040.0661.28.10.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1998 թվականի N 661
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԵՏԱԳԱ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարմանը համայնքների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փորձնական կարգով համայնքների կառավարմանը (առանց գույքի և շենքերի օտարման իրավունքի) հանձնել Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին պետական հանրակրթական հաստատություններ, համաձայն հավելվածի, և հաստատել համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր տիպային կանոնադրությունը (կցվում է):
2. Սահմանել, որ համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների գործադիր տնօրենների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված մրցութային կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը մինչև 1998 թվականի բյուջետային տարվա ավարտը շարունակել գործող կարգով և ծավալներով:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել պետական հանրակրթական հաստատությունների հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը 1999 թվականին նախատեսել փորձնական ծրագրում չընդգրկված պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նորմատիվային բազայով:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
ա) մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել փորձնական ծրագրի իրականացումն ապահովող նորմատիվային փաստաթղթերի փաթեթը.
բ) փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա մինչև 2000 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատությունները համայնքների կառավարմանը հանձնելու վերաբերյալ:
(7-րդ կետը փոփ. 14.09.99 N 572)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
1. Կարբիի միջնակարգ դպրոց
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
2. Մասիսի N 1 միջնակարգ դպրոց
3. Մասիսի N 2 միջնակարգ դպրոց
4. Մասիսի N 3 միջնակարգ դպրոց
5. Մասիսի N 4 միջնակարգ դպրոց
6. Մասիսի N 5 միջնակարգ դպրոց
7. Մասիսի N 6 միջնակարգ դպրոց
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
8. Մեծամորի N 1 միջնակարգ դպրոց
9. Մեծամորի N 2 միջնակարգ դպրոց
10. Մեծամորի N 3 միջնակարգ դպրոց
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
11. Արծվանիստի միջնակարգ դպրոց
12. Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց
13. Սեմյոնովկայի ութամյա դպրոց
14. Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
15. Ստեփանավանի N 1 միջնակարգ դպրոց
16. Ստեփանավանի N 2 միջնակարգ դպրոց
17. Ստեփանավանի N 3 միջնակարգ դպրոց
18. Ստեփանավանի N 4 միջնակարգ դպրոց
19. Ստեփանավանի N 5 միջնակարգ դպրոց
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
20. Նոր Հաճնի N 1 միջնակարգ դպրոց
21. Նոր Հաճնի N 2 միջնակարգ դպրոց
22. Նոր Հաճնի N 3 միջնակարգ դպրոց
23. Նոր Հաճնի N 4 միջնակարգ դպրոց
24. Չարենցավանի N 1 միջնակարգ դպրոց
25. Չարենցավանի N 2 միջնակարգ դպրոց
26. Չարենցավանի N 3 միջնակարգ դպրոց
27. Չարենցավանի N 4 միջնակարգ դպրոց
28. Չարենցավանի N 5 միջնակարգ դպրոց
29. Չարենցավանի N 6 միջնակարգ դպրոց
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
30. Արթիկի N 1 միջնակարգ դպրոց
31. Արթիկի N 2 միջնակարգ դպրոց
32. Արթիկի N 3 միջնակարգ դպրոց
33. Արթիկի N 4 միջնակարգ դպրոց
34. Արթիկի N 5 միջնակարգ դպրոց
35. Արթիկի N 6 միջնակարգ դպրոց
36. Արթիկի N 7 միջնակարգ դպրոց
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
37. Գորիսի N 1 միջնակարգ դպրոց
38. Գորիսի N 2 միջնակարգ դպրոց
39. Գորիսի N 3 միջնակարգ դպրոց
40. Գորիսի N 4 միջնակարգ դպրոց
41. Գորիսի N 5 միջնակարգ դպրոց
42. Գորիսի N 6 միջնակարգ դպրոց
43. Սիսիանի N 1 միջնակարգ դպրոց
44. Սիսիանի N 2 միջնակարգ դպրոց
45. Սիսիանի N 3 միջնակարգ դպրոց
46. Սիսիանի N 4 միջնակարգ դպրոց
47. Սիսիանի N 5 միջնակարգ դպրոց
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
48. Ջերմուկի N 1 միջնակարգ դպրոց
49. Ջերմուկի N 2 միջնակարգ դպրոց
50. Ջերմուկի N 3 միջնակարգ դպրոց
51. Ագարակաձորի միջնակարգ դպրոց
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
52. Դիլիջանի N 1 միջնակարգ դպրոց
53. Դիլիջանի N 2 միջնակարգ դպրոց
54. Դիլիջանի N 3 միջնակարգ դպրոց
55. Դիլիջանի N 4 միջնակարգ դպրոց
56. Դիլիջանի N 5 միջնակարգ դպրոց
57. Դիլիջանի N 6 միջնակարգ դպրոց
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. կարամանուկյան |
Հաստատված է |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատությունը (այսուհետև` հաստատություն) անընդհատ կրթության համակարգի հիմնական օղակն է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրականացնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իրենց կրթության իրավունքը:
Հաստատությունն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրեր (այսուհետև` հանրակրթական ծրագրեր):
2. Հաստատության հիմնական նպատակներն են` հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման հիման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքի և աշխատանքի, հասարակական համակեցության, մասնագիտական կրթական ծրագրերի գիտակցական ընտրության և հայրենասիրության դաստիարակումը:
3. Հաստատությունն ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
4. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, համամարդկային և ազգային արժեքների զուգորդման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի, անհատի ազատ զարգացման սկզբունքների վրա:
5. Հաստատությունում չի թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը:
6. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին համապատասխան հանրակրթական ծրագրերի իրագործման, սովորողների տարիքային ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին, ընդունակություններին, նրանց կյանքի և առողջության պահպանմանը, գիտական պահանջներին համապատասխան կրթական մեթոդների և ձևերի ընտրության համար:
Հաստատությունում երկու սեռի սովորողների ուսուցումը, որպես կանոն, տարվում է համատեղ:
7. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ:
Հաստատության կանոնադրությունը կազմվում է սույն կանոնադրության հիման վրա` հաշվի առնելով տվյալ հաստատության առանձնահատկությունները:
8. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է նաև օտարերկրյա կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ:
9. Հաստատությունն իրավաբանական անձ է, ունի իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
10. Հաստատությունը վկայագրվում և հավատարմագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Հաստատության ստեղծումը, վերակառուցումը, լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատության լուծարումը կամ վերակառուցումն իրականացվում է բացառապես ուսումնական տարվա վերջում: Այդ դեպքում համապատասխան վերադաս կառավարման մարմինը պարտավոր է սովորողներին` ծնողների համաձայնությամբ տեղավորել այլ հաստատություններում:
II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Հաստատության կառավարման բարձրագույն մարմինը հաստատության խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ): Խորհրդի կազմը և անդամների թիվը, որը չպետք է հինգից պակաս և իննից ավելի լինի, սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինը (այսուհետև` վերադաս մարմին):
Խորհրդի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
13. Խորհրդի կազմում թեկնածուներ են առաջադրում`
ա) հաստատության մանկավարժական խորհուրդը (մինչև 30 տոկոս).
բ) հաստատության ծնողական խորհուրդը (մինչև 30 տոկոս).
գ) վերադաս մարմինը (մինչև 40 տոկոս):
14. Սահմանված կարգով ներկայացված թեկնածուներից խորհրդի անհատական կազմը հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վերադաս մարմինը:
15. Խորհուրդը`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից սահմանված մրցութային կարգի համաձայն ընտրում է հաստատության գործադիր տնօրեն (այսուհետև` տնօրեն) ու նրա հետ կնքում պայմանագիր, որով սահմանվում է տնօրենի վարձատրության, փոխհատուցումների վճարման կարգը, ինչպես նաև այլ պայմաններ.
բ) որոշում է կայացնում հաստատության աուդիտն անցկացնելու մասին և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
գ) տնօրենի ներկայացմամբ`
հաստատում է հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոններն ու կառուցվածքը.
հաստատում է հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը.
մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը հաստատում և տնօրենի միջոցով սահմանված կարգով ներկայացնում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
հաստատում է հաստատության ամենամյա ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
16. Սահմանված կարգի խախտմամբ տնօրեն նշանակելու և նրա հետ պայմանագիր կնքելու, հաստատության ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության ընթացքում խախտումների կապակցությամբ տնօրենի հետ կնքված պայմանագրի չդադարեցման դեպքերում վերադաս մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի լիազորությունները: Այդ դեպքում նշանակվում է տնօրենի պաշտոնակատար և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով նշանակվում խորհրդի նոր կազմ:
17. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) գումարում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:
Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
18. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի նախագահի, ինչպես նաև տնօրենի, խորհրդի անդամի նախաձեռնությամբ:
19. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
20. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է նիստը նախագահողի կողմից:
21. Հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
22. Տնօրենը`
ա) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, հաստատության բնականոն գործունեությունը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, հանդիսանում է վարկի կարգադրիչ.
գ) կնքում է հաստատության գույքի վարձակալության պայմանագրերը` նախապես համաձայնեցնելով խորհրդի և վերադաս մարմնի հետ.
դ) ներկայացնում է հաստատությունը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կրթական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.
ե) առանց լիազորագրի գործում է հաստատության անունից.
զ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները և կառուցվածքը.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին.
ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական ներգործության միջոցներ.
ժա) հաստատում է հաստատության ուսումնական պլանը` նախարարության սահմանած օրինակելի ուսումնական պլանին համապատասխան.
ժբ) ապահովում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժգ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, հաստատության արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նկատմամբ.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում է հաստատության աշխատողների պարտականությունները, ապահովում աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, սանիտարաառողջապահական ռեժիմի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
23. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` առանց խորհրդի համաձայնության:
24. Տնօրենը կարող է ունենալ տեղակալ (տեղակալներ): Տնօրենի տեղակալին (տեղակալներին) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնօրենը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Տնօրենի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը տնօրենի հրամանով:
25. Հաստատության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների համար.
բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքում սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
գ) հրահանգավորում է հաստատության մանկավարժական անձնակազմին, դասղեկներին, հաստատությունում կազմակերպում մեթոդական աշխատանքը, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվությունները.
դ) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների ու դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին:
26. Հաստատության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները.
բ) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
գ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար:
27. Հաստատության տնտեսական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա) պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, ուսումնական պարապմունքներին ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.
բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:
28. Հաստատության դասղեկը`
ա) դաստիարակչական աշխատանք է տանում իրեն հանձնված դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ.
բ) ապահովում է սովորողների նկատմամբ հաստատության և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը.
գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.
դ) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հաստատության ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի վերաբերյալ տեղեկություններ.
ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդման և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, շրջագայություններ, կանոնավորում օրվա ռեժիմը, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի կազմակերպմանը.
զ) հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.
է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն ձեռնարկումները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների կենսագործումը:
29. Համայնքի, ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով հաստատությանը կից ստեղծվում են ծնողական խորհուրդներ, կարող են ստեղծվել հոգաբարձուների և այլ խորհուրդներ, որոնց իրավասության շրջանակները սահմանվում են նախարարության հաստատած օրինակելի կանոնադրություններով:
30. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվում են մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց օրինակելի կանոնադրությունները հաստատում է նախարարությունը:
31. Հաստատության ղեկավարը (տնօրենը, տնօրենի տեղակալը), ինչպես նաև մանկավարժական աշխատողներն ատեստավորվում են նախարարության սահմանած կարգով:
III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
32. Հաստատությունը հանրակրթական ծրագիրն իրականացնում է անընդհատ կրթության հարաբերականորեն ինքնուրույն 3 աստիճանով`
տարրական կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի).
հիմնական կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի).
միջնակարգ կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 2 տարի):
Առանձին սովորողների համար հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով պետական կրթական չափորոշիչներին համապատասխան գիտելիքների ստուգմամբ:
33. Հաստատությունը հանրակրթական ծրագրերին համապատասխան ստորաբաժանվում է կրտսեր, միջին և ավագ դպրոցների, որոնք կարող են ունենալ ինքնուրույն կարգավիճակ կամ երկուսը-երեքը միասին` ընդգրկվել մեկ հաստատության մեջ:
34. Հաստատությունը կարող է ունենալ մասնաճյուղեր, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Հաստատությունը կարող է գործել որպես կրթահամալիր` ներառելով տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ: Կրթահամալիրի կանոնադրությունը հաստատում է նախարարությունը:
36. Կրտսեր դպրոցը, տարրական կրթության ծրագրին համապատասխան, երեխայի գործունեության ձևերի ընդլայնման միջոցով ապահովում է նրա ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի և վարվելաձևի, ինքնավերահսկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը:
37. Միջին դպրոցը, տարրական կրթության հիմքի վրա, ապահովում է հիմնական կրթության ծրագրերի յուրացումը, սովորողների անձի ձևավորումն ու կայացումը, բարենպաստ միջավայր ստեղծում սոցիալական ինքնահաստատմանը և ինքնադրսևորմանը նպաստող ընդունակությունների, նախասիրությունների և հակումների զարգացման համար:
Հիմնական կրթությունը պարտադիր է և ավարտվում է որակավորմամբ:
38. Ավագ դպրոցը, հիմնական կրթության հիմքի վրա, ապահովում է սովորողների միջնակարգ կրթության ծրագրերի յուրացումը, ճանաչողական հետաքրքրությունների զարգացումն ու ստեղծագործական ունակությունների ձևավորումը, տարբերակված ուսուցման հիման վրա նախամասնագիտական ծրագրի յուրացումը:
Ավագ դպրոցն ավարտվում է պետական քննություններով:
Ավագ դպրոցի տեսակները սահմանում է նախարարությունը:
39. Վերադաս մարմնի կողմից հաստատությանն ամրակցվում է համայնքի որոշակի տեղամաս: Հաստատությունը միջոցներ է ձեռնարկում այդ տեղամասում ապրող` պարտադիր ուսուցման ենթակա բոլոր երեխաներին ուսման մեջ ընդգրկելու համար:
IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
40. Հաստատության ուսուցման լեզուն գրական հայերենն է:
Ազգային փոքրամասնությունների համար բացված հաստատություններում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
41. Հաստատության ընդունելության կարգը, ինչպես նաև դպրոցական արձակուրդների ժամկետները սահմանում է նախարարությունը:
42. Հաստատության բուժսպասարկումն ապահովում է առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը տնօրինության և մանկավարժական անձնակազմի հետ միասին պատասխանատվություն է կրում բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:
43. Հաստատության դասարանի միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` կրտսեր և միջին դպրոցի համար, 20-25 սովորող` ավագ դպրոցի համար` սանիտարական նորմերի պահպանմամբ: Ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել նախարարության սահմանած կարգով:
44. Առանձին առարկաների պարապմունքների անցկացման ընթացքում դասարանը կարող է կիսվել երկու խմբի` նախարարության սահմանած կարգով` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
45. Հաստատությունում ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 34 շաբաթ, իսկ կրտսեր դպրոցի 1-ին դասարանի համար` 30 շաբաթ:
Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների կամ քառորդների:
46. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է, բացառիկ դեպքերում այն կարող է փոփոխվել նախարարության թույլտվությամբ:
47. Հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամանակացույցը (գրաֆիկ), սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության և հաճախումների գրանցման, դասարանից դասարան փոխադրման և պետական ավարտական քննությունների անցկացման կարգը սահմանում է նախարարությունը:
48. Ուսուցման կազմակերպման ձևերն են`
ցերեկային,
երեկոյան,
հեռակա (անհատական, ընտանեկան և այլն):
49. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանների ու ուսումնական ծրագրերի հիման վրա:
50. Հաստատության ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի պետական օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
51. Ավագ դպրոցում ուսումնառության մեջ բացառիկ հաջողությունների հասած շրջանավարտները պարգևատրվում են ոսկե կամ արծաթե մեդալներով` նախարարության սահմանած կարգով:
Տարեկան գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք, ինչպես նաև առանձին ուսումնական առարկաներից գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները նախարարության սահմանած կարգով պարգևատրվում են գովասանագրերով:
52. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի տեսչավորումն իրականացնում է մարզային կրթության վարչությունը (բաժինը)` նախարարության սահմանած կարգով:
53. Հաստատությունում գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և նախարարության հաստատած հրահանգի համաձայն:
V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՎ ԾՆՈՂԸ
54. Սովորողն իրավունք ունի`
անվճար ստանալու տարրական, հիմնական և միջնակարգ կրթություն.
անկախ բնակության վայրից, սահմանված կարգով ընտրելու հաստատությունը և ուսուցման ձևը.
անվճար օգտվելու հաստատության գրադարանից.
հաստատությունում յուրացնելու նախասիրական, այդ թվում` վճարովի կրթական ծրագրեր, ստանալու վճարովի ծառայություններ.
ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները:
55. Արգելվում է առանց ծնողների և սովորողների համաձայնության սովորողներին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և հաստատության կանոնադրությամբ:
56. Հաստատությունում արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:
57. Սովորողը պարտավոր է`
բարեխղճորեն սովորել.
խնամքով վերաբերվել հաստատության գույքին.
հարգել հաստատության սովորողների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը.
պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները:
58. Հաստատության ներքին կարգապահական կանոնները խախտելու համար թույլատրվում է, որպես ծայրահեղ միջոց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սովորողին հեռացնել հաստատությունից:
59. Ծնողն իրավունք ունի`
պաշտպանելու երեխայի օրինական շահերն ու իրավունքները.
սահմանված կարգով մասնակցելու հաստատության կառավարմանը:
60. Ծնողը պարտավոր է`
կատարել հաստատության կանոնադրությամբ սահմանված իր պարտականությունները.
ապահովել երեխայի կրթության համար անհրաժեշտ պայմաններ:
61. Հաստատություն մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մասնագետը: Ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետի հաստատությունում աշխատելու կարգը և պայմանները սահմանում է նախարարությունը:
62. Հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
63. Հաստատության մանկավարժական աշխատողները կարող են ընտրել և կիրառել նախարարության երաշխավորած ուսուցման և դաստիարակության ձևերից ու մեթոդներից, ուսումնական նյութերից ու ձեռնարկներից որևէ մեկը:
64. Հաստատության մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի նվազագույնի յուրացումը սովորողների կողմից:
65. Հաստատության աշխատողները պետք է համապատասխանեն սահմանված տարիֆաորակավորման բնութագրին և անընդհատ բարձրացնեն իրենց որակավորումը:
VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ
66. Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:
Հաստատության բյուջետային միջոցները գոյանում են մեկ աշակերտի հաշվարկով պետական պատվերով հատկացված գումարներից և օգտագործվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
67. Հաստատության բյուջետային ֆինանսավորման նորմացույցները սահմանում է նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
68. Հաստատության արտաբյուջետային միջոցները գոյանում են`
ա) հաստատության գույքի (տարածքի) սահմանված կարգով վարձակալությունից ստացված միջոցներից.
բ) հաստատության մատուցած վճարովի ծառայություններից.
գ) բարեգործական, նպատակային ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված այլ միջոցներից: Նշված աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները չեն կարող հիմք հանդիսանալ բյուջետային միջոցներից հատկացումների նվազեցման համար:
69. Հաստատության բյուջետային միջոցներն սպասարկվում են հաստատության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքներում բացվող հաշվով, իսկ արտաբյուջետային դրամական միջոցները` բանկերում բացվող հաշվարկային, դեպոզիտային (այդ թվում` տարադրամային) հաշիվներով:
70. Նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր իրականացնող հաստատությանը նախարարության կամ համայնքի բյուջեից կարող են հատկացվել լրացուցիչ միջոցներ:
71. Հաստատությունն ինքնուրույնաբար է տնօրինում իր ֆինանսական միջոցները:
72. Հաստատության մատուցած վճարովի ծառայությունները չպետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գործունեության փոխարեն և դրա որակի հաշվին:
73. Հաստատությունում, խորհրդի որոշմամբ, աշխատողների դրույքաչափերի ու աշխատավարձի նկատմամբ արտաբյուջետային միջոցների հաշվին կարող են կիրառվել տարբերակված հավելումներ` մասնագիտական վարպետության, որակյալ աշխատանքի, մասնագիտությունների համատեղման և այլնի համար:
74. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում համապատասխան պետական, այդ թվում` վերադաս մարմին:
Հաստատության գործունեությանը վերաբերող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությամբ չնախատեսված տեղեկությունները պետական մարմիններին տրամադրվում են հաստատության հայեցողությամբ: