Մարդու իրավունքների ԵՎ հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի թիվ 14 Արձանագրություն Կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող ԵՎ լրացնող
Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սույն Արձանագրության ստորագրողները,
հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 3-4-ը Հռոմում կայացած` Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական նախարարական կոնֆերանսի ընթացքում ընդունված թիվ 1 բանաձևը և Հռչակագիրը,
հաշվի առնելով Նախարարների կոմիտեի 2001 թվականի նոյեմբերի 8-ի, 2002 թվականի նոյեմբերի 7-ի և 2003 թվականի մայիսի 15-ի Հռչակագրերը՝ ընդունված, համապատասխանաբար, 109-րդ, 111-րդ և 112-րդ նստաշրջանների ընթացքում,
հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2004 թվականի ապրիլի 28-ի թիվ 251(2004) կարծիքը,
նկատի ունենալով, որ անհրաժեշտ և հրատապ է փոփոխել Կոնվենցիայի որոշ դրույթներ՝ երկարաժամկետ կտրվածքով վերահսկողության համակարգի արդյունավետությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով, գլխավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի աշխատանքի ծանրաբեռնվածության շարունակվող աճի պատճառով,
նկատի ունենալով, մասնավորապես, որ անհրաժեշտ է հետևել, որ Դատարանը շարունակի խաղալ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության իր առաջատար դերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 2-րդ կետը հանվում է:
Հոդված 2
Կոնվենցիայի 23-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը և պաշտոնից հեռացնելը
1. Դատավորները ընտրվում են ինը տարի ժամկետով: Նրանք չեն կարող վերընտրվել:
2. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին:
3. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը։ Նրանք, սակայն, շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը։
4. Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ այդ դատավորը այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։»:
Հոդված 3
Կոնվենցիայի 24-րդ հոդվածը հանվում է:
Հոդված 4
Կոնվենցիայի 25-րդ հոդվածը դառնում է 24-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 24. Գրասենյակը և զեկուցողները
1. Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով։
2. Երբ դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, նրան աջակցում են զեկուցողները, որոնք գործում են Դատարանի նախագահի ենթակայության ներքո: Զեկուցողները Դատարանի Գրասենյակի անձնակազմի մաս են կազմում:»:
Հոդված 5
Կոնվենցիայի 26-րդ հոդվածը դառնում է 25-րդ հոդված (Դատարանի լիագումար նիստերը), և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
1. «դ» կետի վերջում ստորակետը փոխարինվում է կետ-ստորակետով ու «և» բառը հանվում է1:
2. «ե» կետի վերջում վերջակետը փոխարինվում է ստորակետով:
3. Լրացվում է հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ. կատարում է ցանկացած խնդրանք` 26-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:»:
Հոդված 6
Կոնվենցիայի 27-րդ հոդվածը դառնում է 26-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 26. Միանձնյա դատավորի կազմեր, Կոմիտեներ, Պալատներ և Մեծ Պալատ
1. Իրեն ներկայացված գործերը քննելու համար Դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, երեք դատավորներից կազմված կոմիտեներում, յոթ դատավորներից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորներից կազմված Մեծ Պալատում: Պալատները կազմում են որոշակի ժամկետով կոմիտեներ:
2. Նախարարների կոմիտեն կարող է, Դատարանի լիագումար նիստի խնդրանքով, միաձայն որոշմամբ և որոշակի ժամկետով Պալատների դատավորների թիվը կրճատել մինչև հինգի:
3. Որպես միանձնյա դատավոր նիստ գումարող դատավորը չի քննում ոչ մի գանգատ, որը վերաբերում է այն Բարձր պայմանավորվող կողմին, որից նա ընտրվել է:
4. Շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է: Այդ դատավորի բացակայության դեպքում, կամ երբ նա ի վիճակի չէ մասնակցելու նիստին, այդ պետության կողմից նախօրոք ներկայացված ցանկից Դատարանի նախագահի կողմից ընտրված անձը մասնակցում է որպես դատավոր:»:
5. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան։ Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին` բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի դատավորի:»:
Հոդված 7
Նոր 26-րդ հոդվածից հետո Կոնվենցիայում հետևյալ բովանդակությամբ նոր 27-րդ հոդված է ավելացվում.
«Հոդված 27. Միանձնյա դատավորների լիազորությունները
1. Միանձնյա դատավորը կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատն անընդունելի հայտարարել կամ հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման:
2. Որոշումը վերջնական է:
3. Եթե դատավորը դիմումն անընդունելի չի հայտարարում կամ այն չի հանում քննության ենթակա գործերի ցուցակից, ապա նա այն փոխանցում է Կոմիտեին կամ Պալատին՝ լրացուցիչ քննարկման համար:»:
Հոդված 8
Կոնվենցիայի 28-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Կոմիտեների լիազորությունները
1. Կոմիտեն միաձայն քվեարկությամբ կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը՝
ա. հայտարարել անընդունելի կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման, կամ
բ. հայտարարել ընդունելի և միաժամանակ ըստ էության վճիռ կայացնել, երբ Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցի վերաբերյալ, որը գործի հիմքում է, գոյություն ունի Դատարանի` կայացած դատական նախադեպ:
2. 1-ին կետում նախատեսված որոշումները և վճիռները վերջնական են:
3. Եթե շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Կոմիտեի անդամ չէ, ապա Կոմիտեն կարող է դատավարության ցանկացած պահի հրավիրել նրան` իր կազմում մասնակցելու իր անդամներից որևէ մեկի փոխարեն, հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ այն հարցը, թե այդ կողմը վիճարկե՞լ է արդյոք 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված ընթացակարգի կիրառումը:»:
Հոդված 9
Կոնվենցիայի 29-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«1. 1-ին կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ. «Եթե 27-րդ կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ որոշում չի ընդունվում, կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ վճիռ չի կայացվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության: Ընդունելիության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առանձին»:
2. 2-րդ կետը լրացվում է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:»:
3. 3-րդ կետը հանվում է:
Հոդված 10
Կոնվենցիայի 31-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1. «ա» կետի վերջում հանվում է «և» բառը2 :
2. «բ» կետը դառնում է «գ» կետ, և հետևյալ բովանդակությամբ նոր «բ» կետ է ավելացվում:
«բ. որոշում է կայացնում 46-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Նախարարների կոմիտեի ներկայացրած հարցի վերաբերյալ, և»:
Հոդված 11
Կոնվենցիայի 32-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1-ին կետի վերջում «34» թվից հետո ավելացվում են ստորակետ և «46» թիվը:
Հոդված 12
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«3. Դատարանը հայտարարում է անընդունելի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե նա գտնում է.
ա. որ գանգատն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, կամ
բ. որ գանգատարկուն չի կրել ոչ մի էական վնաս` բացառությամբ, եթե Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով երաշխավորված` մարդու իրավունքների պահպանումը չի պահանջում քննարկել գանգատն ըստ էության, և պայմանով, որ այս հիմքով ոչ մի գործ չի մերժվի, որը պատշաճ կարգով չի քննվել ներպետական դատարանի կողմից:»:
Հոդված 13
Կոնվենցիայի 36-րդ հոդվածը լրացվում է հետևյալ բովանդակությամբ հետևյալ նոր երրորդ կետով.
«3. Պալատի կամ Մեծ Պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կարող է ներկայացնել գրավոր դիտողություններ և մասնակցել լսումներին:»:
Հոդված 14
Կոնվենցիայի 38-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 38. Գործի քննությունը
Դատարանը քննում է գործը կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախնական ուսումնասիրություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր Պայմանավորվող կողմերը ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները:»:
Հոդված 15
Կոնվենցիայի 39-րդ հոդվածի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 39. Հաշտության համաձայնություններ
1. Դատավարության ցանկացած պահի դատարանը կարող է իր ծառայությունը տրամադրել գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված` մարդու իրավունքների պահպանման հիման վրա հարցը հաշտության համաձայնությամբ լուծման ապահովելու նպատակով։
2. 1-ին կետում նկարագրված ընթացակարգը գաղտնի է:
3. Հաշտության համաձայնության դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից՝ կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը։
4. Այդ որոշումը փոխանցվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկում է որոշման մեջ ամրագրված հաշտության համաձայնության պայմանները:»:
Հոդված 16
Կոնվենցիայի 46-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
«Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժը և կատարումը
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
3. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ վերջնական վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը խոչընդոտվում է այդ վճռի մեկնաբանության դժվարությամբ, նա կարող է դիմել դատարանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի այդ մեկնաբանության հարցի վերաբերյալ: Դատարանին դիմելու որոշումը կայացվում է Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
4. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ Բարձր պայմանավորվող կողմ հրաժարվում է կատարել իր մասնակցությամբ վեճով վերջնական վճիռը, նա կարող է այդ Կողմին տեղյակ պահելով և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմել դատարան այն հարցով, թե արդյո՞ք այդ Կողմը չի կատարել 1-ին կետով ստանձնած իր պարտավորությունը:
5. Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի է ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա ուղարկում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա քննարկի ձեռնարկվելիք միջոցները:
Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի չի ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա վերադարձնում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա որոշի փակել քննարկումը:»:
Հոդված 17
Կոնվենցիայի 59-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1. Հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ կետ է ավելացվում.
«2. Եվրոպական միությունը կարող է միանալ սույն Կոնվենցիային:»:
2. 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար դառնում են 3-րդ, 4-րդ և 5-րդ կետեր:
Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 18
1. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից, որոնք կարող են դրանով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել.
ա. ստորագրմամբ՝ առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի,
բ. ստորագրմամբ՝ վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 19
Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության 18-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը հայտնելու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 20
1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահին նրա դրույթները կիրառվում են Դատարանում առկախ բոլոր գանգատների, ինչպես նաև բոլոր այն վճիռների նկատմամբ, որոնք գտնվում են Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո:
2. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում սույն Արձանագրության 12-րդ հոդվածով մտցվող ընդունելիության նոր չափանիշը չի կիրառվում մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը ընդունելի հայտարարված գանգատների նկատմամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, ընդունելիության նոր չափանիշը կիրառում են միայն Պալատները և Մեծ Պալատը:
Հոդված 21
Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահին իրենց առաջին պաշտոնավարությունն իրականացնող դատավորների պաշտոնավարման ժամկետը երկարաձգվում է ipso jսre այնքան ժամանակ, մինչև այն հասնի ինը տարվա: Այլ դատավորներն ավարտում են իրենց պաշտոնավարությունը, որը ipso jսre երկարաձգվում է երկու տարով:
Հոդված 22
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին.
ա. յուրաքանչյուր ստորագրման մասին.
բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.
գ. սույն Արձանագրության` 20-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին, և
դ. սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր ակտի, ծանուցման և կամ հաղորդման մասին:
Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 2004 թվականի մայիսի 13-ին, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կհանձնվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը վերջինիս հաստատված պատճենները կներկայացնի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության:
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 1-ին
__________________
1 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետի նկատմամբ, քանի որ հայերենը չունի «;» կետադրական նշանը, և Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետում «և» շաղկապը արտահայտված է ստորակետով /էջ 10, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի 2002/:
2 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 31-րդ հոդվածի «ա» կետի նկատմամբ, քանի որ, հայերենի առանձնահատկություններից ելնելով, «և» շաղկապը արդեն իսկ արտահայտված է ստորակետով /էջ 11, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի, 2002/: