ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռ |
ՎԲ-124/07 |
կայացրած դատարանի կազմը | |
նախագահող դատավոր` | Կ. Ղազարյան |
դատավորներ` | Գ. Մելիք-Սարգսյան |
Ս. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
12 հունիսի 2007 թվական |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ |
| |
փաստաբան |
Ա. Ղազարյանի | |
դատախազ |
Ա. Ավագյանի |
դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Սարգսի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 22-ի դատավճռի դեմ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արթուր Ղազարյանի միջոցով բերված դատապարտյալ Սուսաննա Ներսիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 16-ի դատավճռով Ս. Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 2 (երկու) տարի ժամկետով և 50. 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանքով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ու տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և սահմանված պատիժը պայմանական կերպով չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Միաժամանակ վճռվել է Ս. Ներսիսյանից հօգուտ գործով տուժող Շ. Միսակյանի բռնագանձել 7.284.100 ՀՀ դրամ, իսկ հօգուտ պետբյուջեի` 643.200 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում:
Գործով տուժող Շ. Միսակյանի և դատապարտյալ Ս. Ներսիսյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի հունիսի 22-ի դատավճռով փոփոխել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.02.2006 թվականի դատավճիռը, այն է` Ս. Ներսիսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` դատապարտել է ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 2 (երկու) տարի ժամկետով և 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանքով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ու տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Ա. Ղազարյանի միջոցով դատապարտյալ Ս. Ներսիսյանի բերած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թ. մայիսի 29-ի որոշմամբ 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով ընդունվել է վարույթ:
2. Գործի փաստական հանգամանքները.
Դատապարտյալ Սուսաննա Ներսիսյանը, տեղեկանալով, որ իր ծանոթներից Շուշիկ Միսակյանին գումար է պետք անասնակեր գնելու համար, 1998 թվականի փետրվարին փոխարինաբար նրան է տվել 2.500 ԱՄՆ դոլար` որպես գրավ վերցնելով ոսկյա զարդեր:
Որոշ ժամանակ անց, համոզված լինելով, որ տուժողն արդեն ծախսել է այդ գումարը, նրանից պահանջել է կամ հետ վերադարձնել գումարը, կամ էլ դրա համար յուրաքանչյուր ամիս վճարել դրա 10 տոկոսը` պատճառաբանելով, որ գումարն ինքը վերցրել է իր մորեղբորից:
Դատապարտյալի պահանջած տոկոսաչափը 4 ամիս վճարելուց հետո Շ. Միսակյանը հայտնել է նրան, որ գտնվում է նյութական ծանր վիճակում և այլևս ի վիճակի չէ տոկոսագումար վճարել: Դրանից հետո Ս. Ներսիսյանը դարձյալ պարտքի անվան տակ նրան է տվել 1.500 ԱՄՆ դոլար, սակայն որոշ ժամանակ անց այդ գումարի համար ևս տոկոս է պահանջել, որը Շ. Միսակյանը վճարել է մինչև 1999 թվականի հուլիսը, սակայն նյութական ծանր վիճակում գտնվելու պատճառով չկարողանալով շարունակել վճարումները` դատապարտյալից հետ է վերցրել նրա մոտ գրավադրված ոսկյա զարդերը` մեկ տարվա ընթացքում ամբողջ մայր գումարը` տոկոսների հետ ընդամենը 7.600 ԱՄՆ դոլար, վճարելու պայմանով` գրավ դնելով իր առանձնատունը:
Իմանալով, որ տուժողը գումար աշխատելու նպատակով ցանկանում է ամուսնու հետ մեկնել արտագնա աշխատանքների և որպեսզի ճանապարհածախսի համար գումար ձեռք բերի` վաճառում է տան գույքը, դատապարտյալը համոզել է նրան կահույքի վաճառքի գործը վստահել իրեն` խոստանալով ճանապարհածախսի համար նրա տալ 800 ԱՄՆ դոլար, իսկ վաճառքից ստացված մնացած գումարը հաշվարկել պարտքի դիմաց: Համաձայնվելով նրա հետ` Շ. Միսակյանը 2000 թվականի ապրիլի 28-ին ցուցակագրել է վաճառվելիք կահույքը և այն հանձնել Ս. Ներսիսյանին` փոխադարձ համաձայնությամբ որպես վաճառքի վերջնական գին ընդունելով 2.700 ԱՄՆ դոլարը: Դատապարտյալը, խախտելով տուժողի հետ ունեցած իր պայմանավորվածությունը, նույն օրը ցուցակում տեղ գտած կահույքը 2.700 ԱՄՆ դոլարի փոխարեն ընդամենը 700 ԱՄՆ դոլարով վաճառել է մինչև այդ տոկոսով իրենից պարտքով գումարներ վերցրած Արծրուն Ղարիբյանին և Քաղցրիկ Պապիկյանին, սակայն ոչ այդ գումարը և ոչ էլ ճանապարհի ծախսի համար խոստացած 800 ԱՄՆ դոլարը չի տվել տուժողին: Իր այդ գործողությամբ նա վերջինիս պատճառել է 2.700 ԱՄՆ դոլարին համարժեք 1.439.100 ՀՀ դրամի վնաս:
Այնուհետև, 2001 թվականի փետրվարի վերջին, չսպասելով արտագնա աշխատանքների մեկնած տուժողի վերադարձին, Ս. Ներսիսյանը, ներկայանալով որպես տուժողի տան սեփականատեր, վերջինիս հարևանուհուց պահանջել և ստացել է Շ. Միսակյանի առանձնատան մուտքի դռան բանալին և տունը վարձով հանձնել տարբեր քաղաքացիների` բնակվելու համար, իսկ բնակարանի սենյակներից մեկում պահվող տուժողի գույքի մնացած մասը 2001 թվականի մայիսից մինչև 2002 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է` Շ. Միսակյանին պատճառելով 5.845.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Ս. Ներսիսյանը, սկսած 1997 թ. փետրվարի 4-ից, տարբեր քաղաքացիների` պարտքի անվան տակ տոկոսով կանխիկ գումարներ տրամադրելու, ինչպես նաև տուժող Շ. Միսակյանին պատկանող տունը 2001 թ. մարտ ամսից վարձով տալու միջոցով պարբերաբար ստացել է եկամուտներ, սակայն 1999 թ. սկսած` ամեն տարի աղքատության ընտանեկան նպաստ նշանակելու խնդրանքով դիմել է Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սոցծառայություն և չունենալով դրա իրավունքը` 1999 թ. հունվարի 1-ից մինչև 2005 թ. հոկտեմբեր ամիսը որպես նպաստ խաբեությամբ ստացել ու հափշտակել է խոշոր չափի` 643.200 ՀՀ դրամ գումար:
Այսպիսով` ամբաստանյալ Ներսիսյանը տուժող Միսակյանի տանից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 5.845.000 ՀՀ դրամի գույք, կրկին անգամ խաբեությամբ հափշտակել է նրա առանձնատան կահույքի վաճառքից առաջացած 2.700 ԱՄՆ դոլարին համարժեք 1.439.100 ՀՀ դրամ գումարը, նաև անօրինական կարգով խաբեությամբ ստացել է խոշոր չափի նպաստ` 643.200 ՀՀ դրամ:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը, գտնելով, որ վերաքննիչ դատարանի դատավճռով Ս. Ներսիսյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ խիստ է, խնդրում է նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և հիմնական պատիժը պայմանական կերպով չկիրառել` հաշվի առնելով, որ Ս. Ներսիսյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և ունի մշտական նեղ մասնագիտացված բժշկական հսկողության տակ գտնվելու կարիք, ամուսնալուծված է, խնամքին է անչափահաս երեխան, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ամբողջությամբ հատուցել է տուժողին և պետության պատճառած վնասը, ինչը հիմնավորված է տուժող Շ. Միսակյանի հայտարարությամբ ու «ՎՏԲ Հայաստան» բանկի Էրեբունու մասնաճյուղի վճարման տեղեկանքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Փաստաբան Ա. Ղազարյանի բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ պետք է բեկանել Սուսաննա Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 16-ի դատավճռին:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի` դատապարտյալի նկատմամբ դատավճիռ կայացնելիս դատարանը մի շարք այլ հարցերի հետ միասին պետք է լուծի նաև այն հարցը, թե ամբաստանյալը պատժի ենթակա է, թե ոչ, պատժի ինչ տեսակ պետք է նշանակվի, և պետք է արդյոք նա այն կրի:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ եթե կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է կայացնել որոշում այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Այդ հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում: Դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:
Ինչպես երևում է գործի տվյալներից` Ս. Ներսիսյանը նախկինում ոչնչով արատավորված չի եղել, բնութագրվել է դրական, վատառողջ է, որի պատճառով նրան անժամկետ տրվել է հաշմանդամության 2-րդ կարգ, միայնակ իրականացրել է անչափահաս զավակի խնամքը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ինչպես նրա կողմից կատարած հանցավոր արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ըստ էության չգտնելով պատասխանտվությունը ծանրացնող հանգամանքներ, դատապարտել է նրան ազատազրկման և դրամական տուգանքի ու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` պատիժը պայմանականորեն չի կիրառել` հնարավոր համարելով նրա ուղղումն առանց պատիժ կրելու:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու նրան վերոհիշյալ հոդվածներով դատապարտել ազատազրկման ու դրամական տուգանքի` պատճառաբանելով, որ Ս. Ներսիսյանը ոչ միայն չի ընդունել կատարած հանցագործություններն ու չի զղջացել դրանց համար, այլ նաև չի վերականգնել պատճառված նյութական վնասը:
Վերաքննիչ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ս. Ներսիսյանն ամբողջությամբ վերականգնել է ինչպես պետությանը, այնպես էլ տուժող Շ. Միսակյանին պատճառված նյութական վնասը, ինչը հիմնավորվել է ինչպես վճարման անդորրագրերով, այնպես էլ նոտարի կողմից հաստատված տեղեկանքով:
Այսպիսով, գործի տվյալներով հիմնավորված է, որ Ս. Ներսիսյանը նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, վատառողջ է ու 2-րդ խմբի հաշմանդամ, նրա խնամքին է գտնվում անչափահաս երեխան, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջովին վերականգնել է, և տուժողը խնդրել է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:
Նշված նկատառումներով դատարանն անհրաժեշտ է համարում բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 16-ի դատավճռին:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել:
Բեկանել Սուսաննա Սարգսի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 16-ի դատավճռին:
Սուսաննա Սարգսի Ներսիսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան |