ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,
ցանկանալով ֆինանսական հանցագործությունների ոլորտում դյուրացնել «Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի» կիրառումը, որը ստորագրման համար բացվել է Փարիզում 1977թ. դեկտեմբերի 13-ին (այսուհետ` Կոնվենցիա),
հաշվի առնելով, որ ցանկալի է նաև որոշ առումներով լրացումներ կատարել Կոնվենցիայում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Գ լ ու խ 1
Հոդված 1
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետը լրացվում է հետևյալ դրույթով. «Սույն իրավունքը կիրառվում է նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնց համար նշանակվում են դրամական բնույթի պատիժներ:»:
Գ լ ու խ 2
Հոդված 2
Կոնվենցիայի 5-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ դրույթներով.
«Ֆինանսական հանցագործություններ»
1. Հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի և փոխանակման հետ կապված հանցագործությունների դեպքում Պայմանավորվող կողմերի միջև հանձնում տեղի է ունենում համաձայն Կոնվենցիայի դրույթների, եթե հանցագործությունը, հայցվող Կողմի օրենսդրության համաձայն, համապատասխանում է նույնաբնույթ հանցագործությանը:
2. Հանձնումը չի կարող մերժվել այն հիմքով, որ Հայցվող կողմի օրենսդրությամբ չեն սահմանված նույնաբնույթ հարկեր կամ տուրքեր, կամ չի նախատեսվում հարկի, տուրքի, մաքսատուրքի և փոխանակման նույնաբնույթ կարգավորում, ինչը նախատեսվում է Հայցող կողմի օրենսդրությամբ:
Գ լ ու խ 3
Հոդված 3
Կոնվենցիան լրացվում է հետևյալ դրույթներով.
«Ամբաստանյալի բացակայությամբ կայացված վճիռներ»
1. Եթե մի Պայմանավորվող կողմը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին` խնդրելով իրեն հանձնել անձին` վերջինիս նկատմամբ ի կատար ածելու համար պատիժ կամ կալանք, որը նշանակվել է նրա բացակայության պայմաններում կայացված դատավճռով, ապա Հայցվող կողմը կարող է հրաժարվել այդ նպատակով անձին հանձնելուց, եթե, համարում է, որ վճռին հանգեցնող վարույթում չեն ապահովվել պաշտպանական նվազագույն իրավունքները, որոնք ճանաչվում են պատշաճ կերպով, յուրաքանչյուրի համար, ում նկատմամբ հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել: Այսուհանդերձ, հանձնումը թույլատրվում է, եթե Հայցող կողմը տալիս է երաշխիք, որը բավարար է` երաշխավորելու պահանջվող անձի գործով կրկնակի դատավարության իրականացումը` ապահովելով նրա պաշտպանության իրավունքը: Այս որոշումը Հայցող կողմին լիազորում է կամ ի կատար ածել կայացված դատավճիռը, եթե դատապարտված անձը չի առարկում, կամ, եթե առարկում է, վարույթ իրականացնել հանձնված անձի նկատմամբ:
2. Երբ հայցվող Կողմը տեղեկացնում է անձին, որի հանձնումը հայցվել էր իր բացակայությամբ կայացված դատավճռից ելնելով, Հայցող կողմը չի համարի դա որպես պաշտոնական ծանուցում տվյալ պետության քրեական դատավարության նպատակների առումով:
Գ լ ու խ 4
Հոդված 4
Կոնվենցիան լրացվում է հետևյալ դրույթներով.
«Համաներում»
Հանձնում չի կատարվում այն հանցագործության համար, որի վերաբերյալ հայտարարվել է համաներում Հայցվող պետության տարածքում, և որի կատարման համար տվյալ պետությունը իրավասություն է ունեցել հետապնդում իրականացնել իր քրեական օրենսդրության համապատասխան:
Գ լ ու խ 5
Հոդված 5
Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետը փոխարինվում է հետևյալ դրույթով.
«Դիմումը պետք է ներկայացվի գրավոր` հասցեագրվելով Հայցող կողմի արդարադատության նախարարությունից Հայցվող կողմի արդարադատության նախարարությանը. այսուհանդերձ, չի բացառվում դիվանագիտական ուղիների օգտագործումը: Երկու կամ ավելի Կողմերի ուղղակի համաձայնությամբ կարող են ապահովվել հաղորդակցության այլ ձևեր:»:
Գ լ ու խ 6
Հոդված 6
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացումը, ընդունումը կամ հաստատումը ծանուցող երրորդ փաստաթուղթն ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացնող, ընդունող կամ հաստատող՝ ստորագրած Պետությունների նկատմամբ վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան:
Հոդված 7
1. Կոնվենցիային միացած ցանկացած պետություն կարող է սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո միանալ նաև Արձանագրությանը:
2. Այսպիսի միացման դեպքում Արձանագրությունը պետության համար ուժի մեջ կմտնի միացման մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
Հոդված 8
1. Ստորագրելու, ընդունման, հաստատման, միանալու փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:
2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատու է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ կատարել:
3. Նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունից հայտարարության մեջ նշվող տարածքի առնչությամբ Կողմը կարող է հրաժարվել` այդ մասին ծանուցում ուղարկելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Հրաժարման մասին ծանուցումը ուժի մեջ է մտնում նման ծանուցումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 9
1. Կոնվենցիայի դրույթների նկատմամբ Պետություններից մեկի վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, բացառությամբ այն դեպքի, եթե Կողմն այլ կերպ է հայտարարում ստորագրման, ընդունման, հաստատման, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս:
2. Ցանկացած պետություն կարող է ստորագրելու, ընդունման, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրը ի պահ տալիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.
ա) չընդունել 1-ին գլուխը,
բ) չընդունել 2-րդ գլուխը կամ այն ընդունել միայն որոշ հանցագործությունների տարատեսակների մասով, որոնք նշված են 2-րդ հոդվածում,
գ) չընդունել 3-րդ գլուխը կամ ընդունել միայն 3-րդ հոդվածի 1-ին կետը,
դ) չընդունել 4-րդ գլուխը,
ե) չընդունել 5-րդ գլուխը:
3. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել նախորդ կետի համաձայն կատարած հայտարարությունից` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:
4. Պայմանավորվող կողմը, որ սույն Արձանագրության նկատմամբ կիրառել է Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ կատարված վերապահումը կամ վերապահում է կատարել Արձանագրության որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ որևէ այլ Պայմանավորվող կողմ կիրառի այդ դրույթը, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Կողմը կիրառի խնդրո առարկա դրույթն այն չափով, որ չափով ինքն է ընդունել:
5. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել:
Հոդված 10
Եվրոպայի խորհրդի` Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին պետք է տեղեկացված լինի սույն Արձանագրության կիրառման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է դյուրացնել` կիրառման արդյունքում առաջացող դժվարությունները խաղաղ կարգով լուծելու համար:
Հոդված 11
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի ծանուցում ստանալուց վեց ամիս հետո:
3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը ինքնաբերաբար հանգեցնում է Արձանագրության չեղյալ հայտարարման:
Հոդված 12
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր պետություններին ծանուցում է`
ա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունների մասին,
բ) վավերագիրը, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու մասին,
գ) սույն Արձանագրության 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն` Արձանագրության ուժի մեջ մտնելու տվյալների մասին,
դ) 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
ե) 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
զ) 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վերապահումների մասին,
է) 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` որևէ վերապահումից հրաժարվելու մասին,
ը) 11-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և հրաժարումն ուժի մեջ մտնելու տվյալների մասին:
Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1978 թվականի մարտի 17-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք կպահվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրած և միացած բոլոր պետություններին:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 17-ից: