«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 նոյեմբերի 2004 թ. |
N 150-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, 21-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգում» կատարել հետևյալ լրացումները.
ա) «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքները» N 8 հավելվածով (կցվում է).
բ) 2.4 կետում` հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ:
«Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունները սահմանվում ու վերանայվում են համաձայն սույն կարգի N 8 հավելվածով սահմանված երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված N 8 |
ԵՐԿԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սույն սկզբունքները տարածվում են էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց վրա, որոնց նկատմամբ կիրառվում է երկդրույք սակագնային համակարգ:
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձը (այսուհետ` Համակարգի օպերատոր) իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան պլանավորումը, կազմում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշիռները (ամսական կտրվածքով) և էլեկտրակայանների հետ համաձայնեցված որոշում է տվյալ տարվա ընթացքում ներքին պահանջարկի բավարարման և անհրաժեշտ համակարգային ռեզերվների ապահովման համար ներգրավվող հիմնական սարքավորումների կազմը:
2. Արտադրող կայանները Համակարգի օպերատորի համաձայնությանն են ներկայացնում տարեկան ծրագրով նախատեսված սարքավորումների նորոգումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը:
3. Յուրաքանչյուր արտադրող կայանի և հիդրոէլեկտրակայանների կասկադի (համալիրի) համար տվյալ ամսվա էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորություն է համարվում հաշվարկային տարվա որևէ ժամանակահատվածում Համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումարի առավելագույն մեծությունը` առանց տվյալ ամսվա մեջ նորոգման դուրսբերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի:
4. Արտադրող կայանների կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային պարտավորությունները համարվում են կատարված, եթե տվյալ ամսվա պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակում գտնվում են Համակարգի օպերատորի տրամադրության տակ և պատրաստ են զարգացնել նրա կողմից պահանջվող հզորությունը:
5. Համակարգի օպերատորի կողմից պահանջվող հզորությունը չի կարող գերազանցել սարքավորումների էներգետիկ բնութագրերով որոշվող այն առավելագույն հզորությունը, որը տվյալ սարքավորումը կարող է զարգացնել, հաշվի առնելով արտաքին սահմանափակող գործոնները (պայմանները) ջերմային ու ատոմային կայաններում և ջրի ելքը` հիդրոէլեկտրակայաններում:
6. Սարքավորումների կամ շինությունների տեխնիկական վիճակից կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով պայմանագրային հզորության սահմանափակումները համարվում են էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորության խախտումներ: