հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում հետևյալ պատճառաբանությունները.

«Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե քաղաքացին ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, իր իսկ ներկայությամբ և նոտարական գործողություն կատարող պետական նոտարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայությամբ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը կարող է ստորագրել ուրիշ քաղաքացի, նշելով այն պատճառները, որոնց հետևանքով փաստաթուղթը չէր կարող անձամբ ստորագրվել նոտարական գործողություն կատարելու համար դիմած քաղաքացու կողմից:

Տվյալ դեպքում, բնակելի տան նվիրատվության 09.06.1994 թվականի թիվ 4061 պայմանագրի՝ Ազգանուշ Քոչարյանի կողմից ստորագրված չլինելու հանգամանքը, օրենքի խախտում չի կարող հանդիսանալ: Վերոհիշյալ պատճառաբանությամբ անհիմն է նաև 30.11.2001 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության թիվ 2-6078 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 09.09.2002 թվականին տրված թիվ 476360 վկայականն անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր որոշումներում արդեն իսկ անդրադարձել է այն իրավական խնդրին, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:

 

Հետևաբար, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ (իրավական հիմնավորումները տես օրինակ՝ Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ (2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, Հատոր առաջին, էջ 188-195):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի թիվ 07-96 վճիռը բեկանելու պահանջի մասով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի թիվ 07-96 վճռի` հայցի մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Վճռի` հակընդդեմ հայցի մասը բեկանել և փոփոխել.

Բուռնազյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տան նվիրատվության 09.06.1994 թվականի թիվ 4061 պայմանագիրը և 30.11.2001 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության թիվ 2-6078 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջները` մերժել:

3. 09.09.2002 թվականին տրված թիվ 476360 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան