ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1992 թ. N 579
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հետ համատեղ 20-օրյա ժամկետում մշակել ու հաստատել ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնների մասին հրահանգը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության գործող ենթաօրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (այսուհետև` կազմակերպություններ), անկախ սեփականության ձևից, նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար, եթե այն առաջացել է կազմակերպության տարածքում կամ դրանից դուրս աշխատանքային պարտականություններ կատարելիս, ինչպես նաև կազմակերպության օգտին որևէ անհրաժեշտ գործողություն կատարելիս:
Կազմակերպությունն ազատվում է վնասի փոխհատուցումից, եթե ապացուցում է, որ աշխատողի խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջության այլ վնասումն առաջացել է ոչ իր մեղքով:
Կազմակերպության մեղքի ապացույցներ կարող են հանդիսանալ`
ա) արտադրության հետ կապված դժբախտ պատահարի մասին համապատասխան ակտը.
բ) դատարանի դատավճիռը և վճիռը, ինչպես նաև դատախազը, հետաքննության կամ նախաքննության մարմնի որոշումները.
գ) աշխատանքի պաշտպանությունը հսկող իրավասու մարմինների, ինչպես նաև մասնագիտական հիվանդության մասին բժշկական եզրակացությունները.
դ) մեղավոր անձանց վարչական կամ կարգապահական տույժերի ենթարկելու մասին համապատասխան մարմինների որոշումները.
ե) այլ փաստաթղթեր, ինչպես նաև վկաների ցուցմունքները:
2. Վնասը փոխհատուցվում է դրամով, որը սահմանված կարգով ու պարբերականությամբ վճարվում է տուժողին` նրա այն աշխատավարձի (դրա համապատասխան մասի) չափով, որից նա զրկվել է խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման պատճառով աշխատունակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու հետևանքով:
3. Եթե աշխատանքային խեղումը, մասնագիտական հիվանդությունը և առողջության այլ վնասումն առաջացել է ոչ միայն կազմակերպության մեղքով, այլև` տուժողի կոպիտ անզգուշության հետևանքով, ապա վնասի փոխհատուցման չափը, կախված տուժողի մեղքի աստիճանից, համապատասխանորեն պակասեցվում է:
4. Տուժողի մահվան դեպքում վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նրա խնամքի տակ գտնված անաշխատունակ անձինք (այդ թվում նրա` մահից հետո ծնված երեխան), ինչպես նաև տուժողի այն ծնողը, ամուսինը, ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և տանում է նրա 8 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքը:
5. Աշխատանքային խեղման հետևանքով աշխատողը մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշում է բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովը (ԲԱՓՀ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից սահմանված կարգով:
II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չափը որոշվում է աշխատողի` մինչև խեղումը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջության այլ վնասում ստանալն ստացած միջին ամսական վաստակից ելնելով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան տոկոսաչափով:
Փոխհատուցվող վնասի գումարը հաշվարկելիս տուժողին մինչ աշխատանքային հաշմությունը կամ դրանից հետո նշանակված կենսաթոշակները (տարիքային, հաշմանդամության և այլն) հաշվի չեն առնվում:
7. Տուժողի մահվան դեպքում սույն կանոնների 4-րդ կետում թվարկված անձանց վնասի փոխհատուցման չափը սահմանվում է մահացածի միջին վաստակի չափով, հանած նրա խնամքի տակ գտնված, աշխատունակ անձանց բաժնեմասերը:
Նշված անձանց փոխհատուցվող վնասի գումարը հաշվարկելիս նրանց նշանակված կենսաթոշակները հաշվի չեն առնվում:
Սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված վնասի փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի նվազագույն չափից:
(7-րդ կետը լրաց. 09.07.97 N 258)
8. Վնասի փոխհատուցման չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում աշխատանքային խեղմանը կամ դրա հետևանքով կայուն աշխատունակության կորստի առաջացման ամսին նախորդող 12 օրացուցային ամիսների միջին ամսական վաստակը:
Մասնագիտական հիվանդության դեպքում վնասի փոխհատուցման չափը հաշվարկելիս, տուժողի ցանկությամբ, կարող է հիմք ընդունվել տվյալ հիվանդության պատճառով աշխատանքը դադարեցնելու ամսվան նախորդող 12 ամիսների միջին ամսական վաստակը:
9. Միջին ամսական վաստակը հաշվարկելիս, այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը հիվանդության, պարապուրդի, երեխայի խնամքի կամ այլ հարգելի պատճառներով ընդհանրապես կամ մասնակիորեն չի աշխատել, նրա ցանկությամբ հանվում են հաշվարկից և փոխարինվում հաշվարկման համար վերցված 12 ամիսներին անմիջականորեն նախորդող նույն թվով ամիսներով:
10. Եթե վնասի փոխհատուցման համար դիմելու պահին չեն պահպանվել տուժողի այն ժամանակաշրջանի փաստացի վաստակի վերաբերյալ փաստաթղթերը, որից պետք է հաշվարկվեր վնասի փոխհատուցման չափը, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է տուժողի դիմելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի նվազագույն չափից ելնելով:
11. Վնասի փոխհատուցման չափի որոշման համար հիմք ընդունվող վաստակի մեջ են մտնում աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ հաշվարկվել ու կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ:
12. Արտադրական ուսուցման (պրակտիկայի) ժամանակ աշխատանքային խեղում կամ առողջության այլ վնասում ստացած անձանց վնասի փոխհատուցման չափը հաշվարկվում է ելնելով այն աշխատանքի (պաշտոնի) տարիֆային (պաշտոնեական) դրույքից, որի գծով անցկացվում է արտադրական ուսուցումը (պրակտիկան), բայց տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի նվազագույն չափից ոչ պակաս:
Տուժողի ցանկությամբ վնասի փոխհատուցման չափը կարող է հաշվարկվել նաև նրա մինչ արտադրական ուսուցումը (պրակտիկան) ստացած միջին ամսական վաստակից կամ արտադրական ուսուցման (պրակտիկայի) ընթացքում ստացած վարձատրությունից:
13. Արտասահմանում գործուղմամբ աշխատելու ժամանակ աշխատանքային խեղում, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասում ստացած անձանց վնասի փոխհատուցմանն ուղղված միջին ամսական վաստակը որոշում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
III. ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Վնասի փոխհատուցումը կատարում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է աշխատողին պատճառած խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար:
15. Արտասահմանում գործուղմամբ աշխատելու ընթացքում աշխատանքային խեղում, մասնագիտական հիվանդություն և առողջության այլ վնասում ստացած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վնասի փոխհատուցումը կատարում է այն կազմակերպությունը, որը գործուղել է տվյալ քաղաքացուն:
16. Կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին:
17. Աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներն ինդեքսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
18. Վնասի փոխհատուցումը կատարվում է ամենամսյա վճարումների ձևով:
19. Վնասի փոխհատուցման գումարը վճարվում է`
ա) տուժողին` աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով նախկին վաստակից զրկվելու օրվանից.
բ) տուժողի մահվան դեպքում` սույն կանոնների 4-րդ կետում թվարկված անձանց` տուժողի մահվան օրվանից:
Վնասի փոխհատուցումը սկսվում է սույն կետում նշված ժամկետներից, եթե այդ մասին դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են վնասի փոխհատուցման իրավունքի ծագման պահից հաշված` 3 տարվա ընթացքում: Ավելի ուշ դիմելու դեպքում վնասի փոխհատուցումը սկսվում է դիմելու օրվանից:
20. Վնասի փոխհատուցումը կատարվում է աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով տուժողի աշխատունակության կորստի` ԲԱՓՀ-ի կողմից սահմանված ամբողջ ժամանակաշրջանում:
Տուժողի մահվան դեպքում վնասի փոխհատուցումը դրա իրավունքն ունեցող անձանց կատարվում է`
անչափահասներին` մինչև 16 տարին (սովորողներին` մինչև 18 տարին) լրանալը.
60 տարին լրացած տղամարդկանց և 55 տարին լրացած կանանց` ցմահ.
հաշմանդամներին` նրանց հաշմանդամ ճանաչելու ամբողջ ժամանակաշրջանում:
Կերակրողի մահվան դեպքում մինչև նրա 8 տարեկան երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքը տանող չաշխատող անձանց` մինչև խնամքի տակ գտնվողի 8 տարին լրանալը (սույն կանոնների 4-րդ կետ):
21. Վնասի փոխհատուցման հաշվարկված գումարը տուժողին կամ այն ստանալու իրավունք ունեցող անձանց վճարվում է լրիվ չափով, անկախ նրանց ստացած վաստակից, կենսաթոշակից, կրթաթոշակից ու այլ եկամուտներից:
22. Տուժողի աշխատունակության կորստի աստիճանի, ինչպես նաև վնասի փոխհատուցման չափի փոփոխման այլ հանգամանքների ծագման դեպքում կատարվում է վնասի փոխհատուցման գումարի համապատասխան վերահաշվարկ:
23. Վնասի փոխհատուցման գումարների առաքման ծախսերը կատարվում են վնասը փոխհատուցող կազմակերպության հաշվին: