Գլխավոր տեղեկություն
Номер
N 282
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.01.1998-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.1995
Дата вступления в силу
25.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 1995 թ. N 282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի», «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության նյութական խրախուսման սոցիալական զարգացման ֆոնդի» և «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի» մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի ստեղծման մասին» N 540 որոշումը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 25-ի N 282 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդը (այսուհետև` պահուստային ֆոնդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի կատարելագործման, մաքսային մարմինների նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ինչպես նաև այդ մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրության, նյութական խրախուսման և սոցիալական պայմանների բարելավման նպատակով:

2. Պահուստային ֆոնդի միջոցները պահվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համար բացված հատուկ ընթացիկ հաշիվներում:

3. Պահուստային ֆոնդի տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` սույն կանոնադրությամբ նշված նպատակների իրագործման համար:

 

2. Պահուստային ֆոնդի կազմավորման աղբյուրները

 

4. Պահուստային ֆոնդի կազմավորման աղբյուրներն են`

ա) մաքսային ծառայությունների դիմաց գանձվող մաքսավճարները,

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 16.12.97 N 587)

(4-րդ կետը փոփ. 16.12.97 N 587)

 

3. Պահուստային ֆոնդի օգտագործման ուղղությունները

 

5. Պահուստային ֆոնդի միջոցների 45 տոկոսը հատկացվում և ծախսվում է մաքսային համակարգի նյութատեխնիկական բազայի ստեղծման ու ամրապնդման, մաքսային գործի կատարելագործման և զարգացման նպատակներով, այդ թվում`

ա) մաքսային հսկողության տեխնիկական միջոցների ձեռքբերում ու դրանց վերանորոգման աշխատանքների ապահովում.

բ) տրանսպորտային միջոցների և այլ սարքավորումների ձեռքբերում ու դրանց շահագործման համար անհրաժեշտ ծախսերի կատարում.

գ) մաքսային մարմինների համար անհրաժեշտ շինությունների ձեռքբերում, կառուցում, դրանց վերանորոգման-շինարարական աշխատանքների կատարում.

դ) փորձագիտական լաբորատորիաների ստեղծում.

ե) մաքսային միասնական վիճակագրական համակարգի ստեղծում.

զ) մաքսային օրենսդրության մշակման աշխատանքներում գիտնականների և մասնագետների ներգրավում.

է) մաքսային հսկողության և ձևակերպման մեխանիզմների կատարելագործում.

ը) մաքսային գործի բնագավառում վերլուծական, հետազոտական աշխատանքների կազմակերպում.

թ) մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս.

ժ) առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով ծառայողական գործուղում արտասահմանյան առաջավոր մաքսային կենտրոններ և արտասահմանյան մասնագետների հրավիրում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ընդունում.

ի) մաքսային գործին առնչվող օրենսդրական ակտերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի տպագրում և բազմացում.

լ) մաքսային գործի կատարելագործման հետ կապված այլ ծախսերի ֆինանսավորում:

(5-րդ կետը փոփ. 24.07.97 N 299)

6. Պահուստային ֆոնդի միջոցների 50 տոկոսը հատկացվում և ծախսվում է մաքսային համակարգի աշխատողների վարձատրության, նյութական խրախուսման և սոցիալական պայմանների բարելավման նպատակներով, այդ թվում`

ա) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների, աշխատանքում առանձնակի հաջողությունների հասնելու, հատուկ կարևորության աշխատանքների կատարման համար նյութական խրախուսում.

բ) համակարգի աշխատողների լրացուցիչ վարձատրության համար միջոցների հատկացում.

գ) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար հանգստյան տների, առողջարանների, տուրիստական ուղևորությունների և այլ ուղեգրերի ձեռքբերում, ստացիոնար բուժման ֆինանսավորում.

դ) ծառայողական գործուղումների հետ կապված ծախսերի փոխհատուցում.

ե) աշխատողների կոոպերատիվ կամ անհատական բնակարանային շինարարության համար վերցված վարկերի մասնակի մարում.

զ) երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով անտոկոս վարկերի տրամադրում.

է) համակարգի աշխատողների կամ նրանց ընտանիքի անդամների մահվան կամ անաշխատունակության կորստի դեպքում միանվագ օգնության հատկացում.

ը) աշխատողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված այլ հատկացումներ:

(6-րդ կետը փոփ. 24.07.97 N 299)

7. Պահուստային ֆոնդի միջոցների 5 տոկոսը հատկացվում է մաքսային վարչության պետի ֆոնդին, որը նա օգտագործում է չնախատեսված ծախսերի կատարման համար, իր իրավասության շրջանակներում:

8. Սույն կանոնադրությամբ չնախատեսված նպատակների համար ծախսումները յուրաքանչյուր դեպքում կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ:

 

4. Եզրափակիչ դրույթներ

 

9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից պահուստային ֆոնդի միջոցների բաշխման և օգտագործման ուղղությունների մասին որոշումն ընդունվում է վարչությունում ստեղծվող հանձնաժողովի կողմից, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետը:

10. Պահուստային ֆոնդի միջոցների հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հանձնաժողովի որոշումներով:

11. Հանձնաժողովը պահուստային ֆոնդի միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում վարչության կոլեգիային` եռամսյակը մեկ անգամ, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` կիսամյակը մեկ անգամ:

12. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 45 հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը նախապատրաստում և հրապարակում է մաքսավճարների գանձումից ստացված միջոցների ծախսման մասին տարեկան հաշվետվություն:

13. Պահուստային ֆոնդի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 282
16.12.1997, N 587 04.01.1998, N 282
24.07.1997, N 299 01.09.1997, N 282
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան