ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,
հաշվի առնելով «Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի» (ասուհետ` Կոնվենցիա) դրույթները, որը ստորագրման համար բացվել է Փարիզում 1957թ. դեկտեմբերի 13-ին, մասնավորապես դրա 3-րդ և 9-րդ հոդվածները,
համարելով, որ ցանկալի է լրացումներ կատարել Կոնվենցիայում` նպատակ ունենալով ամրապնդել մարդկության և անհատների պաշտպանությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գ լ ու խ 1
Հոդված 1
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառման նպատակով քաղաքական հանցագործություններ չեն համարվում հետևյալները`
ա) մարդկության դեմ այն հանցագործությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված` Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայում,
բ) «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 50-րդ հոդվածում, «Ծովում զինված ուժերի վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 51-րդ հոդվածում, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 130-րդ հոդվածում և «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 147-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունները,
գ) պատերազմի այն օրենքների բոլոր համեմատելի խախտումները, որոնք գործում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելիս, ինչպես նաև պատերազմի այն սովորույթների խախտումները, որոնք այդ ժամանակ գոյություն ունեն և Ժնևի վերոհիշյալ կոնվենցիաների դրույթներով չեն նախատեսվում:
Գ լ ու խ 2
Հոդված 2
Կոնվենցիայի 9-րդ հոդվածը լրացվում է հետևյալ տեքստով, ընդ որում 9-րդ հոդվածի սկզբնական տեքստը դառնում է առաջին կետ, իսկ ստորև բերվողները, համապատասխանաբար, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր.
«2. Այն անձի հանձնումը, որի նկատմամբ Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող մի երրորդ պետության տարածքում կայացվել է վերջնական դատավճիռ այն հանցագործության կամ հանցագործությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ պահանջ էր ներկայացվել, չի իրականացվի.
ա) եթե նկատմաբ կայացվել է արդարացման դատավճիռ,
բ) եթե նրա նկատմամբ նշանակված ազատազրկումը կամ այլ պատիժը.
i. ամբողջությամբ ի կատար է ածվել,
ii. համաներման կամ ներման պատճառով մասամբ կամ ամբողջությամբ ի կատար չի ածվել,
գ) եթե դատարանը նրան մեղավոր է ճանաչել` առանց պատիժ նշանակելու:
3. Այնուհանդերձ, 2-րդ կետում նշված դեպքերում հանձնում կարող է թույլատրվել`
ա) եթե դատավճռի կայացման հիմքում ընկած հանցագործությունն ուղղված է եղել Հայցող պետության տարածքում հանրային կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ,
բ) եթե դատավճիռը կայացվել է Հայցող պետության տարածքում հանրային կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ,
գ) եթե դատավճռի կայացման հիմքում ընկած հանցագործությունն ամբողջությամբ կամ մասամբ կատարվել է Հայցող պետության տարածքում կամ նրա տարածք համարվող վայրում:
4. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կանխարգելում ավելի լայն ներպետական դրույթների կիրառումը, որոնք վերաբերում են օտարերկրյա պետության կողմից կայացված դատավճռին առնչվող «Ne bis in idem» -ի սկզբունքի գործողությանը:»:
Գ լ ու խ 3
Հոդված 3
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի:Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին երրորդ փաստաթղթի ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացնող, ընդունող կամ հաստատող՝ ստորագրած Պետությունների նկատմամբ վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան:
Հոդված 4
1. Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիային միացած ցանկացած պետություն կարող է միանալ սույն Արձանագրությանը:
2. Այդպիսի միացումը իրականացվելու է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով միանալու մասին փաստաթուղթը, որն ուժի մեջ կմտնի ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
Հոդված 5
1. Վավերագիրը, ստորագրելու, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:
2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ կատարել:
3. Տարածքի առնչությամբ նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունից Կողմը կարող է հրաժարվել սույն Արձանագրության 8-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 6
1. Ցանկացած Պետություն կարող է վավերագիրը, ստորագրելու, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունել I կամ II Գլուխները:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել նախորդ կետի համաձայն արված հայտարարությունից` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:
3. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել:
Հոդված 7
Եվրոպայի խորհրդի` Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն պետք է տեղեկացված լինի սույն Արձանագրության կիրառման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է դյուրացնել` կիրառման արդյունքում առաջացող դժվարությունները խաղաղ կարգով լուծելու համար:
Հոդված 8
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է իր մասով չեղյալ հայտարարել Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:
3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը ինքնաբերաբար հանգեցնում է Արձանագրության չեղյալ հայտարարմանը:
Հոդված 9
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր պետություններին կծանուցի`
ա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունների մասին,
բ) վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին,
գ) սույն Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ) 5-րդ հոդվածի համաձայն ստացված հայտարարությունների և դրանցից հրաժարվելու մասին,
ե) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
զ) 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված հայտարարություններից հրաժարվելու մասին,
է) 8-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:
Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1975 թվականի հոկտեմբերի 15-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք կպահվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրած և միացած բոլոր պետություններին:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 17-ից: