Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին
Կոնվենցիայի Արձանագրություն
Սույն Արձանագրությունն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի ներքին տրանսպորտի կոմիտեի կողմից.
Սույն Արձանագրության Կողմերը,
Հանդիսանալով 1956 թ. մայիսի 19-ին Ժնևում ստորագրված` Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին Կոնվենցիայի կողմեր,
Պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին:
Հոդված 1
Սույն Արձանագրության նպատակով «Կոնվենցիա» բառը նշանակում է` Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին Կոնվենցիա (CMR):
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.
1) 3-րդ կետը փոխարինվում է հետևյալ տեքստով.
«3. Սակայն փոխհատուցման չափը չի կարող գերազանցել համաքաշի բացակայող մեկ կիլոգրամի համար 8,33 հաշվարկային միավորը»:
2) Այդ հոդվածի վերջում ավելանում են հետևյալ 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը.
«7. Սույն Կոնվենցիայում նշված հաշվարկային միավոր է հանդիսանում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված փոխառության հատուկ իրավունքը: Սույն հոդվածի 3-րդ կետում նշված գումարը փոխանակվում է այն պետության ազգային արժույթով, որի դատարանը քննում է տվյալ գործը, որոշման ընդունման օրը այդ արժույթի արժեքի հիման վրա, կամ` Կողմերի համաձայնությամբ ընդունված օրը: Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ հանդիսացող պետության ազգային արժույթի արժեքը` արտահայտված փոխառության հատուկ իրավունքում, հաշվարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իր գործարքների համար տվյալ պահին օգտագործվող գնահատման մեթոդի միջոցով: Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չհանդիսացող պետության ազգային արժույթի արժեքը, որը արտահայտված է Փոխառության հատուկ իրավունքով, հաշվարկվում է այդ պետության կողմից ընդունված մեթոդով:
8. Այնուամենայնիվ, Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չհանդիսացող պետությունը, որի ազգային օրենսդրությունը հնարավորություն չի տալիս կիրառելու սույն հոդվածի 7-րդ կետի դրույթները, կարող է սույն Արձանագրությունը վավերացնելու կամ նրան միանալու ժամանակ կամ հետագայում` ցանկացած ժամանակ, հայտարարել, որ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն նախատեսված իր տարածքում կիրառվելիք պատասխանատվության սահմանը կազմում է 25 հաշվարկային միավոր: Սույն կետում նշված հաշվարկային միավորը համապատասխանում է 0,900 հարգի 10/31 գ ոսկուն: Սույն կետում նշված գումարի փոխանակումն ազգային արժույթի կատարվում է շահագրգիռ պետության ազգային օրենսդրության համաձայն:
9. Սույն հոդվածի 7-րդ կետի վերջին նախադասության մեջ նշված հաշվարկը և 8-րդ կետում նշվածը կատարվում են այնպես, որ նույն իրական արժեքը, որն արտահայտված է հաշվարկային միավորներով սույն հոդվածի 3-րդ կետում, հնարավորության սահմաններում արտահայտվի պետության ազգային արժույթով: ԿԲՓՊ Արձանագրության 3-րդ կետում նշված փաստաթուղթը պահպանման հանձնելու մասին և նրա կողմից կիրառվող հաշվարկի մեթոդի ցանկացած փոփոխության ժամանակ, որը նախատեսված է 7-րդ կետում, կամ սույն հոդվածի 8-րդ կետում նախատեսված վերահաշվարկի արդյունքում ստացված գումարի փոխանակման դեպքում պետությունը այդ մասին ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին»:
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 3
1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած կամ նրան միացած երկրների, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և, հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն, հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների ստորագրման համար:
2. Արձանագրությունը բաց է լինելու ստորագրման համար սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող երկրների համար:
3. Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատասխանատվության շրջանակների մանդատի 11-րդ հոդվածի համաձայն հանձնաժողովի որոշ միջոցառումներին մասնակցելու իրավունք ունեցող երկրները, որոնք միացել են Կոնվենցիային, կարող են դառնալ սույն Արձանագրության Պայմանավորվող կողմեր` միանալով փաստաթղթին նրա ուժի մեջ մտնելուց հետո:
4. Արձանագրությունը ստորագրման համար բաց է լինելու Ժնևում 1978 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1979 թվականի օգոստոսի 31-ը: Այնուհետև այն բաց է լինելու միանալու համար:
5. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման այն բանից հետո, երբ շահագրգիռ պետությունը վավերացրել կամ միացել է Կոնվենցիային:
6. Վավերացումը կամ միանալը կատարվում է վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
7. Ցանկացած վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել սույն Արձանագրության` բոլոր Պայմանավորվող կողմերին վերաբերող փոփոխության ուժի մեջ մտնելուց կամ բոլոր Պայմանավորվող կողմերի համար փոփոխության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների ավարտից հետո, վերաբերում է նաև փոփոխված Արձանագրությանը:
Հոդված 4
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված հինգ երկրների վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը հանձնելուն հաջորդած իննսուներորդ օրը:
2. Յուրաքանչյուր երկրի համար, որը վավերացնում է սույն Արձանագրությունը կամ միանում է դրան հինգ երկրների կողմից վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնվելուց հետո, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուն հաջորդած իննսուներորդ օրը:
Հոդված 5
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց տասներկու ամիս անց:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը դադարում է Կոնվենցիայի Կողմ լինելուց, նույն օրը դադարում է հանդիսանալ սույն Արձանագրության Կողմ:
Հոդված 6
Եթե սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո չեղյալ հայտարարելու հետևանքով Պայմանավորվող կողմերի թիվը պակասում է հինգից, սույն Արձանագրությունը դադարում է գործել վերջին չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելուց հետո: Այն նաև կորցնում է իր ուժը՝ սկսած այն օրվանից, երբ ուժը կորցնում է Կոնվենցիան:
Հոդված 7
1. Յուրաքանչյուր երկիր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Արձանագրությունը տարածվում է բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, և այն երկրների վրա, որոնց վերաբերյալ ինքը արել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը: Սույն Արձանագրությունը տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա վերոնշյալ ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալուց իննսուն օր հետո կամ, եթե մինչ այդ օրը Արձանագրությունը չի մտել ուժի մեջ, նրա ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Յուրաքանչյուր երկիր, որը, նախորդ կետի համաձայն, հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ սույն Արձանագրությունը կիրառվում է այն տարածքներում, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կարող է, 5-րդ հոդվածի դրույթների համաձայն, չեղյալ հայտարարել Արձանագրությունը այդ տարածքների նկատմամբ:
Հոդված 8
Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Արձանագրության կիրառման կամ մեկնաբանման հետ կապված յուրաքանչյուր վեճ, որը Կողմերը չեն կարող լուծել բանակցությունների ճանապարհով կամ այլ միջոցներով, ցանկացած շահագրգիռ Պայմանավորվող կողմի պահանջով կարող է հանձնվել Միջազգային դատարան` խնդիրը կարգավորելու համար:
Հոդված 9
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն Արձանագրության ստորագրման, վավերացման կամ նրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ իր համար պարտադիր չի համարում Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն սույն Արձանագրության 8-րդ հոդվածի դրույթներով այն բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք ներկայացրել են այդպիսի հայտարարություն:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը վերապահում է ներկայացնում 1-ին կետի համաձայն, կարող է ցանկացած պահի այն հետ վերցնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:
3. Սույն Արձանագրության համար որևէ այլ վերապահում չի թույլատրվում:
Հոդված 10
1. Սույն Արձանագրության երեք տարվա գործողությունից հետո ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելով, խնդրանք ներկայացնել սույն Արձանագրության վերանայման համար խորհրդաժողով հրավիրելու մասին: Գլխավոր քարտուղարը այդ խնդրանքի մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և հրավիրում է վերանայման խորհրդաժողով, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցումից հետո՝ չորս ամսվա ժամկետում, Պայմանավորվող կողմերից առնվազն 1/4-ը նրան ծանուցում է այդպիսի խնդրանքին իր համաձայնության մասին:
2. Եթե, նախորդ կետի համաձայն, հրավիրվում է խորհրդաժողով, Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և նրանց խնդրում է եռամսյա ժամկետում ներկայացնել այն առաջարկությունները, որոնք նրանք ցանկանում են քննարկել: Խորհրդաժողովի բացումից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ուղարկում է խորհրդաժողովի նախնական օրակարգը այդ առաջարկությունների տեքստի հետ միասին:
3. Գլխավոր քարտուղարը սույն հոդվածի համաձայն գումարված ցանկացած խորհրդաժողովի հրավիրում է այն բոլոր երկրներին, որոնք նշված են 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, և 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Պայմանավորվող կողմ դարձած երկրներին:
Հոդված 11
Բացի 10-րդ հոդվածում նշված ծանուցումներից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված երկրներին և սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Պայմանավորվող կողմ դարձած երկրներին.
ա) 3-րդ հոդվածի համաձայն վավերացումների և նրան միանալու մասին,
բ) 4-րդ հոդվածի համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,
գ) 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված հաղորդագրությունների մասին,
դ) 5-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարումների մասին,
ե) 6-րդ հոդվածի համաձայն սույն Արձանագրության դադարեցման մասին,
զ) 7-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների մասին,
է) 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին:
Հոդված 12
1979 թ. օգոստոսի 31-ից հետո սույն Արձանագրության բնօրինակն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը հաստատված օրինակներն ուղարկում է 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված երկրներից յուրաքանչյուրին:
Կատարված է Ժնևում, հազար ինը հարյուր յոթանասունութ թվականի հուլիսի հինգին, մեկական օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. սեպտեմբերի 9-ից: