ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2007 թվականի N 695-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ք. Երևան,
21 հունիսի, 2007 թ.
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ՆԱԽԱԲԱՆ
2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Աղքատության էական կրճատումը և անհավասարության նվազեցումը
4.2. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը
4.2.1. Արդյունավետ պետական կառավարումը
4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը
4.2.3. Կոռուպցիայի դեմ պայքարը
4.3. Տնտեսական ոլորտը
4.3.1. Տնտեսական զարգացումը
4.3.2. Գործարար և ներդրումային միջավայրը
4.3.3. Ֆինանսական միջնորդությունը
4.3.4. Բյուջետային համակարգը
4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը
4.3.6. Հեղինակային և գույքային իրավունքները
4.3.7. Տնտեսության հիմնական ճյուղերը
4.3.7.1. Արդյունաբերությունը
4.3.7.2. Գյուղատնտեսությունը
4.3.8. Արտաքին տնտեսական քաղաքականությունը
4.3.9. Սպառողների շահերի պաշտպանության համակարգը
4.3.10. Բնապահպանությունը
4.3.11. Արտադրական ենթակառուցվածքները
4.3.11.1. Վառելիքաէներգետիկ համակարգը
4.3.11.2. Ջրամատակարարումը և ջրահեռացումը
4.3.11.3. Տրանսպորտը և կապը
4.3.12. Քաղաքաշինությունը
4.4. Սոցիալական ոլորտը
4.4.1. Առողջապահությունը
4.4.2. Սոցիալական ապահովությունը և սոցիալական ապահովագրությունը
4.4.3. Կրթությունը և գիտությունը
4.4.4. Մշակույթը
4.4.5. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը
4.4.6. Երիտասարդությունը
4.4.7. Սփյուռքը
4.4.8 Միգրացիան
4.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը և անվտանգությունը
4.6. Արտաքին քաղաքականությունը
1. ՆԱԽԱԲԱՆ
Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ:
Առաջնորդվելով պետության հետևյալ երեք հիմնարար առաքելություններով`
-
երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում,
-
հասարակության յուրաքանչյուր անդամի բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում,
-
հասարակության այն անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում, որոնք օրենքով սահմանված կարգով ունեն սոցիալական ապահովության իրավունք,
կառավարության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը` ժողովրդավարական արժեքների վրա խարսխված քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը:
Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիներին իրենց արդյունավետությունն ապացուցած քաղաքական, տնտեսական և կառավարման համակարգերի շարունակական բարեփոխումների իրագործումը:
Կառավարության ծրագրի իրականացման գրավականը պետք է հանդիսանան լիարժեք փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ ակտիվ երկխոսությունը:
2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը՝ որակի անընդհատ բարձրացմամբ, շարունակում է մնալ կառավարության գործունեության հիմնական գերակայությունը՝ որպես երկրի հետագա զարգացման կարևորագույն գրավական:
Տնտեսական աճի ապահովման և նպատակային սոցիալական քաղաքականության արդյունքում արձանագրվել է աղքատության զգալի կրճատում` 56.1 տոկոսից մինչև 29.8 տոկոս (1999-2005 թթ.` շուրջ 1.9 անգամ): Այդուհանդերձ, աղքատության առկա մակարդակը և եկամուտների բաշխման անհավասարությունը շարունակում են լուրջ վտանգ հանդիսանալ երկրի կայուն զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման համար: Ու թեև կառավարության գործունեության հիմքը լինելու է տնտեսական հետագա զարգացման ռազմավարությունը, այնուհանդերձ, աղքատության հաղթահարումը կշարունակի մնալ նրա գործունեության գերակայություններից մեկը:
Տնտեսության հետագա զարգացման անհրաժեշտ գործոն դիտելով տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը` հավասար մրցակցային պայմանների ապահովումը բոլորի համար և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք ու առանց բացառությունների կիրառումը կառավարությունը համարում է իր գործունեության և սույն ծրագրի իրագործման կարևոր գերակայություններից մեկը:
Երկրում դեռևս մեծ են զարգացման տարածքային անհամաչափությունները, և տնտեսական ակտիվությունը հիմնականում կենտրոնացված է մայրաքաղաքում: Կառավարությունն իր գործունեության գերակայություններից մեկն է համարում նաև Հայաստանի Հանրապետության մարզերի տնտեսական ներդաշնակ զարգացման և տնտեսական մակարդակների համահավասարեցման քաղաքականության արդյունավետության էական բարձրացումը:
Միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի չափերի միջև խզումը հանգեցրել է աշխատող բնակչության և թոշակառուների (ներառյալ հաշմանդամները) կենսամակարդակների մեծ տարբերության: Սոցիալական կենսաթոշակների և նպաստների չափերը շարունակում են ցածր մնալ և չեն երաշխավորում պետության հոգածության կարիքն ունեցող մարդկանց բարեկեցության նվազագույն աստիճանը: Ընտանեկան նպաստների համակարգը, որպես ծայրահեղ աղքատության հաղթահարման արդյունավետ գործիք, կարիք ունի վերափոխման` ընդհանուր աղքատության կրճատման խնդիրների լուծման և կայուն ընտանիքների ձևավորմանն օժանդակելու համար: Կարևորելով հասցեական և արդյունավետ սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը` բնակչության բարեկեցության հետևողական բարձրացումը, ժողովրդագրական վիճակի բարելավումը, սոցիալական հիմնախնդիրների համալիր լուծումը շարունակելու են մնալ կառավարության գերակայությունների շարքում:
Կառավարությունը ժողովրդագրական ակտիվ քաղաքականությունը համարում է իր գործունեության գերակայությունը, ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչը, իսկ ընտանիքը` պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Այս քաղաքականությունը կիրականացվի ռազմավարական փաստաթղթերով, որոնք կառավարությունը մտադիր է հաստատել 2008 թվականին: Նշված քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանիքի ամրապնդմանը, ծնելիության մակարդակի աճին, մայրության և մանկության պաշտպանությանը, մահացության մակարդակի նվազեցմանը, կյանքի տևողության ավելացմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը:
Տնտեսական աճի բարձր տեմպերի շարունակականության ապահովման և քաղաքացիական հասարակության կայացման գրավական համարելով մարդկային ներուժի զարգացումը` կառավարությունը շարունակելու է այն համարել հիմնական գերակայություններից մեկը, որը պետք է նոր խթան ստանա` ապահովելու համար հետևյալ հիմնահարցերի լուծումը`
-
կրթության որակի էական բարելավում և կրթության (այդ թվում` բարձրագույն կրթության) մատչելիության աճ` բնակչության անապահով խմբերի համար,
-
կյանքի բավարար որակի ու միջին տևողության աճի ապահովում՝ առողջապահական ու հիմնական կենսական ծառայությունների (խմելու ջուր, կոյուղի, ջեռուցում և այլն) որակի և համընդհանուր մատչելիության էական բարձրացմամբ, բնապահպանական անհրաժեշտ քաղաքականության իրականացմամբ,
-
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնում, այդ ծառայությունների որակի բարելավում և մատչելիության ապահովում:
Պետական կառավարման համակարգի բարեփոխումները բացառիկ նշանակություն ունեն Հայաստանը մրցունակ, ազատական տնտեսավարման սկզբունքների վրա խարսխված, միջազգային չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական երկիր դարձնելու գործում: Շարունակաբար հիմնական գերակայություններից մեկը հանդիսացող այս ոլորտի լիարժեք կայացման համար կառավարությունն առաջիկա 5 տարվա համար անհրաժեշտ է համարում`
-
պետական կառավարման ինստիտուտների գործունեության բարձր արդյունավետության, վերահսկելիության և թափանցիկության ապահովումը,
-
հասարակության առջև հաշվետու լինելու մակարդակի էական բարձրացումը, պետական ու մասնավոր հատվածների համագործակցության զգալի խորացումը,
-
օրենսդրության կայունության սկզբունքի վրա տնտեսության մեջ պետության կարգավորիչ գործառույթների շարունակական հստակեցումը:
Պետական միջոցների կառավարման ոլորտում գերակայությունը տրվելու է միասնական պետական գանձապետական համակարգի միջոցով պետական ունեցվածքի կառավարման և պետական ծախսերի արդյունավետության ու դրանց թափանցիկության շարունակական բարելավմանը, ինչպես նաև պետական եկամուտների մեծացմանը՝ առանց հարկային բեռի ավելացման:
Կառավարությունն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը: Կոռուպցիայի համար պարարտ հող ստեղծող նախապայմանների առկայությունն սպառնում է ինչպես տնտեսական բարեփոխումներին, այնպես էլ հասարակական և քաղաքական կայունությանը: Կառավարությունը համակարգված քայլեր է ձեռնարկելու դրանք վերացնելու ուղղությամբ:
Կառավարման համակարգի զարգացման տեսակետից առանձնահատուկ կարևորություն ունի տեղական ինքնակառավարման համակարգի արդիականացումն ու կայացումը` սահմանադրական փոփոխությունների հիմքի վրա: Լիարժեք տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումն ու կայացումն անհրաժեշտ պայման են տարածքային անհամամասնությունների հաղթահարման և մարզերի զարգացման համար:
Կառավարության հիմնարար գերակայությունը շարունակում են մնալ պաշտպանության, հասարակական կարգի և երկրի անվտանգության հետ կապված հարցերը` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության:
3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն ծրագրի իրականացմամբ` կառավարությունը 2007-2012 թվականների ընթացքում ակնկալում է հետևյալ հիմնական արդյունքները՝
-
համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ,
-
ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,
-
տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում,
-
ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ,
-
պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3-0.4 տոկոսային կետի չափով,
-
աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,
-
կենսաթոշակների մակարդակի ամենամյա բարձրացում` 2012 թվականին աղքատության ընդհանուր գիծը 1.5 անգամ գերազանցող միջին կենսաթոշակի ապահովմամբ,
-
սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգի ֆինանսավորման աճ՝ մինչև համախառն ներքին արդյունքի 6.2 տոկոսը,
-
առողջապահության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ՝ մինչև համախառն ներքին արդյունքի 2.2 տոկոսը,
-
կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ՝ մինչև համախառն ներքին արդյունքի 3.5 տոկոսը:
4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Աղքատության էական կրճատումը և անհավասարության նվազեցումը
1999-2005 թվականների ընթացքում բարձր տնտեսական աճի և նպատակային սոցիալական քաղաքականության արդյունքում գրեթե երկու անգամ կրճատվել է աղքատության մակարդակը` 56.1 տոկոսից մինչև 29.8 տոկոս: Այդ ընթացքում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է մոտ 4.6 անգամ` 21 տոկոսից հասնելով մինչև 4.6 տոկոսի: Էականորեն կրճատվել է նաև անհավասարությունը` եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը 0.597-ից հասնելով 0.359-ի: Աղքատության հաղթահարման ընթացքն ու միտումները նշված են աղյուսակում:
Աղյուսակ. Աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշները
1999 թ. | 2005 թ*. | 2010 թ. | 2012 թ. | |
Աղքատության ընդհանուր մակարդակը (տոկոս) | 56.1 | 29.8 | 13.6 | 11.2 |
այդ թվում` | ||||
քաղ. Երևան | 58.4 | 23.9 | 8.2 | 6.4 |
այլ քաղաքներ | 65.5 | 37.8 | 18.5 | 15.1 |
գյուղական բնակավայրեր | 48.2 | 28.3 | 14.2 | 12.0 |
Ծայրահեղ աղքատության մակարդակ (տոկոս) | 21.0 | 4.6 | 1.9 | 1.6 |
այդ թվում` | ||||
քաղ. Երևան | 24.8 | 3.6 | 1.0 | 0.8 |
այլ քաղաքներ | 27.4 | 7.2 | 2.8 | 2.3 |
գյուղական բնակավայրեր | 14.1 | 3.2 | 1.9 | 1.7 |
*Աղյուսակում ներկայացված են 2005 թվականի փաստացի արդյունքները` հաշվի առնելով, որ 2006 թվականի տնային
տնտեսությունների հետազոտության արդյունքները դեռևս հրապարակված չեն:
Այդուհանդերձ, կառավարությունը բարձր է համարում 29.8 տոկոս աղքատության մակարդակը: Դրա էական կրճատումը դիտարկում է որպես իր գործունեության հիմնական նպատակներից մեկը: Կառավարությունը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, կշարունակի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման գործընթացը և 2007 թվականին կհաստատի 2008-2015 թվականների Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը` համարելով այն որպես պետության կայուն և անվտանգ զարգացման ռազմավարության կարևորագույն բաղադրիչ:
4.2. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը
4.2.1. Արդյունավետ պետական կառավարումը
Կառավարության ծրագրի իրականացման հաջողությունը մեծապես պայմանավորված է պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության հետագա բարձրացմամբ: Այդ նպատակով նախատեսվում են`
-
ընդլայնել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու համակարգի վերաբերյալ իրազեկվածությունը, բարելավել պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկությունը,
-
ստեղծել նյութատեխնիկական և աշխատանքային անհրաժեշտ պայմաններ` անկախ վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար,
-
բարձրացնել պետական համակարգի ռազմավարական կառավարման ներուժը` ընթացիկ կառավարման գործառույթները փուլ առ փուլ պատվիրակելով տեղական ինքնակառավարման մարմիններին,
-
սահմանել համակարգի աշխատողների վարքագծի կանոններ և պատասխանատվություն` խախտումների ու անհարկի խոչընդոտների ստեղծման համար:
Կառավարությունը, պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով, մտադիր է զգալիորեն ավելացնել համակարգում աշխատելու լեգիտիմ (օրինական) գրավչությունը` աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին` միջնաժամկետ հատվածում ձեռնպահ մնալով աշխատողների թվի ավելացումից:
Կառավարությունը շարունակելու է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ձևավորմանն ու ներդրմանն ուղղված աշխատանքները:
Պետական կառավարման բնագավառին ուղղվող ֆինանսավորման ծավալներն ընդլայնվելու են պետական կառույցների աշխատողների որակավորման բարձրացման և որոշումների նախապատրաստման, ընդունման ու իրագործման արդյունավետ ընթացակարգերի կիրառման ուղղությամբ: Մասնավորապես, կառավարությունը շարունակելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները` առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության և վերահսկելիության ավելացման առումով:
Կառավարությունը նախատեսում է շարունակել պետական կառավարմանը ոչ հատուկ գործառույթներից հրաժարվելու գործընթացները` հաշվի առնելով միջազգային փորձը:
Պետական կառավարման համակարգի բարեփոխումներում կառավարությունը մեծապես կարևորում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացումը` սահմանադրական փոփոխությունների հիման վրա` նպատակ ունենալով`
-
մշակել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել նոր քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքեր,
-
ստեղծել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված նոր մասնագիտացված դատարաններ, ապահովել դրանց շենքային, ֆինանսական և նյութատեխնիկական բազան,
-
տեղափոխել դատախազության համակարգից քննչական մարմինն այլ պետական կառավարման մարմիններ,
-
ապահովել նոր քննչական մարմինները` նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով:
Թեև 2007 թվականի մայիսի 12-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները միջազգային կազմակերպությունները համարել են լավագույնը Հայաստանի անկախության վերականգնումից հետո և, ընդհանուր առմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, սակայն կառավարությունը կարևոր է համարում քննարկել միջազգային դիտորդների կողմից նշված խնդիրները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացի հետագա բարելավման համար:
Կառավարությունը պետական կառավարման գերակայություններից է համարում հանրային ծառայության բնագավառը կանոնակարգող օրենսդրության մշակումը և համակարգի կայացումը, ինչպես նաև որակյալ հանրային ծառայության համակարգի կայացման նպատակով հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության մշակումն ու իրականացումը:
Կառավարությունը քայլեր կձեռնարկի պետական և մասնավոր հատվածներում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորման և այն միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու, մասնավորապես, կապիտալի շուկաների զարգացման միջոցով օտարերկրյա ներդրումների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:
4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը
Այս ոլորտում սահմանադրական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների արդյունքում հստակորեն սահմանազատվելու են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, մշակվելու և կիրառվելու են ընդլայնված լիազորություններով օժտված ավագանու և համայնքի պաշտպանված ղեկավարի համագործակցության, հակակշիռների ու զսպումների լիարժեք մեխանիզմներ:
Սահմանադրական բարեփոխումների տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների հստակեցումը և սահմանումը:
Կբարձրացվի համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետությունը: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները` տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը: Կձեռնարկվեն քայլեր, որոնք կապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամտային մասի շարունակական աճը: Աշխատանքներ կիրականացվեն տարածքային անհամամասնությունների նվազեցման և համապատասխան ծառայությունների մատչելիության ավելացման ուղղությամբ:
Մասնավորապես՝
-
տարածքային կառավարման մարմինների գործառույթների և կարողությունների բարելավում, կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, թափանցիկության բարձրացում,
-
տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների և ունակությունների բարձրացում,
-
համայնքների համար տեղեկատվական միացյալ բանկի ստեղծում:
Կշարունակվեն աշխատանքները միջհամայնքային միավորումների ստեղծմանն աջակցելու համար, և գործնական քայլեր կկատարվեն համայնքների խոշորացման ուղղությամբ:
Կառավարությունը նախատեսում է միջոցառումներ իրականացնել համայնքային ենթակառուցվածքների զարգացման (ճանապարհներ, ջրամատակարարում) ուղղությամբ:
4.2.3. Կոռուպցիայի դեմ պայքարը
Կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանալու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի և հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է հանդիսանալու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը:
Կառավարությունն ապահովելու է 2003-2007 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ձեռքբերումների, սահմանված սկզբունքների կենսագործման շարունակականությունը. այն է` կոռուպցիայի կանխարգելումը, օրենսդրական դաշտի կատարելագործման բարելավումը, ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների զարգացումը, հակակոռուպցիոն պայքարի միջազգային կազմակերպություններին անդամակցումը և միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը:
Կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության արդյունքում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը:
Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հիմնական խնդիրներից է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակումը, որը միտված է լինելու`
մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը,
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը,
կոռուպցիայի դեմ պայքարի մասին հասարակությանն իրազեկմանը,
կոռուպցիայի դեմ պայքարին քաղաքացիական հասարակության ներգրավմանը և այդ գործընթացում նրա ակտիվության բարձրացմանը,
պետական կառավարման համակարգի կատարելագործմանը,
պետական կառավարմանը հասարակության մասնակցության արդյունավետության բարձրացմանը,
օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը,
տնտեսավարողների համար հավասար մրցակցային դաշտի ձևավորմանն ու ստվերային տնտեսության կրճատմանը:
Կառավարությունը հետամուտ է լինելու հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների նոր ծրագրում «Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ» կազմակերպությանը և «Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսություններով երկրների հակակոռուպցիոն ցանցին» Հայաստանի Հանրապետության անդամակցությունից բխող պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև դրանցից բխող իրավական ակտերի ընդունմանը:
4.3. Տնտեսական ոլորտը
4.3.1. Տնտեսական զարգացումը
Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը
2001-2006 թվականներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը (միջինը` 13 տոկոս) ամենաբարձրերից են աշխարհում, ինչը հնարավորություն է ընձեռել այդ ժամանակահատվածում կրկնապատկելու մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը:
2007-2012 թվականներին կառավարության քաղաքականությունը կուղղվի տնտեսական աճի բարձր տեմպերի շարունակական ապահովմանը: Այդ ընթացքում նախատեսվում է ապահովել համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ: Նշված աճի տեմպերը Հայաստանին հնարավորություն կտան 2009 թվականի վերջին տեղափոխվելու միջին եկամուտ ունեցող երկրների խումբ:
Կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարևորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը: Այդ նպատակով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Միաժամանակ, կառավարությունը տնտեսական զարգացման հաջողությունների կարևոր նախապայմաններից է համարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուսալի և կանխատեսելի դրամավարկային քաղաքականության իրականացումը:
Կառավարությունը տնտեսության տևական կայուն զարգացման գրավականն է համարում երկրի մրցունակության բարձրացումը: Այդ նպատակով 2007-2012 թվականներին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը կլինի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հաշվին արտադրական կարողությունների ընդլայնումը և արտահանման խթանումը:
Այդ առումով կառավարությունը կարևորում է`
-
Հայաստանի, որպես ներդրումների, գործարարության և զբոսաշրջության համար բարենպաստ և անվտանգ միջավայր, միջազգային վարկի ձևավորումը,
-
գործարար միջավայրի շարունակական բարելավումը, ներդրումների ներգրավման ակտիվ քաղաքականությունը,
-
ազատ մրցակցության, նոր տեխնոլոգիաների ներդրման և աշխատանքի արտադրողականության աճի խրախուսումը,
-
ֆինանսական միջնորդության էական ավելացումը,
-
ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների, աշխարհագրության և անվանացանկի բազմազանության աճի խրախուսումը,
-
նորամուծական համակարգի և տեղեկատվական հասարակության վերջնական ձևավորումը:
Զբաղվածությունը, աշխատանքի արտադրողականությունը և եկամուտները
Կառավարության քաղաքականությունն այս ոլորտում ուղղված է լինելու զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականացմանը, արդյունավետ և կայուն աշխատաշուկայի ձևավորմանը, գործազրկության նվազեցմանն ու զբաղվածության, առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքի ու կատարած աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության ապահովմանը:
Վերջին տարիներին արձանագրված տնտեսական զարգացումները զուգակցվել են գյուղատնտեսության մեջ զբաղվածության մակարդակի կայունացմամբ և ոչ գյուղատնտեսական զբաղվածության կրճատմամբ: Միևնույն ժամանակ, 2005 թվականից երկրում նկատվում են ոչ գյուղատնտեսական զբաղվածության աճի միտումներ, և տեսանելի են զբաղվածության ընդլայնման խնդրի լուծման հնարավորություններ:
Այդ կապակցությամբ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնականում ուղղված կլինի ներդրումների խրախուսմանն ու գործարար և ներդրումային միջավայրերի հետագա բարելավմանը, ինչպես նաև գործարարության ընթացակարգերի պարզեցմանը: Արդյունքում ակնկալվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ծավալների ավելացում մոտ 105 հազ. աշխատատեղով կամ տարեկան միջին մոտ 2.4 տոկոսով, ընդ որում, նոր աշխատատեղերի մեծ մասը կստեղծվի Երևանից դուրս:
Կառավարությունը ծրագրում է առաջիկա հինգ տարիների տնտեսական աճի մոտ 30 տոկոսով ձևավորում զբաղվածության, իսկ մնացած մասով՝ աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: Արդյունքում սպասվում է աշխատանքի արտադրողականության մոտ 7 տոկոս միջին տարեկան աճ:
Տարածքային անհամաչափ զարգացման համահարթեցումը
Ներկայումս նկատվում է տնտեսական ակտիվության զգալի կենտրոնացում Երևանում, որտեղ ապահովվել է արդյունաբերական արտադրանքի ընդհանուր արտադրության կեսը, շինարարության ընդհանուր ծավալների, առևտրի շրջանառության ու տրանսպորտի և կապի ծառայությունների 80 տոկոսից ավելին: Մյուս կողմից, ամենաարագ աճող ճյուղերի և դրանցում կատարվող ներդրումների, հատկապես մասնավոր ներդրումների նմանօրինակ և ուժեղացող կենտրոնացումը Երևանում հանգեցրել է մայրաքաղաքի և այլ քաղաքային ու գյուղական բնակավայրերի միջև տնտեսական ակտիվության մեծ խզվածության: Կառավարությունը գիտակցում է, որ առանց ակտիվ պետական տարածքային քաղաքականության հնարավոր չէ ապահովել տնտեսական ակտիվության համաչափ բաշխում: Այդ նպատակով նախատեսվում են իրականացնել Հայաստանի այլ քաղաքների զարգացման տեմպերի կտրուկ արագացմանը և ներդրումային ակտիվության էական աճին նպատակաուղղված միջոցառումներ, որոնք կներառեն ազգային ծրագրերի ստեղծումը, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ուժեղացումը՝ միջհամայնքային միավորումների ստեղծման միջոցով, պետական-մասնավոր հատվածների գործընկերության խրախուսումը: Կառավարությունը նախատեսում է այդ գործիքների համակարգված կիրառությունը և փորձարկումն սկսել Գյումրի քաղաքից` հետագայում այդ փորձը տարածելով հանրապետության այլ քաղաքների վրա:
Կառավարությունը մտադիր է բարձրացնել մարզերում ֆինանսների, ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման տեղայնացման աստիճանը:
4.3.2. Գործարար և ներդրումային միջավայրը
Բարձր տնտեսական աճ ապահովելուն ուղղված` կառավարության քաղաքականության հիմքն է լինելու գործարար միջավայրի որակական բարելավումը: Վերջին տարիներին հայաստանյան գործարար միջավայրը, ըստ միջազգայնորեն ընդունված հայտանիշերի, գնահատվում է որպես հիմնականում բարենպաստ: Այդուհանդերձ, աշխարհում Հայաստանը գործարար միջավայրի որակը բնութագրող մի շարք կարևոր ցուցանիշներով դեռևս չի համարվում բավականաչափ մրցունակ: Մասնավորապես, դա վերաբերում է վարկային ռեսուրսների մատչելիությանը, ներդրումների պաշտպանվածությանը, հարկերի վճարման ընթացակարգերի դյուրինությանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և ստվերային տնտեսության ծավալներին: Կառավարությունն առաջնային ուշադրություն կդարձնի այդ ցուցանիշների բարելավմանը` ձգտելով էականորեն բարձրացնել երկրի մրցունակությունը: 2007 թվականի վերջին կառավարությունը միջազգայնորեն ընդունված բնութագրիչների հիման վրա կսահմանի այդ ցուցանիշների նպատակային արժեքները` մշակելով դրանց հասնելու հստակ ռազմավարություն և միջոցառումների ցանկ:
Կառավարությունը կարևորում է նաև գործարար-էթիկայի կանոնների և ստանդարտների ներդրմանն ուղղված քաղաքականության շարունակական իրականացումը:
Կառավարությունը հատկապես մեծ ուշադրություն կդարձնի ներքին խնայողությունների ձևավորմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը` հաշվի առնելով դրանց առանցքային նշանակությունը բարձր տեմպերով կայուն տնտեսական աճի ապահովման գործում:
Կառավարությունը մտադիր է նեդրումների տոկոսային հարաբերությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանել առնվազն 27-30 տոկոսի սահմաններում, որը բավարար կլինի տարեկան 8-10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար: Կապիտալ ներդրումների պահանջվող ծավալները կապահովվեն հատկապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ առանձին դեպքերում (մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների պարագայում)` պետական-մասնավոր հատվածների գործընկերության հիման վրա:
Ներքին և արտաքին ներդրումների ներգրավման նպատակով կշարունակվի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության գերակայություն հանդիսանալ ներդրումների ներգրավման ակտիվ քաղաքականության վարումը, որի իրականացման հիմնական արգելքներն են Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխման և պաշտոնական մեկնաբանությունների անկանխատեսելիությունը, դատական համակարգի նկատմամբ անբավարար վստահությունը, ֆինանսական միջնորդության ցածր մակարդակը, հարկային և մաքսային վարչարարության անբավարար որակը: Նշված արգելքների վերացման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով կառավարությունը կակտիվացնի Զարգացման հայկական գործակալության և Գործարարության աջակցության խորհրդի աշխատանքները և կբարձրացնի դրանց գործունեության արդյունավետությունը` զուգահեռաբար բացահայտելով լիարժեք մրցակցային միջավայրի ապահովման խոչընդոտները և օրենքի անվերապահ կիրառման դժվարությունները:
4.3.3. Ֆինանսական միջնորդությունը
Ֆինանսական միջնորդությունը դեռևս փոքր է և լիարժեք չի իրականացնում աճող ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու իր հիմնական առաքելությունը` չնայած տնտեսական աճի նկատմամբ վերջին 3 տարվա բանկային համակարգի առաջանցիկ աճին (2006 թվականին բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալը կազմել է համախառն ներքին արդյունքի նկատմամբ 9.8 տոկոս` 2003 թվականի 6.6 տոկոսի համեմատությամբ): Այդ առումով կառավարությունն աջակցելու է ֆինանսական համակարգի արագ ընդլայնմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությանը, այդ թվում՝ հիփոթեքային և սպառողական վարկերի ավելացմանը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության և բանկերի հուսալիության աստիճանի բարձրացմանը և տոկոսադրույքների նվազեցմանը, համապատասխան համակարգերի (ավանդների երաշխավորման հիմնադրամ, վարկային բյուրոներ, հիփոթեքային համակարգեր և այլն) ընդլայնմանը և զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի շուկայում հեղինակավոր օտարերկրյա բանկերի հետագա ներգրավմանը:
Կառավարությունը կարևորում է նաև ոչ բանկային վարկային և ապահովագրական կազմակերպությունների աճի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քաղաքականությունը` գիտակցելով այդ ոլորտների զարգացման կարևորությունը` ներդրումների ծավալի և բազմազանության աստիճանի համար:
Միաժամանակ կառավարությունը մտադիր է էականորեն ակտիվացնել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամի աշխատանքները՝ փոքր և միջին գործարարների համար ֆինանսական ռեսուրսներն ավելի մատչելի դարձնելու համար:
Կառավարությունը, որպես ֆինանսական համակարգի ընդլայնման մեխանիզմ, կարևորում է նաև լիզինգային գործիքների ներդրման և կատարելագործման քաղաքականության մշակումը և իրականացումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառույթները վերանայելու և ֆինանսական վերահսկողության գործառույթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից առանձնացնելու նպատակով վերջինիս կառուցվածքային բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ստեղծել միասնական վերահսկողության անկախ մարմին, որը կիրականացնի ֆինանսական համակարգի մասնակիցների լիցենզավորում, վերահսկողություն և գործունեության կարգավորում: Միավորված կարգավորումը և վերահսկողությունը կոչված են ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ, և պաշտպանելու ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը:
Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա` կառավարությունը տեսնում է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հեռանկարը:
Կառավարությունը կմշակի երկրում պարտադիր ապահովագրության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգերի աստիճանական ներդրման ծրագիր:
4.3.4. Բյուջետային համակարգը
Միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծրագրերը սերտորեն կշաղկապվեն կառավարության երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ:
Կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր խնդիր է համարում պետական եկամուտների կանխատեսելիությունը, որի լուծումը հնարավորություն կտա ավելի լավ գնահատելու բյուջետային ծախսերի իրատեսական ծավալները:
2007-2012 թվականներին պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը կլինի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով` առանց հարկային դրույքաչափերի ավելացման:
Կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ներքին ռեսուրսներով ապահովվածությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածությունը: Պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է ներքին պարտքի և բացառապես արտոնյալ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին: Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:
Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատելիս կառավարությունն առաջնորդվելու է հետևյալ երեք սկզբունքով`
-
Համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված: Այն պետք է ձևավորվի մինչև, ըստ առանձին ուղղությունների, ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց փաստացի կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում.
-
Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին: Պետք է հնարավորություն ընձեռվի իրականացնելու միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում՝ նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը.
-
Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ:
Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, և ընդլայնվելու է դրանց ընդգրկվածությունը: Անհրաժեշտ է զարգացնել համայնքների կարողությունները և ունակությունները բազմամյա կապիտալ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ, բարելավել համայնքների բյուջետավորման գործընթացը՝ ներդնելով համայնքների ծրագրային բյուջետավորման համակարգ:
Բյուջետային համակարգի արդյունավետության բարձրացման առումով մեծ դեր է վերապահվելու պետական գնումների համակարգի և հատկապես էլեկտրոնային գնումների համակարգի կիրառման ընդլայնմանը և գործընթացի թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև գանձապետական համակարգի հետագա կատարելագործմանը։
Կառավարությունը միջոցներ կձեռնարկի բյուջետային գործընթացների թափանցիկության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության աստիճանն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Հատուկ կարևորվում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատվության բարձրացումը:
4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը
Կառավարությունը կարևորում է հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործումը` հետագա տնտեսական աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով: Միաժամանակ հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը պետք է ապահովի հարկային և մաքսային օրենսդրության պահանջների համահավասար և անվերապահ կիրառումը:
Առաջիկա 5 տարվա հարկային համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններն են`
-
հարկային օրենսդրության պարզեցումը և պահանջների հստակեցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ առկա անհստակությունները և երկիմաստությունները վերացնելու միջոցով,
-
հարկման բազայի ընդլայնումը և հարկային բեռի հավասարաչափ բաշխումը, ինչը կիրագործվի հատկապես տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ մասի կրճատման միջոցով և նոր հարկային արտոնություններ չսահմանելով,
-
հարկման մեխանիզմների կատարելագործումը` վերացնելով հարկումից խուսափելու օրենսդրական սողանցքները, ինչպես նաև պարզեցնելով և հստակեցնելով իրավական նորմերը,
-
գործունեության առանձին տեսակների համար սահմանված հարկման այլընտրանքային համակարգերի փոխարինումը հարկման ընդհանուր համակարգով,
-
արտոնությունների առավելագույն կրճատումը, առանձին ոլորտների, գործունեության առանձին տեսակների, առանձին ձեռնարկությունների համար որևէ բնույթի հարկային արտոնությունների բացառումը,
-
հարկային վարչարարության շարունակական բարելավումը:
Այդ նպատակով կառավարությունը 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը:
Կառավարությունը նախատեսում է հասնել հարկային եկամուտների անհրաժեշտ մակարդակին` հատկապես հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով: Այս ուղղությամբ կկարևորվեն տնտեսական գործունեության ստվերային մասի կրճատմանն ուղղված միջոցառումները` դրանով իսկ ամրապնդելով գործունեության համահավասար պայմաններ: Այն կիրականացվի ստուգումների գործընթացի արդյունավետության բարձրացման, ապօրինի և ստվերային տնտեսական գործունեության բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ուժեղացման և պատասխանատվության խստացման մեխանիզմների հետևողական իրագործմամբ:
Կառավարությունը կարևորում է նաև հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները:
Կառավարությունը ծրագրում է ներդնել հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգը` հնարավորինս նվազեցնելով պաշտոնյաների և գործարարների ուղղակի շփումները:
Անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն հարկ վճարողներին հարկային գերավճարների, հատկապես, արտահանող ընկերություններին ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ:
Կառավարությունն արդիականացնելու է նաև մաքսային համակարգը` մաքսային օրենսդրության և մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության, մաքսային համակարգում ինքնահայտարարագրման մեխանիզմի կիրառման ընդլայնման և դրա հետ կապված միջոցառումների իրագործման, մաքսատների կարողությունների զարգացման, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման միջոցների կատարելագործման ուղղությամբ:
Կառավարությունը բարելավելու է հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև այդ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմները` ստեղծելով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման գործուն տեղեկատվական համակարգ:
4.3.6. Հեղինակային և գույքային իրավունքները
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պաշտպանության համար: Այդ առումով նախատեսվում է կատարելագործել ոլորտի օրենսդրությունը:
Դա կնպաստի հնարավորինս կարճ ժամկետում և համեմատաբար քիչ ծախսերով գյուտարարների և կազմակերպությունների համապատասխան իրավունքների գրանցմանը՝ ապահովելով դրանց պաշտպանությունը:
Կառավարությունը նախատեսում է նաև ընդլայնել գյուտարարներին ցուցաբերվող աջակցությունը: Մասնավորապես, կիրականացվեն խորհրդատվական-ուսուցողական ծրագրեր` նոր տեխնոլոգիաների ստեղծումը և օգտագործումը խրախուսելու համար: Կշարունակվեն գիտության և տեխնիկայի նվաճումներին վերաբերող տեղեկատվությունը գյուտարարների, փոքր և միջին ձեռնարկությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքները:
Հեղինակային իրավունքի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղվելու է ազգային մշակույթի և արվեստի զարգացման խթանմանը, որի համար կշարունակվի հետևողական պայքարը բացահայտ խախտումների (պիրատության) դեմ:
Կարևորելով հեղինակների կողմից ստեղծված իրենց իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերը` օրենքով կհստակեցվեն դրանց գործունեության հիմնական սկզբունքները։
Որպես մտավոր սեփականության արդյունավետ պահպանության կարևոր մեխանիզմ` նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել մտավոր սեփականության գնահատման համակարգ:
Առաջիկա տարիներին անշարժ գույքի միասնական կադաստրի վարման համակարգի արդյունավետ կառավարման ապահովման նպատակով իրականացվելու են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների իրական ժամանակում գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: Ներդրվելու է գրանցման ավտոմատացված համակարգը և ապահովվելու են արտաքին օգտագործողների համար դրա հասանելիությունը և մատչելիությունը: Աշխատանքներ են տարվելու հողաշինարարության և հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանման, պետական ֆոնդի հողերի վերաբաշխման կազմակերպման ուղղությամբ: Կկատարելագործվեն պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման և օգտագործման տրամադրման հրապարակային սակարկությունների մեխանիզմները: Աջակցություն կցուցաբերվի հողերի միավորման ծրագրերին և հողի շուկայի ձևավորմանը:
Բարձրացվելու է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետությունը: Շարունակվելու են պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների (տեղագրական, կադաստրային) թվային ֆոնդի ստեղծմանը և թարմացմանն ուղղված աշխատանքները` հիմնված նորագույն` արբանյակային, օդային և վերգետնյա հանութային տեխնոլոգիաների վրա: Շարունակվելու են արբանյակային տեխնոլոգիաների հիման վրա պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցի արդիականացման, աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները: Զգալի ուշադրության են արժանանալու թեմատիկ քարտեզագրության, ուսումնական և պատմական այլ քարտեզների ստեղծման աշխատանքները:
Կառավարությունն աջակցելու է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Այդ շուկայի համաչափ զարգացման համար կկարևորվեն անշարժ գույքի աճող պահանջարկի և առաջարկի գնահատումը, դրանց առանձնահատկությունները: Գնահատվելու են նաև շինարարության բնագավառում առկա կարողությունները և մշակվելու է դրանց ընդլայնմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Աշխատանքներ են տարվելու նաև շարժական գույքի գրավի, ֆինանսական վարձակալության (լիզինգի) գրանցման մեխանիզմների պարզեցման ուղղությամբ:
Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի սեփականության իրավունքի պաշտպանությանը:
4.3.7. Տնտեսության հիմնական ճյուղերը
4.3.7.1. Արդյունաբերությունը
Տնտեսության արդյունավետ ճյուղային կառուցվածքը երկարաժամկետ և հաստատուն տնտեսական աճի նախադրյալներից է: Այդ առումով կարևորվում են տնտեսական աճի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի մեծացումը և արդյունաբերական երկրի կարգավիճակի ձեռքբերման ուղղությամբ առաջընթացը: Այդ նպատակով կառավարությունն անհրաժեշտ է համարում արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերական քաղաքականության իրականացումը: Կառավարությունը կնպաստի արդյունաբերության նոր` տեխնոլոգիական առումով առաջատար բնագավառների զարգացմանը, բարենպաստ պայմաններ կապահովի արդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման համար:
Կառավարությունը կարևորում է այն ճյուղերի և արտադրությունների զարգացումը, որոնց բնորոշ է մրցունակ, ավելացված արժեքի մեծ բաղադրատարր պարունակող և արտահանմանը միտված արդյունքների արտադրությունը: Ընդ որում, առաջնային է համարվելու ներքին ռեսուրսների վերամշակման հետ կապված մրցունակ արտադրություններին օժանդակությունը: Աշխատանքներ են տարվելու գիտության և նորարարության արդյունքներն արդյունաբերության մեջ ներդնելու ուղղությամբ:
Հանրապետությունում առկա տեխնոլոգիական հնարավորությունների և բնական պաշարների առավել նպատակային օգտագործման տեսանկյունից հատկապես կարևորվում է քիմիական և հանքարդյունաբերական համալիրների համակարգային զարգացման ծրագրերի իրականացումը:
Արդյունաբերության բնագավառում առաջնահերթ գերակայությունը լեռնամետալուրգիայի զարգացումն է, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության առաջավոր ճյուղերից մեկը, զգալիորեն կնպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը: Ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, որի օգտագործման համար անհրաժեշտ է բարելավել վարչարարական և օրենսդրական պայմանները՝ դրանք դարձնելով զարգացման համար առավել բարենպաստ:
Ոլորտի կարգավորման և դրա թափանցիկության նպատակով կատարվել են զգալի աշխատանքներ՝ ներառյալ հանքերի օգտագործման լիցենզավորման գործընթացների հստակեցումը և հրապարակայնության ապահովումը: Այդուհանդերձ, միջոցներ կձեռնարկվեն ոլորտին առնչվող պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ու իրավասությունների հստակեցման համար, ինչը կնպաստի ոլորտում հաշվետվության կատարելագործմանը և զարգացման առավել բարձր տեմպերի ապահովմանը:
Այդ առումով կարևորվում են`
-
օրենսդրական մի շարք հակասությունների վերացումը՝ ոլորտում ներդրումների ներգրավման առավել գրավիչ օրենսդրական դաշտ ապահովելու համար,
-
հանքարդյունահանման և վերամշակման արդյունավետության բարձրացմանն ու ծավալների ավելացմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացումը,
-
երկրաբանական հետախուզության ծավալների ավելացումը՝ ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը,
-
վերամշակման խորացումը՝ նպատակ ունենալով այն հասցնելու վերջնական արտադրանքի թողարկման, ներճյուղային կոոպերացիայի զարգացմանը նպաստելը:
Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դերը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունը պահպանելու գործոն` կառավարությունն ուշադրության կենտրոնում կպահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրման, ինչպես նաև երկրում «էլեկտրոնային հասարակության» ձևավորման խնդիրները:
4.3.7.2. Գյուղատնտեսությունը
Գյուղատնտեսության ճյուղն առանցքային է երկրի տնտեսության մեջ` ապահովելով համախառն ներքին արդյունքի շուրջ 18 տոկոսը և տնտեսության մեջ զբաղվածության 45 տոկոսը:
Վերջին տարիներին այս ճյուղի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում շարունակաբար նվազում է` հիմնականում պայմանավորված այլ ճյուղերի, մասնավորապես, շինարարության և առևտրի զարգացման առաջանցիկ տեմպերով, այսուհանդերձ, ճյուղի տեսակարար կշիռը տնտեսության մեջ կմնա զգալի` 2012 թվականին ապահովելով համախառն ներքին արդյունքի շուրջ 14 տոկոսը:
Նկատի ունենալով ճյուղի առանձնահատկությունները` կառավարությունը նախատեսում է վարել հավասարակշռված քաղաքականություն, մի կողմից` մասնավոր և պետական ներդրումների զուգորդմամբ` նպաստելով ճյուղում աշխատանքի արտադրողականության աճին, իսկ մյուս կողմից` պետական նպատակային աջակցություն ցուցաբերելով ոլորտի ապրանքարտադրող փոքր ձեռնարկություններին:
Հետևողական աշխատանքներ կիրականացվեն գյուղատնտեսության վարկավորման բնագավառում առկա խոչընդոտների վերացման և փոխառու ֆինանսական միջոցների մատչելիության ավելացման, բնակլիմայական ռիսկերից պետության և գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների կողմից համաֆինանսավորման սկզբունքով կազմավորվող ապահովագրական համակարգի ներդրման նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
Կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի և կնպաստի տեղական գյուղատնտեսական ապրանքարտադրողների մրցունակության և հանրապետության պարենային անվտանգության բարձրացմանը:
Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը՝ կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի համապատասխան որակյալ կադրերի պատրաստման խնդրին:
Կառավարությունը կշարունակի և որոշակի առումով կընդլայնի բնագավառի ֆինանսական աջակցության` ներկայումս գործող նպատակային ծրագրերը` առաջնահերթությունը տալով տնտեսապես առավել արդյունավետ ծրագրերին և արդի տեխնոլոգիաների ներդրմանը:
Կառավարությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել ճյուղի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներում` առաջնահերթ ուշադրություն դարձնելով ոռոգման համակարգերի վերականգնմանը, արդիականացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդմանը:
Նպատակ ունենալով ապահովել գյուղատնտեսական ապրանքներ արտադրող փոքր տնտեսություններին ոռոգման ջրի մատչելիությունը` կառավարությունը շարունակելու է ոռոգման համակարգերի սուբսիդավորումը` այն դարձնելով ավելի հասցեական: Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է հետզհետե բարձրացնել ոռոգման ջրի ինքնածախսածածկման մակարդակը և կիրառել սուբսիդավորման այնպիսի եղանակներ, որոնք մասնակցային կառավարման պայմաններում մեծ չափով կխրախուսեն ոռոգման ջրի մատակարարման ու օգտագործման արդյունավետության բարձրացումը:
Կառավարությունը մտադիր է մշակել և հաստատել գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին արտադրողներին պետական աջակցության համալիր ծրագիր, որը նպատակաուղղված կլինի գյուղական բնակավայրերում կոոպերացիայի ժամանակակից ձևերի զարգացմանը, մասնավոր հատվածի նախաձեռնողական կարողությունների ավելացմանը:
Կառավարությունը կընդլայնի ճյուղին ուղղվող պետական աջակցությունը` նախապատվությունը տալով հատկապես գյուղական աղքատության հաղթահարմանը նպաստող ծրագրերին:
Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի կատարելագործումը:
4.3.8. Արտաքին տնտեսական քաղաքականությունը
Բարձր տնտեսական աճը ենթադրում է արտահանման ծավալների ավելացում և մուտք դեպի արտաքին շուկաներ: Արտահանման ծավալների ավելացումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացմանը և զբաղվածության աճին, այլև համաշխարհային ինտեգրմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու ամրապնդմանը, մշակութային և տեխնոլոգիական զարգացմանը, ներքին կարողությունների աճին:
Միայն ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականությունը կարող է թույլ տալ արդյունավետ օգտագործել բաց տնտեսության առավելությունները: Այսօր արտաքին շուկաներ դուրս գալու համար գոյություն ունեն տեղեկատվական, ենթակառուցվածքային, կադրային և այլ արգելքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին առևտրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները:
Կառավարության արտահանման խրախուսման քաղաքականությունը ենթադրում է`
-
ակտիվ արտաքին տնտեսական հարաբերությունների հաստատում,
-
արտահանման համար պարզեցված վարչարարական ընթացակարգերի ներդրում,
-
միջազգային առևտրային համաձայնագրերի արդյունավետ գործադրում,
-
Հայաստանի և հայկական ապրանքների ու ապրանքանշանների հեղինակության բարձրացում,
-
ֆինանսական խոչընդոտների վերացում և արտահանման ֆինանսավորման, վարկավորման համապատասխան մեխանիզմների կիրառում:
Արտաքին տնտեսական քաղաքականության մյուս կարևորագույն ուղղությունը տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումն է: Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից Հայաստանում արտադրության կազմակերպումը, ապրանքների արտահանումը և գովազդը նույնպես էականորեն կփոխեն համաշխարհային շուկայի մոտեցումը Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ:
4.3.9. Սպառողների շահերի պաշտպանության համակարգը
Կառավարությունը 2008 թվականին կընդունի սպառողների շահերի պաշտպանության հայեցակարգը, որում կներկայացվեն հստակ մոտեցումներ սպառողների շահերի պաշտպանության, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողության ուղղությամբ: Հայեցակարգի ընդունումն ու դրա իրականացումը հնարավորություն կտան ապահովելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հետևյալ հիմնական նպատակների իրագործումը`
-
սպառողների անվտանգության ապահովում,
-
սպառողների տնտեսական և իրավական պաշտպանության ապահովում,
-
սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի կիրառմամբ` տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը նպաստելը,
-
պետական վերահսկողության համակարգի կատարելագործում,
-
սպառողների իրազեկմամբ և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների զարգացում,
-
տեղեկատվական և կրթական համակարգի կատարելագործում:
4.3.10. Բնապահպանությունը
Ելնելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ինչպես նաև առաջնորդվելով միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությամբ` բնապահպանության ոլորտում կառավարության կարևորագույն նպատակներն են`
-
շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների նվազեցումը և կանխարգելումը,
-
բնական պաշարների պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,
-
ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը,
-
շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների դիտարկումների, ուսումնասիրությունների, կանխատեսումների, դրանց ազդարարման և արձագանքման ժամանակակից համակարգի ստեղծումը,
-
ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը, բնագավառի համար բարձրորակ մասնագետների պատրաստման ապահովումը,
-
շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը,
-
բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծումը:
Առանձնահատուկ կարևորություն է տրվելու Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, Հայաստանի Հանրապետության ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացման, անտառապատման և անտառավերականգնման ծավալների աճի ապահովման, անտառների ապօրինի հատումների կանխման, անապատացման դեմ պայքարի, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական պահպանության, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման խնդիրներին:
Կբարելավվի բնական ռեսուրսների հաշվառման համակարգը, կիրականացվեն դրանց օգտագործման արտոնագրման ու վճարովի տրամադրման, բնությանը պատճառված վնասի փոխհատուցման և դրանց հասցեական օգտագործման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը, բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման նորարարական, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների զարգացման և ներդրման գործընթացները, կապահովվեն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը:
4.3.11. Արտադրական ենթակառուցվածքները
4.3.11.1. Վառելիքաէներգետիկ համակարգը
Էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղվելու է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներկրման ուղիների և էներգիայի արտադրության ձևերի ընդլայնում, նոր, այդ թվում` միջուկային էներգետիկ հզորությունների ստեղծում, սեփական վերականգնվող էներգապաշարների առաջնահերթ իրացում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցում, տարածաշրջանային էներգահամակարգին ինտեգրում:
Էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնական նպատակներից մեկը ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ նվազագույն ծախսերով էներգահամակարգի զարգացման խթանումն է՝ անվտանգության, էներգամատակարարման հուսալիության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման պահանջների կատարմամբ: Կառավարությունը կխթանի նաև Հայաստանում առկա հիդրոպոտենցիալի օգտագործման արդյունավետության բարձրացումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն ուղղված գիտական և ինժեներատեխնիկական հետազոտությունների իրականացումը:
Հրատապ լուծում պահանջող հարցերից են արտադրական հզորությունների սերնդափոխությունը և արդիականացումը, որոնց իրականացմանն են ուղղվելու օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկային միջոցները: Այստեղ կառավարության քաղաքականությունն իրականացվելու է պետության մասնակցության կրճատմամբ և մասնավոր ներդրումների ներգրավման տարբեր եղանակների կիրառմամբ:
Կառավարությունն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է համարում նաև հանրապետությունում գազամատակարարման ցանցի ընդլայնումը, ինչպես նաև կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգության ապահովումը:
Վառելիքաէներգետիկ համակարգի խնդիրներից կառավարությունը կարևորում է մասնավոր ներդրումների խթանումն այն բնագավառներում, որտեղ դրանք կարող են հանգեցնել էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման՝ ջերմամատակարարման ոլորտում առավել արդյունավետ համակարգերի ներդրմամբ:
4.3.11.2. Ջրամատակարարումը և ջրահեռացումը
Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառավարությունն առանձնացնում է մատակարարվող ջրի որակի բարելավումը, կայուն ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովումը:
Միջնաժամկետ հեռանկարում բնագավառը կմնա կառավարության ներդրումային գերակայությունների շրջանակում: Նախատեսվում է պետական ներդրումները հիմնականում ֆինանսավորել երկկողմ և բազմակողմ դոնորական աջակցության շրջանակներում երկրին տրամադրվող արտոնյալ վարկերի և դրամաշնորհների հաշվին: Հատուկ կարևորվում են համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործման ու պահպանման խնդիրները, որոնց լուծման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակներում կնախատեսվեն ուղղակի մասհանումներ:
Միաժամանակ, նկատի ունենալով բնագավառի պահանջների համեմատ պետական միջոցների սահմանափակությունը և նպատակ ունենալով մոտ ապագայում ապահովել ոլորտի գրավչությունը մասնավոր ներդրողների համար, կառավարությունը շարունակելու և խորացնելու է բնագավառում իրականացվող կառավարման բարեփոխումները: Ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների խորացումը կառավարությունը տեսնում է համակարգի կառավարման ապապետականացման գործընթացների շարունակման և ընդլայնման միջոցով:
Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդելու բարձրացնել այդ համակարգերի շահագործման հուսալիությունը, արդյունավետությունը և ոռոգման համակարգին տրամադրվող պետական օժանդակության հասցեականությունը, ինչպես նաև կրճատել ջրի կորուստներն ու բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը: Կարևորվում է նաև առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացումը, որով կապահովվի այդ կառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը:
Կարևորելով Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելիության ապահովումը` կառավարությունը կհաստատի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագիր, և պետական ներդրումներն առաջնահերթ կուղղվեն ծրագրում նշված խնդիրների լուծմանը:
4.3.11.3. Տրանսպորտը և կապը
Կառավարությունը տրանսպորտային համակարգի զարգացումը և արդյունավետության բարձրացումը դիտում է որպես տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման նախապայմաններից մեկը:
Կառավարությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման համար, քանի որ ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտին բաժին է ընկնում բեռնափոխադրումների շուրջ 59 տոկոսը և ուղևորափոխադրումների շուրջ 90 տոկոսը: Առաջնահերթությունը կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ հատվածներում իրականացվող աշխատանքների համար կատարվող ներդրումներին: Սոցիալական ծառայությունների հասանելիության և աշխատուժի շարժունակության ավելացման, ինչպես նաև տնտեսական ու սոցիալական տարածքային անհամաչափությունները մեղմելու նպատակով նախատեսվում է էականորեն ավելացնել գյուղական համայնքներն սպասարկող ճանապարհներին ուղղվող պետական ներդրումների ծավալները: Ակնկալվում է, որ մինչև 2012 թվականը բոլոր բնակավայրերը կունենան միջպետական նշանակության ճանապարհներին կապող առնվազն մեկ բարեկարգ ճանապարհ: Ճանապարհային ցանցի արագացող մաշվածությունը կանխելու և տրանսպորտային փոխադրումների ավելի անվտանգ, արագ և դյուրին իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունը մտադիր է ընդլայնել ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանմանն ու շահագործմանն ուղղվող պետական միջոցների ծավալները, բարձրացնել դրանց ծախսման արդյունավետությունը:
Կառավարությունը կշարունակի հայկական երկաթուղու կառավարման մեխանիզմների կատարելագործումը` կառավարման ապապետականացման և մրցակցության տարրերի ներմուծման միջազգային փորձին համահունչ, որպես այլընտրանքային մոտեցում` քննարկելով նաև հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակահարմարության հարցը:
Օդային տրանսպորտի բնագավառում կառավարության առաջնային խնդիրներն են ազգային փոխադրողի ձևավորումն ու զարգացումը` որպես գերակա ուղղություն, շարժակազմի շարունակական արդիականացումը, կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, արտաքին հարաբերություններում ազգային փոխադրողի գործունեությանն աջակցությունը, պետության կարգավորիչ դերի բարձրացումը և պետական մարմինների վերահսկողությունը` թռիչքների և ավիացիոն անվտանգության պահանջների խստագույնս կատարման նկատմամբ: Դրա արդյունքում կընդլայնվի Հայաստանի օդային կապը, իսկ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների տեխնիկական հնարավորություններն ու սպասարկման որակն առավելագույնս կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Դա կնպաստի երկրի ռազմավարական և հյուսիսային մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը:
Կառավարությունը հետամուտ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակման թվային համակարգի ներդրմանը, տեղեկատվական հասարակության հայեցակարգի մշակմանը, հեռահաղորդակցության և փոստային կապի ոլորտում շուկայական հարաբերությունների լիարժեք իրագործմանը, հեռահաղորդումների հեռարձակման շառավղի ընդլայնմանը և ծառայությունների որակի բարձրացմանը, ինտերնետի հասանելիությանն ու մատչելիությանը, այդ շուկայում առողջ մրցակցության ապահովմանը, հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը:
4.3.12. Քաղաքաշինությունը
Քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի բնակավայրերի կայուն զարգացման քաղաքաշինական ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բազմակենտրոն տարածական զարգացման սկզբունքների հետևողական ներդրման միջոցով` տարածաշրջանային զարգացման մեջ անհամամասնությունների հաղթահարմանը, անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, Երևանում և մյուս բնակավայրերում առողջ, անվտանգ ու հարմար կենսամիջավայրերի ստեղծմանը: Այդ նպատակով կառավարությունը կշարունակի գործուն միջոցներ ձեռնարկել տարածական պլանավորման, հատակագծման և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի լիարժեք բազաների ձևավորման ու վերահսկողության ուղղությամբ:
Կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն կառույցների սեյսմակայունության և հուսալիության ապահովման խնդիրները` սեյսմազինվածության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերի, ինչպես նաև վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երևույթների ազդեցության նվազեցման, այդ թվում` սողանքային տարածքներում անհրաժեշտ, հիմնականում կանխարգելիչ, ինժեներապաշտպանական միջոցառումների մշակման և իրականացման միջոցով:
Կշարունակվեն անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերը: Դրա հետ մեկտեղ միջոցներ կձեռնարկվեն սոցիալապես առավել անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման ու կառավարման, սոցիալական բնակֆոնդի ինստիտուտի ներդրման, բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգերի զարգացման համար:
Քաղաքաշինական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է լինելու ճարտարապետական և բնական ժառանգության քաղաքաշինական վերականգնման խնդիրների լուծումը:
Շարունակական բնույթ կկրի քաղաքաշինության բնագավառում ներդրումային գրավչության և գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը` պահպանելով կապիտալ շինարարության զարգացման առաջանցիկ տեմպերը և խթանելով ներդրումային նախաձեռնությունները հատկապես թույլ զարգացած տարածքներում:
4.4. Սոցիալական ոլորտը
4.4.1. Առողջապահությունը
Ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են լինելու առողջապահական ծառայությունների մատչելիության ու որակի բարձրացմանը:
Կառավարությունը խրախուսելու է տարածաշրջանի համար հատուկ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղություններով Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալուն նպաստող քայլերը:
Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը միջնաժամկետ հատվածում հանդիսանալու է կառավարության ծախսային քաղաքականության առաջնային գերակայություններից մեկը: Առողջապահության գծով պետական ծախսային մասհանումների ավելացումը լինելու է կառավարության օրակարգում, և ծրագրվում է 2012 թվականին ապահովել ոլորտում պետական ծախսերի` համախառն ներքին արդյունքի նկատմամբ առնվազն 2.2 տոկոս մակարդակ: Ներոլորտային մակարդակում առաջնայնությունը տրվելու է բուժօգնության առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Միաժամանակ, հիվանդանոցային բուժօգնության մատչելիության ու որակի բարձրացումը միջնաժամկետ հատվածում ևս դասվելու է առաջնահերթությունների շարքը: Հատկապես կարևորվում են մարզային հիվանդանոցային բուժօգնության հաստատությունների արդիականացումը և մասնագիտացված բժշկական կադրերով ապահովումը:
Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու համակարգի կապիտալ ակտիվների պահպանմանն ու ոլորտում նոր հզորությունների գործարկմանը: Ծրագրվում է միջնաժամկետ հատվածում ոլորտին հատկացվող պետական միջոցների 6-8 տոկոսն ուղղել կապիտալ բնույթի ծախսերին, քայլեր են ձեռնարկվելու կապիտալ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու և կապիտալ ծախսերի ֆինանսավորման համապատասխան մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ` հաշվի առնելով առաջնային և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպչական առանձնահատկությունները:
Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականության և բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին:
Ծրագրերի առումով կառավարությունը գերակա է համարում բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը, մոր և մանկան առողջության պահպանումը, սոցիալական հատուկ նշանակություն ունեցող և տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը, դրանց վաղ հայտնաբերումն ու բուժման արդյունավետության բարձրացումը:
Կառավարությունը հատուկ կարևորում է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը` նրանց համար ապահովելով հիվանդությունների հիմնական խմբերի գծով կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ:
4.4.2. Սոցիալական ապահովությունը և սոցիալական ապահովագրությունը
Կառավարության քաղաքականությունն այս ոլորտում նպատակաուղղված է լինելու`
-
պետության կողմից բնակչության սոցիալապես խոցելի խավերին` սոցիալական ծառայությունների տրամադրմանը, ֆինանսական աջակցության և սոցիալական ծառայությունների ծավալների մեծացմանը, մատչելիության, արդյունավետության և որակի հետևողական բարելավմանը,
-
կենսաթոշակային գործող համակարգի հետագա կատարելագործմանը` այն ներդաշնակեցնելով սոցիալական պաշտպանության մյուս ծրագրերի հետ,
-
աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ու դրա իրականացմանը` նպատակակետ ունենալով նաև սոցիալական օրենսգրքի ընդունումը:
Միջնաժամկետ հատվածում այս ոլորտի ֆինանսավորումը լինելու է կառավարության ծախսային քաղաքականության գերակայությունը: Կառավարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել ոլորտի համար նախատեսվող ծախսերը, որոնց հիմնական մասը կազմելու են կենսաթոշակային ապահովմանն ուղղվող միջոցները: Զուգահեռաբար կառավարությունը շարունակելու է աշխատանքները կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ:
Նախատեսվում է, որ 2007-2012 թվականներին համախմբված բյուջեից ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 2.2 անգամ` 2012 թվականին կազմելով համախառն ներքին արդյունքի 6.2 տոկոսը: Կառավարությունը նախատեսում է ավելացվող միջոցների շուրջ 90 տոկոսն ուղղել կենսաթոշակների ավելացմանը, որի հետևանքով 2012 թվականին միջին կենսաթոշակը կկազմի աղքատության շեմի առնվազն 150 տոկոսը:
Հանրապետության տնտեսական մրցունակությունը չվտանգելու նպատակով կառավարությունը մտադիր է նախանշված միջոցների ավելացումն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի համախմբված եկամուտների հաշվին ձեռնպահ մնալով աշխատավարձի նկատմամբ հարկային բեռի ավելացումից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նպատակադրված պակասուրդի շրջանակներում:
Կառավարությունը կշարունակի և կբարեփոխի ընտանեկան նպաստների քաղաքականությունը` զգալիորեն ավելացնելով ծրագրի հասցեականությունը: Այս ծրագրի շնորհիվ աղքատության մակարդակը 2012 թվականին կարող է նվազեցվել շուրջ 6 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում` շուրջ 12 տոկոսային կետով:
Կառավարությունը ծրագրում է 2008 թվականից բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ` ներկայումս գործող նպաստի չափը և ներդնել երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման ամբողջական համակարգ:
Կառավարությունն իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու հատուկ պաշտպանվածություն պահանջող խմբերի՝ հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ ընտանիքների, պատերազմի վետերանների ու ազատամարտիկների ընտանիքների, փախստականների և տեղահանված անձանց սոցիալական պաշտպանվածության խնդիրները:
4.4.3. Կրթությունը և գիտությունը
Պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման և կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության կարևոր երաշխիք է կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների արդյունավետության էական բարձրացումը:
Ուսումնառության տարիների ավելացումը լինելու է ոլորտում իրականացվող քաղաքականության կարևոր ցուցանիշներից մեկը և միջնաժամկետ հատվածում այն ապահովվելու է հիմնականում ավագ դպրոցում ընդգրկվածության աստիճանի բարձրացման հաշվին: 2012 թ. ակնկալվում է կյանքի 6-21 տարեկան ժամանակահատվածում ուսումնառության տևողությունը հասցնել միջինը` 12.5 տարվա:
Կրթական ծառայությունների որակի բարձրացման առումով կարևորվելու է հանրակրթական դպրոցների ուսումնամեթոդական հենքի արդիականացումն ու դպրոցների շենքային պայմանների և ուսումնական գործընթացի ապահովման տեխնիկական մյուս պայմանների բարելավումը: Մասնավորապես, կառավարությունը մտադիր է մինչև 2012 թվականը վերանորոգել բոլոր հանրակրթական դպրոցները (ներառյալ դրանց պատշաճ ջեռուցման հնարավորությունների ապահովումը)` միջնաժամկետ հատվածում կապիտալ ծախսերին ուղղելով ոլորտի ընդհանուր պետական ծախսերի 8-10 տոկոսը:
Կրթական համակարգի արդյունավետության մեծացման, Հայաստանում և զարգացած երկրներում կրթության որակի միջև առկա անհամապատասխանության վերացման տեսակետից կառավարությունը կարևորում է մասնագիտական կրթության որակի գնահատման ազգային կենտրոնի ձևավորումը և համապատասխան օրենսդրական փաթեթի մշակումը:
Կրթության նկատմամբ որակապես նոր պահանջների ձևավորումը թելադրում է զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի վերապատրաստման մեխանիզմների արդյունավետությունը:
Արդիական հմտություններ ունեցող որակյալ կադրերի պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը կաջակցի կրթական համակարգի և տնտեսության իրական հատվածի միջև կապի ապահովմանը:
Կարևորելով կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության հարցերը, բնականոն զարգացման ու սոցիալական ինտեգրացիայի խնդիրները` կառավարությունն անհրաժեշտ պայմաններ կստեղծի նաև այդ երեխաների կրթության համար:
Նախադպրոցական կրթության զարգացումն ուղղվելու է համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը:
Մասնագիտական և լրացուցիչ կրթության ոլորտում կառավարությունը շարունակելու է եվրոպական կրթական տարածքին ինտեգրման քաղաքականությունը՝ արմատական բարեփոխումներ իրականացնելով ինչպես համալսարանական, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2009-2010 թվականները կավարտեն կրեդիտային և գնահատման նոր համակարգին անցումը՝ արմատական քայլեր իրականացնելով համալսարանական կառավարման արդիականացման ուղղությամբ:
Կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու մասնագիտական կրթական համակարգում ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես, ուսանողական նպաստների և վարկավորման մեխանիզմների ներդրման հաշվին:
Կրթության ոլորտի բարեփոխումներին համարժեք և համաչափ` կառավարությունը կապահովի պետական ծախսերի շարունակական ավելացումը: 2012 թվականին կապահովվի համախառն ներքին արդյունքի նկատմամբ առնվազն 3.5 տոկոս ցուցանիշ:
Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը համարելով Հայաստանի կայուն զարգացման գրավական` կառավարությունը մեծապես խթանելու է գիտության ոլորտի բարեփոխումները` ստեղծելով գիտության հարցերով զբաղվող առանձին մարմին` նպատակ ունենալով արագացնել համակարգի ենթակառուցվածքների արդիականացումը, բարձրացնել կառավարման և գիտական աշխատանքների արդյունավետությունը:
Բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար հստակեցվելու են գիտության զարգացման մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը, գիտահետազոտական ինստիտուտների մրցունակության և արդյունավետության ապահովման մեխանիզմները, այդ ինստիտուտների հնարավորությունները համալսարանական գիտության հետ համադրման ուղիները:
Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի հասարակական գիտությունների զարգացմանը` որպես հասարակական զարգացումների գիտական պլանավորման և իրականացման անհետաձգելի հրամայական:
Կներդրվեն գիտական ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքների գնահատման ժամանակակից մեթոդներ ինչպես գիտական աստիճանների շնորհման, այնպես էլ բյուջետային հատկացումների ծրագրավորման համար:
Կմշակվեն և կիրագործվեն միջազգային կենտրոնների հետ համագործակցությանը և ինտեգրացմանը, հայագիտության արդի և հեռանկարային հիմնահարցերի լուծմանն ուղղված գիտական ծրագրեր, կտարվեն աշխատանքներ գիտական դպրոցների ձևավորման ուղղությամբ:
4.4.4. Մշակույթը
Կառավարությունը մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն է համարում`
մշակութային ժառանգության պահպանությունը.
պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրությունը, պահպանությունը, ամրակայումը, նորոգումը, վերականգնումը, բարեկարգումը և օգտագործումը, մշակութային արժեքների պահպանության համալիր ծրագրի մշակումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների հաշվառման մեխանիզմների ստեղծումը, մշակութային ժառանգության հանրահռչակումն ու հասարակության համար մատչելիությունը.
ժամանակակից արվեստի և մշակութային ենթակառույցների զարգացումը և մշակութային գործընթացների խթանումը.
մշակութային և ստեղծագործական գործունեության ազատության ապահովումը՝ դեբյուտային գործընթացների խրախուսման, թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական գործունեության աջակցման, այդ թվում` մրցութային հիմունքներով ստեղծագործական պատվերների իրականացման և դահլիճների նյութատեխնիկական բազայի ապահովման միջոցով.
տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մշակույթի ոլորտում.
տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը մշակույթի բնագավառում, մշակութային արժեքների թվայնացման գործընթացի խթանումը.
մշակույթի ոլորտի կադրային քաղաքականությունը և մշակութային կրթությունը.
մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման պետպատվերի մեխանիզմի կատարելագործումը, մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, կառավարիչների ինստիտուտի ձևավորումը.
մշակութային կապերի զարգացումը Հայաստանում և արտերկրի հետ.
միջմարզային մշակութային համագործակցության խթանումը, արտերկրի հետ մշակութային երկխոսության ընդլայնումը, սփյուռքի ակտիվ ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ, արտերկրում Հայաստանի մշակույթի նպատակաուղղված քարոզչության ծրագրի մշակումը և իրագործումը:
Բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար կկատարելագործվի մշակույթի զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտը` հնարավորինս համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին ու պահանջներին, կշարունակվեն մշակութային կառույցների և հաստատությունների կառավարման կատարելագործումը, մշակույթի ոլորտում կառավարման մարմինների լիազորությունների հստակեցումը, տարանջատումն ու կրկնվող գործառույթների վերացումը:
Կառավարությունը բյուջետային ֆինանսավորման շրջանակներում կապահովի մշակույթի զարգացման համար հատկացվող բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը՝ ծրագրային ֆինանսավորման համակարգի կիրառմամբ:
4.4.5. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը
Կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակներն է համարում բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության ու երկարակեցության ապահովմանն ուղղված պայմանների ստեղծումը, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունն ու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների պատրաստումը, օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և այլ միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների արդյունավետ մասնակցության ապահովումը:
Կառավարության քաղաքականությունն իրականացվելու է օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովմանը Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար կազմի սոցիալական վիճակի բարելավման, նրանց վերապատրաստման, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացման, հաշմանդամային սպորտին, մարզական հասարակական կազմակերպություններին պետական աջակցության, մարզադպրոցներին, հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ մարզագույքով ապահովման միջոցով:
4.4.6. Երիտասարդությունը
Այս ոլորտում կառավարության կողմից քայլեր կձեռնարկվեն ստեղծելու սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ` երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության լիարժեք օգտագործելու համար:
Երիտասարդական պետական քաղաքականության նպատակներն են`
-
ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ երիտասարդություն,
-
ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ բոլոր երիտասարդների համար` մասնագիտական և հասարակական կյանք մտնելիս, նպաստել երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու դրսևորմանը,
-
բարձրացնել նրանց մասնակցության աստիճանը հասարակական և քաղաքական զարգացումներին,
-
խրախուսել երիտասարդների մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացներին:
4.4.7. Սփյուռքը
Կառավարությունն առաջնահերթ խնդիր է համարում Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների համապարփակ հայեցակարգի մշակումն ու իրականացումը, սփյուռքի ներուժի համակողմանի համախմբումը, որի ամբողջական և արդյունավետ իրականացման համար կստեղծվի սփյուռքի հետ կապերի հարցերով զբաղվող առանձին մարմին:
Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծման նպատակով հատուկ նշանակություն ունի սփյուռքի ուսումնակրթական հաստատությունների խնդիրների լուծմանը կառավարության հնարավորինս լայն մասնակցությունը`
-
սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, դասագրքերի ապահովումը,
-
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը,
-
հանրային հեռուստատեսության ծրագրերի արբանյակային հեռարձակման ընդլայնումը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը:
Սփյուռքը համարելով Հայաստանի համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ` կստեղծվեն կայուն և արդյունավետ մեխանիզմներ` հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի կարող ուժերի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար: Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ և տվյալների միասնական բազա:
Հայաստան-սփյուռք համաժողովների, համահայկական այլ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով դրանց միջև ընկած ժամանակահատվածում կձևավորվեն հանձնախմբեր` առաջնահերթությունների հստակեցման և դրանց լուծման հայեցակարգային մոտեցումների մշակման համար:
Կմշակվի և կներդրվի օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների հայրենադարձությունը խթանող համակարգ, որը հնարավորություն կընձեռի այդ անձանց էլեկտրոնային կապի հաղորդուղիներով անմիջականորեն կապվելու Հայաստանի պետական կառավարման համապատասխան մարմինների հետ: Այդ համակարգի մշակման և կիրառման նպատակով կձևավորվի վերադարձի գործընթացներին առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված կառույց, որի գործունեության արդյունքում`
-
կիրականացվեն բարեփոխումներ օտարերկրյա քաղաքացիների մուտքի, Հայաստանում նրանց կացության կարգավիճակների տրամադրման ու հաշվառման գործընթացներում, ինչպես նաև կմշակվեն և կներդրվեն Հայաստանում նրանց աշխատանքային գործունեությունը կանոնակարգող կառուցակարգեր,
-
կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն սահմանային հսկողության համակարգի կատարելագործմանն ուղղված հարցերը, կտրվեն օրենսդրական լուծումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստան ելքի և մուտքի ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորման նպատակով,
-
գործնական քայլեր կիրականացվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման ուղղությամբ:
Այդ նպատակով կառավարությունը կնախաձեռնի հայրենադարձությանը նպաստող օրենսդրության մշակում, կգործադրվի սփյուռքից Հայաստան ներգաղթի համալիր ծրագիր:
Կառավարությունն իր կարևորագույն խնդիրն է համարում արտերկրում հայության շահերի պաշտպանությունը:
4.4.8 Միգրացիան
Կառավարությունը կշարունակի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած փախստականների` հասարակությանն ինտեգրման գործընթացը: Այդ նպատակով առանձնահատուկ նշանակություն ունի փախստականների բնակարանային ապահովության հիմնահարցի լուծումը, ինչը փախստականների ամբողջական ինտեգրման հիմնական նախապայմանն է:
Կառավարությունն ավարտելու է բնակչության տեղաշարժերի ուղղությունների և ծավալների հաշվառման միասնական համակարգի ստեղծման գործընթացը, ինչը հնարավորություն կընձեռի գնահատելու միգրացիոն իրավիճակը և մշակելու միգրացիոն առանձին հոսքերի բացասական ազդեցությունը կանխարգելող միջոցառումներ:
Նպատակաուղղված քայլեր կիրականացվեն միջազգային աշխատաշուկային Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ ինտեգրացման համար: Ուշադրության կենտրոնում կլինեն աշխատանքային էմիգրացիայի երևույթի օրենսդրական կանոնակարգման, աշխատանքային էմիգրանտների իրավունքների և օրինական շահերի պետական պաշտպանության իրականացման հարցերը:
Կատարելագործվելու է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող պաշտպանության համակարգը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
4.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը և անվտանգությունը
Կառավարության առաջնահերթ ուշադրության կենտրոնում կլինեն երկրի պաշտպանության հետ կապված խնդիրները` երկրի պաշտպանունակության հետագա ամրապնդումը, բանակի մարտունակության բարձրացումը և հայրենասիրական ոգու պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Պաշտպանության բնագավառում կմշակվի և կհրապարակվի «Ռազմական դոկտրին»` նպատակ ունենալով սահմանել մեկ միասնական ռազմավարական ուղղություն, որը հիմք կհանդիսանա սահմանելու ազգային պաշտպանական կառույցի կառուցվածքը, ենթակառուցվածքները և կառավարումը` պատերազմի, արտակարգ իրավիճակների և խաղաղ ժամանակ: Ռազմական դոկտրինի մշակմանը զուգընթաց` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կներկայացվի մի շարք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, մասնավորապես, «Պաշտպանության մասին», «Զինապարտության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կմեծացնի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ:
Կառավարությունը կշարունակի առանձնահատուկ ուշադրություն դրսևորել ազատամարտիկների, նրանց ընտանիքների, ինչպես նաև զինվորական թոշակառուների կենսական հարցերի նկատմամբ, գործուն միջոցառումներ կիրականացնի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պրոֆեսիոնալ կազմի սոցիալական խնդիրների լուծման համար:
Ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմինների գործունեության հիմնական նպատակներն են`
-
անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից,
-
ազգային անվտանգության և պետական պահպանության ապահովումը,
-
սահմանադրական կարգի ապահովումը,
-
պետական սահմանների պահպանությունը,
-
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության կանխումը,
-
հասարակության և պետության շահերի պաշտպանությունը,
-
հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
-
կիբերանվտանգության էապես մեծացումը,
-
արտակարգ իրավիճակների և պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը:
Կառավարությունը կավարտի ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումները:
4.6. Արտաքին քաղաքականությունը
Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համատեղ, կիրականացնի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |