Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.12
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
08.01.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
08.01.2007
Дата вступления в силу
25.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

8 հունվարի 2007 թ.
ք. Երևան
N 1-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով`

ա) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության` առանձին ընկերությունների և անհատ անձանց կողմից հանրային ինտերնետի միջոցով ձայնային ծառայությունների մատուցման վերաբերյալ 2006 թվականի հունիսի 13-ի N 223/06 գրությունը,

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի հունիսի 13-ի N 223/06 գրությամբ բարձրացված հարցի շուրջ կազմակերպված քննարկումների ընթացքում հանրային ինտերնետի միջոցով ձայնային ծառայություններ մատուցող (ըստ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության) անձանց ներկայացուցիչների հակափաստարկներն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 6-ի N 276-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի եզրակացության համաձայն մատուցվել են էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ` մասամբ օգտագործելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տրամադրած կապի ենթակառուցվածքները, և այդ ուղիներով հաղորդման յուրաքանչյուր ուղղությամբ գրանցվել են 400 միլիվայրկյանից ավելի ցանցային ուշացումներ, որը, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, չի համարվում ձայնային ծառայություն, քանի որ հաղորդակցությունն իրականացվել է իրական ժամանակը (յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյան) գերազանցող ժամանակում,

գ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ձայնային ծառայությունը տեղական կամ միջազգային հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցումն է, որն ամբողջովին կամ մասամբ կազմված է իրական ժամանակում կամ գրեթե իրական ժամանակում երկկողմ ձայնային հաղորդակցությունից` անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայից, և որի համար ամբողջովին կամ մասամբ օգտագործվում է հանրային համակցման ցանցը,

դ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն իրական ժամանակը կամ գրեթե իրական ժամանակը  այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդումն է, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ կամ ավելի երկար ուշացումներ, եթե կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը որպես իրական ժամանակում տեղի ունեցող,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի (այսուհետ` Լիցենզիա) 2-րդ կետը, որի համաձայն հիմնական հեռախոսային ծառայությունը ներպետական կամ միջազգային հանրային հեռահաղորդակցության ծառայության մատուցումն է, որն ամբողջությամբ կամ մասնակի կազմված է իրական ժամանակում կամ իրական ժամանակին մոտ ժամանակում իրականացվող երկկողմ ձայնային հաղորդակցությունից՝ անկախ դրա հիմքում դրված տեխնոլոգիայից (ներառյալ` ինտերնետային արձանագրությունը), որի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է Հայաստանի հանրային համակցված ցանցը: Ձայնային հաղորդակցությունը, որը փոխարկվել է տվյալների հաղորդակցության, չպետք է ներառվի այս սահմանման մեջ միայն այն դեպքում, երբ այդ հաղորդակցությունը (i) սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձնական համակարգչից, որի վրա տեղադրված է ձայնը տվյալների փոխարկող ծրագիր, և (ii) հաղորդակցությունը նախատեսված է զանգահարող կողմի անձնական օգտագործման համար, այլ ոչ երրորդ անձանց վճարի դիմաց տրամադրելու համար,

զ) Լիցենզիայի 2-րդ կետը, որի համաձայն իրական ժամանակը կամ իրական ժամանակին մոտ ժամանակը  այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդումն է, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ կամ ավելի երկար ուշացումներ, եթե կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս հաղորդակցությունն ընկալում են որպես իրական ժամանակում տեղի ունեցող,

է) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն օպերատորները և ծառայություններ մատուցողները պարտավոր են հաշվի առնել պատմականորեն գերիշխող օպերատորների` իրենց լիցենզիայում սահմանված պայմաններին համապատասխան բացառիկության իրավունքները և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա), ժթ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 4.Դ կետը` Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաղորդակցության կողմերի համար ընկալելի տեղական (ներպետական) կամ միջազգային երկկողմ ձայնային հաղորդակցությունը, անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայից (ներառյալ` ինտերնետային արձանագրությունը) և անկախ ցանցային ուշացումներից, որի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության հանրային համակցված ցանցը` դասակարգել որպես ձայնային ծառայություն:

2. Հայաստանի Հանրապետության հանրային համակցման ցանցի և GSM ցանցերի օպերատորներին`

ա) երրորդ անձի կողմից ձայնային ծառայություն մատուցելու վերաբերյալ բավարար ապացույցներ (ներառյալ` ձայնային ծառայություն մատուցելու վերաբերյալ հրապարակային առաջարկները (հրապարակային պայմանագիր կամ  հրապարակային օֆերտա) կամ գովազդը, կամ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությունը, կամ ձայնային ծառայությունից օգտվելու վերաբերյալ պատշաճ կերպով (նոտարի կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ) կազմված արձանագրությունը, որը պետք է ներառի փորձնական զանգի միջոցով մատուցված ծառայության տեսակի, վայրի, նպատակակետի վերաբերյալ տեղեկություններ) ունենալու դեպքում սահմանափակել կամ կասեցնել տվյալ անձին համապատասխան ծառայության մատուցումը և սահմանափակման կամ կասեցման պահից եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սահմանափակման կամ կասեցման հիմքերը.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 45-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել TDM և IP տեխնոլոգիաներով ելքային և մուտքային տեղական և միջազգային ձայնային ծառայությունների մատուցման որակի չափանիշների, ներառյալ` ցանցային ուշացումների, դրանց չափման մեթոդաբանության վերաբերյալ առաջարկություններ.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել GSM բջջային ցանցով IP տեխնոլոգիայով ձայնային ծառայություններ մատուցելու վերաբերյալ առաջարկություններ:

3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ամրակցված հեռախոսային ցանցով` հետվճարային համակարգով, IP տեխնոլոգիայով ձայնային ծառայություններ մատուցելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան