Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2006-07.09.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.529
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2006
Дата вступления в силу
18.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 449-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բնական գազի սպառողներին մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը սպառվող բնական գազի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի սպառողների օգտին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարի բնական գազի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագինը  մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

ամսական մինչև 10000 նորմալ խոր. մետր սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար 90000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 25000 դրամի սուբսիդիա,

ամսական 10000 նորմալ խոր. մետր և ավելի սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար 146,51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 52,01 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ սուբսիդիա:

Սույն կետով սահմանված` բնական գազի սպառողների օգտին պետության կողմից սուբսիդավորումը չի իրականացվում (սուբսիդիաներ չեն վճարվում)` արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար սպառված բնական գազի դիմաց:

2. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած  ժամանակահատվածում սպառված բնական գազի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գներով` հետևյալ չափերով`

ամսական մինչև 10000 նորմալ խոր. մետր սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար` 65000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

ամսական 10000 նորմալ խոր. մետր և ավելի սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար` 94,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

բ) սուբսիդիաների տեսքով պետության վճարած գումարը սպառողների փաստացի սպառման ծավալը գերազանցելու դեպքում ավելի մասը հաշվարկել որպես կանխավճար` 2009 թվականի համար:

3. Դադարեցնել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը` հիմնարկի ամբողջ գույքը (այսուհետ` «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիր) ամրացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գործունեության դադարեցման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի համար (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի գումարները) համապատասխան գումար հատկացնելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

4.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության` «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկից ընդունման-հանձնման ակտով ընդունել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրը և մուտքագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշիռ` հաշվեկշռային արժեքով:

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի (անշարժ գույքի մասով), ինչպես նաև դրանում զբաղեցված համապատասխան հողամասի նկատմամբ պետական սեփականության իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (այսուհետ` գրանցում) և համապատասխան սեփականության վկայականի ստացումը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` գրանցման հետ կապված պետական տուրքի և այլ վճարումների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը համապատասխան միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

4.3.  Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության առաջարկած` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության հիմնադրած նոր իրավաբանական անձի հետ (համապատասխան անձն այսուհետ` գնորդ) կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`

ա) գույքային համալիրի գինը կազմում է  248,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ներառյալ սեփականության իրավունքով տրամադրվող հողամասի կադաստրային արժեքը (այսուհետ` կադաստրային արժեք).

բ) գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով` 2006 թվականի ընթացքում` 58,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2007 թվականի ընթացքում` 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2008 թվականի ընթացքում` 120 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) գույքային համալիրի զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի մի մասը գնորդին տրամադրվում է սեփականության իրավունքով, մյուս մասը` անհատույց մշտական օգտագործման իրավունքով (որի մասին գնորդը պետք է օգտագործման պայմանագիր կնքի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ).

դ) անշարժ գույքի մասով առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են գնորդի հաշվին.

ե) գնորդը պարտավորվում է շարունակել անավարտ շինարարության օբյեկտի կառուցումը, մինչև 2008 թվականն ապահովել գույքային համալիրի շահագործման հանձնումը` դրանում տեղակայելով մինչև 140 մեգավատ էլեկտրական հզորությամբ գազատուրբին` նպատակ ունենալով նվազեցնելու էլեկտրաէներգիայի արտադրության վառելիքային ծախսերը:

Գնորդի կողմից սույն պայմանի կատարման վերահսկողությունը վաճառողի անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը:

4.4. Գնորդի կողմից ստացվող պայմանագրի գնի վճարումները հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային բանկային հաշվին, որից`

ա) ընդամենը 188,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես բնական գազի սպառողներին գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում` սույն որոշման 1-ին կետում նշված չափերով, որից` 2006 թվականի ընթացքում` 58,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և կադաստրային արժեքի տարբերությունը, 2007 թվականի ընթացքում` 60 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ավելացրած (գումարած) կադաստրային արժեքը, 2008 թվականի ընթացքում` 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում).

բ) ընդամենը 60 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառում է կադաստրային արժեքը) վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որից` կադաստրային արժեքը` 2006 թվականին, 10 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և կադաստրային արժեքի տարբերությունը` 2007 թվականին, 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` 2008 թվականին (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում):

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի հանձնման կապակցությամբ անհրաժեշտ հանձնաժողովների ձևավորումը և դրանց գործողությունների համակարգումը.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացնել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին սեփականության և օգտագործման իրավունքով տրամադրվող հողամասերի սխեմաները («Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը` ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների սպասարկման հողամասերը, գնորդին տրամադրվում են բացառապես անհատույց մշտական օգտագործման իրավունքով).

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի լուծարման աշխատանքների իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` գնորդի հետ կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի զբաղեցրած հողամասի անհատույց մշտական օգտագործման պայմանագիր` ըստ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված սխեմաների (անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրվում են Ռուսաստանի Դաշնությանը պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը` ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների հողամասերը)` ապահովելով ստորագրված պայմանագրի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` գնորդի հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 28
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան