«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մայիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 ապրիլի 2004 թ. ք. Երևան N 43-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):
2. Երևան քաղաքի Սարի թաղի 3-25-րդ, Լեփսիուսի 6-րդ, Ներքին Չարբախի 2-րդ, Յան Ռայնիսի, Գոգոլի, Մ. Ավետիսյան, Դրոյի փողոցների, Սարկավագի փողոցի բարձրահարկ շենքերի, Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու համար, Զովունի գյուղում և Քանաքեռավանի համայնքներում սույն որոշման հավելվածի 2-րդ կետը կիրառել 2005 թվականի հունվարի 1-ից:
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Եղվարդ քաղաքում, Ջրաշեն, Մուշական, Գառնի և Խարբերդ գյուղերում սույն որոշման հավելվածի 2-րդ կետի կիրառման ժամկետին կանդրադառնա 2006 թվականի հունիս ամսին:
(2-րդ կետը խմբ. 21.12.05 N 213-Ն)
3. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում զանգվածային լրատվական միջոցներով հրապարակել Ընկերության կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման գրաֆիկներն ըստ համայնքների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:
1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, N 10002340):
2. Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարման հաստատված գրաֆիկով սպառողներին ապահովել ամենօրյա առնվազն չորսժամյա ջրամատակարարմամբ` ժամը 700 -2400-ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածից դուրս իրականացված ջրամատակարարումը չի համարվում սույն կետով սահմանված պահանջի կատարում:
3. Ընկերությունը պարտավոր է զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով սպառողներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ:
4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն):
5. Ընկերությունը պարտավոր է սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:
6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:
7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:
8. Սույն պահանջների 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:
9. Եթե Ընկերությունը չի կատարել 8-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):
10. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետի պայմանին, ապա Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|