ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1994 թվականի N 48
Հաշվարկային չեկերով գործառնություններ կատարելու կարգի մասին
Ելնելով հաշվարկների կազմակերպման բնագավառում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի ու բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիազորություններից, ինչպես նաև հաշվարկների արագացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում «Հաշվարկային չեկեր կիրառելու մասին» կարգը:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգը գործողության մեջ դնել 1994 թվականի հուլիսի 15-ից:
3. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախկին ԽՍՀՄ Պետբանկի 1987 թվականի սեպտեմբերի 30-ի «Ժողովրդական տնտեսության մեջ անկանխիկ հաշիվների» N 2 կանոնների «Հաշվարկներ չեկերով» IV գլուխը (կետ 128-151) և այն բոլոր նորմատիվ ակտերը, որոնք հակասում են սույն որոշմամբ հաստատված կարգին:
քաղ. Երևան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հաշվարկային չեկեր կիրառելու
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, հիմք ընդունելով հաշվարկների կազմակերպման բնագավառում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված իր լիազորությունները, սահմանում է հաշվարկային չեկերով (այսուհետև` չեկեր) գործառնություններ կատարելու հետևյալ կարգը:
Ընդհանուր դրույթներ
1. Չեկերը վճարման միջոց են և կարող են կիրառվել իրավաբանական և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների (հետագայում` ձեռնարկություններ) միջև փոխադարձ հաշվարկների ժամանակ:
Չեկերով հաշվարկների իրականացումը նշանակում է հաշվի տիրոջ (չեկ տվողի) համաձայնությունը իր համապատասխան հաշվից գումարի փոխանցմանը` միջոցները ստացողի (չեկ պահողի) հաշվին:
Չեկերով հաշվարկների իրականացման ժամանակ հաշվի տերը (չեկ տվողը) տալիս է հանձնարարագիր` իրեն սպասարկող բանկին իր հաշվից որոշակի գումար միջոցները ստացողի (չեկը պահողի) հաշվին փոխանցելու մասին:
Չեկերն օգտագործվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Չեկերի բլանկները (չեկային գրքույկները) պատրաստվում են միասնական նմուշով և ենթակա են խիստ հաշվառման:
Մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նոր չեկային գրքույկների պատրաստումը, հանրապետության տարածքում օգտագործվելու են նախկին ԽՍՀՄ Պետբանկի նմուշի չեկային գրքույկները:
3. Չեկերը տրվում են որոշակի ժամկետով: Չեկերի գործողության ժամկետը սահմանում է բանկը` չեկը ստացողի հետ համաձայնեցնելով:
Բյուջետային կազմակերպությունների, հիմնարկների համար չեկային գրքույկի գործողության ժամկետ է սահմանվում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը:
Չեկային գրքույկում նշված ժամկետից հետո դուրս գրված չեկերը համարվում են անվավեր և ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից ենթակա չեն ընդունման:
4. Չեկերը դուրս են գրվում ապրանքը ստանալու կամ ծառայությունը մատուցելու պահին:
Չեկային գրքույկի տիրոջն արգելվում է գրքույկի տրամադրումն այլ կազմակերպությունների, ինչպես նաև չլրացված չեկերի ստորագրումը:
Չեկերը ստորագրվում են այն անձանց կողմից, որոնց իրավունք է վերապահված ստորագրելու հաշվարկային, ընթացիկ, բյուջետային հաշիվներով գործառնություններ կատարելու փաստաթղթերը և պետք է ունենան չեկային գրքույկի տիրոջ կնիքի դրոշմվածքը:
Թույլատրվում է չեկերը ստորագրել տվյալ հիմնարկի կողմից լիազորված այլ անձանց, որոնց ստորագրության նմուշն առկա է չեկային գրքույկի հետ բանկի կողմից գրված նույնականացման քարտում:
5. Չեկերն ուժի մեջ են դրանք դուրս գրելուց 10 օրացուցային օրվա ընթացքում` չհաշված չեկի դուրսգրման օրը:
Ձեռնարկությունների միջեվ չեկերով հաշվարկները
6. Ձեռնարկությունների միջև չեկերով հաշվարկները իրականացվում են նրանց միջոցները հաշվեկշռային (N 722 լիմիտավորված չեկային գրքույկներ) հաշվում դեպոնացնելով, միջոցների դեպոնացումը կատարվում է ձեռնարկության համապատասխան հաշվից (հաշվարկային, ընթացիկ, բյուջետային, վարկային):
Այն ձեռնարկություններին, որոնք ժամանակին կատարում են իրենց պարտականությունները բանկի և իր մատակարարների նկատմամբ, բանկի հետ կնքված պայմանագրի համաձայն, կարող է տրվել չեկային գրքույկ` առանց միջոցները 722 հաշվում դեպոնացնելու:
Այդ դեպքում բանկը իր միջոցների հաշվին կարող է երաշխավորել չեկ տվողին` վճարելու որոշակի գումար նրա հաշվում համապատասխան միջոցների ժամանակավոր բացակայության դեպքում: Բանկի երաշխիքի գումարը, որի սահմաններում կարող են վճարվել չեկերը, հաշվառվում է երաշխավորող բանկի «Բանկի կողմից տրված երաշխիքներ, հանձնառություններ» արտահաշվեկշռային N 9925 հաշվում:
7. Չեկային գրքույկներ ստանալու համար ձեռնարկությունը բանկ է ներկայացնում դիմում` (ձև 040107) մեկ օրինակից, իսկ բանկի երաշխավորությամբ չեկեր ստանալու համար` երկու օրինակից, այն անձանց ստորագրություններով, որոնց իրավունք է վերապահված ստորագրելու ձեռնարկության համապատասխան հաշվով գործառնություններ կատարելու փաստաթղթերը` ձեռնարկության կնիքի դրոշմվածքով:
Պահանջվող չեկերի քանակի և ընդհանուր գումարի հիման վրա որոշվում է մեկ չեկի սահմանաչափը (լիմիտը): Յուրաքանչյուր չեկի հակառակ կողմում և նրան կից տրվող նույնականացման քարտում պետք է նշել մեկ չեկի սահմանաչափը:
Օրինակ, ձեռնարկությունը ներկայացրել է 50,0 հազար դրամ ընդհանուր գումարով վճարման հանձնարարություն:
Բանկը, ձեռնարկությանը տալով մեկ չեկային գրքույկ, յուրաքանչյուր չեկի հակառակ կողմում կատարում է հետևյալ գրառումը. «այսքան հազար դրամ սահմանաչափով չեկ» և լրացնում է համապատասխան քանակությամբ թերթեր: Բանկը, նկատի ունենալով, որ բոլոր չեկերը ունեն միևնույն սահմանաչափը, տալիս է մեկ նույնականացման քարտ, ուր նշվում է յուրաքանչյուր չեկի սահմանաչափը:
8. Չեկերով վճարումներ կատարելու նպատակով, չեկեր տալու մասին դիմումի հետ միասին ձեռնարկությունը ներկայացնում է բանկին վճարման հանձնարարագիր` առանձին անձնական հաշվում միջոցներ դեպոնացնելու համար:
9. Բանկերն իրենց հաճախորդներին չեկեր տալուց առաջ պետք է լրացնեն չեկում պահանջվող բոլոր ռեկվիզիտները, այդ թվում`
ա) բոլոր չեկային թերթերի վերևի ձախ մասում` բանկի անվանումը և նրա գտնվելու վայրը, իսկ չեկը բանկի մասնաճյուղի կողմից տալու դեպքում` նաև մասնաճյուղի անվանումը և նրա գտնվելու վայրը.
բ) բանկի (մասնաճյուղի) միջբանկային հաշվարկների գծով պայմանական համարը` դրա համար նախատեսված մասում.
գ) չեկի վճարման անձնական հաշվի համարը` դրա համար նախատեսված մասում.
դ) չեկի տիրոջ անվանումը.
ե) գումարի չափը, որի սահմաններում կարող է դուրս գրվել չեկը (նշվում է չեկի հակառակ կողմում): Չեկի լիմիտի գումարը նշվում է թվերով և բառերով, վավերացվում է բանկի պաշտոնատար անձանց ստորագրություններով և կնիքով:
10. Չեկային գրքույկների հետ միասին, բանկը հաճախորդին տալիս է նաև նույնականացման քարտ (չեկային քարտ):
Չեկային քարտը հաճախորդին հանձնվում է մեկ օրինակից` չեկային գրքույկը տալու ժամանակ, անկախ դրանց քանակից և նույնականացվում է չեկ տվողին հատկացված յուրաքանչյուր չեկի հետ:
Հաջորդական չեկային գրքույկներ տալու դեպքում, եթե չեկի լիմիտի գումարը չի գերազանցում չեկային քարտում նախկինում նշված գումարը, նոր չեկային քարտ կարող է չհատկացվել:
Չեկային քարտը պետք է բովանդակի.
- երեսի մասում`
ա) բանկի անվանումը և նրա գտնվելու վայրը.
բ) «չեկային քարտ թիվ .......» անվանումը.
գ) իրավաբանական անձի անվանումը.
դ) մեկ չեկի սահմանաչափը (թվերով և տառերով).
ե) չեկը տվողի (չեկի տիրոջ) ստորագրությունը.
զ) չեկը տվողի հաշվի համարը.
- հակառակ կողմում`
Երաշխավորում ենք մեզ ուղարկված չեկի վճարումը հետևյալ պայմանները պահպանելու դեպքում.
ա) չեկով կարող է դուրս գրվել դրա հակառակ կողմում և չեկային քարտում նշված գումարից ոչ ավել գումար.
բ) չեկը տվողի ստորագրությունը պետք է համապատասխանի չեկային քարտում նշված ստորագրության նմուշին.
գ) չեկի վրա նշված չեկ տվողի հաշվի համարի համապատասխանությունը չեկային քարտում նշվածին.
դ) չեկը տվողի նույնականացումը կատարվում է նրա տվյալները չեկային քարտում նշված տվյալների հետ համեմատելու միջոցով.
ե) չեկը վճարվում է դուրս գրված գումարով, որը չի գերազանցում չեկի սահմանաքանակի գումարը:
11. Տրված չեկային գրքույկները գրանցվում են քարտերի մեջ (04018020), որտեղ նշվում են չեկի տրման ամսաթիվը, չեկերի համարները, չեկի գործողության ժամկետը:
12. Բանկը պարտավոր է չեկեր ստացող անձին` ստորագրությամբ ծանոթացնել չեկերի լրացման կարգին, ինչպես նաև զգուշացնել նրան, որ ինքը պատասխանատվություն է կրում չեկերի պահպանման համար:
13. Չեկը պահողները ստացված չեկերը սպասարկող բանկին են ներկայացնում չեկի ռեեստրների երկու օրինակի (0401007) հետ միասին, եթե չեկ տվողն ու չեկ պահողը սպասարկվում են նույն բանկում: Առաջին օրինակն օգտագործվում է որպես մեմորիալ օրդեր, իսկ երկրորդը` վերադարձվում է գումարը ստացողին, որպես չեկը ընդունելու ստացական: Այն դեպքում, երբ չեկ տվողնը ու չեկ պահողը սպասարկվում են տարբեր բանկերի կողմից, ռեեստրը ներկայացվում է չորս օրինակից:
Ռեեստրների առաջին և երկրորդ օրինակները դեբետային ավիզոյի հետ միասին ուղարկվում են չեկ տվողին սպասարկող բանկ, երրորդը` չեկի հետ միասին մնում է չեկ պահողին սպասարկող բանկում, չորրորդ օրինակը տրվում է չեկեր հանձնողին (չեկ պահողին), որպես չեկերն ընդունելու մասին ստացական:
Ռեեստրը պետք է պարունակի չեկերի մասին հետևյալ տեղեկությունները.
ա) չեկ պահողին սպասարկող բանկի անվանումը և նրա պայմանական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում այն բանկի անվանումը և պայմանական համարը, որտեղ բացված է չեկ պահողին սպասարկող բանկի թղթակցային ենթահաշիվը.
բ) չեկը տվողի հաշվի համարը.
գ) չեկի գումարը.
դ) չեկի համարը:
Սահմանված ձևի դեբետային ավիզոները կազմվում են 3 օրինակից` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին տրված պայմանական համարները:
Ավիզոները կազմվում են 3 օրինակից, որից առաջին և երկրորդ օրինակներն ուղարկվում են չեկը տվողին սպասարկող բանկ, իսկ երրորդ օրինակը տեղադրվում է արտահաշվեկշռային N 9935 հաշվի քարտարկղում, մինչև մյուս բանկից ավիզոյի երկրորդ օրինակի ետ ստացումը, որպես գործառնության կատարման հաստատում: Հետ ստացված 2-րդ օրինակի ավիզոյի հիման վրա արտահաշվեկշռային N 9935 հաշվի քարտարկղից համապատասխան ավիզոն հանվում է, և 2-րդ ու 3-րդ օրինակների ավիզոները կցվում են օրվա գործառնությունների փաստաթղթերի հետ: Ավիզո կազմող բանկը պարտավոր է ամեն օր հետևելու ավիզոյի 2-րդ օրինակի ետ ստացմանը:
14. Չեկը պահողին սպասարկող բանկը ձեռնարկություններից վճարման ներկայացված չեկերն ընդունելիս ստուգում է ռեեստրների լրացման ճշտությունը, չեկի ռեկվիզիտները և պարտավոր է համոզվել, որ`
ա) չեկի գումարը չի գերազանցում չեկի հակառակ կողմում նշված սահմանային գումարը.
բ) չեկում արտահայտված չեկ տվողի հաշվի համարը համապատասխանում է չեկային քարտում նշվածին.
գ) չեկ տվողի տվյալները համապատասխանում են չեկային քարտում եղած տվյալներին.
դ) չեկի վրա նշված չեկ տվողի ստորագրությունը և չեկային քարտում նշված ստորագրությունը նույնական են:
Դեֆեկտավոր և ջնջումներով, ուղղումներով չեկերը վճարման չեն ընդունվում և վերադարձվում են չեկը ներկայացնողի ստորագրությամբ:
Սույն կետով նախատեսված պայմանների չպահպանման դեպքում, չեկի գումարի վճարման հետևանքով առաջացած վնասի համար նյութական պատասխանատվություն է կրում չեկը պահողին սպասարկող բանկը:
15. Չեկը տվողին սպասարկող բանկը, ստանալով չեկը պահողի սպասարկող բանկի չեկի գումարի վճարման համար ուղարկած դեբետային ավիզոն և նրան կից չեկի ռեեստրը, պարտավոր է համոզվել, որ`
ա) ռեեստրը ճիշտ է լրացված.
բ) ռեեստրի տվյալները համապատասխանում են դեբետային ավիզոյում եղած տվյալներին.
գ) ռեեստրում նշված չեկ տվողի տվյալները համապատասխանում են չեկային քարտի տվյալներին.
դ) ռեեստրում նշված չեկի գումարը չի գերազանցում չեկային քարտում նշված չեկի սահմանային գումարը:
Եթե փաստաթղթերը բավարարում են նշված պայմանները, չեկը տվողին սպասարկող բանկի պատասխանատու աշխատողը ստորագրում է ավիզոյի երկրորդ օրինակի վրա, որը, ի հաստատումն գործառնության կատարման, կնքվում է և ուղարկվում ավիզոն կազմող բանկին:
Նշված պայմաններից որևէ մեկի խախտման դեպքում չեկը տվողին սպասարկող բանկը համապատասխան ձևակերպմամբ հետ է վերադարձնում դեբետային ավիզոն և կից ռեեստրը չեկը պահողի սպասարկող բանկ:
Սույն կետով նախատեսված պայմանների չպահպանման դեպքում ռեեստրի գումարի վճարման հետևանքով առաջացած վնասի համար նյութական պատասխանատվություն է կրում չեկը տվողին սպասարկող բանկը:
16. Ձեռնարկությունը պարտավոր է ապրանքների կամ ծառայությունների համար վճարման ընդունած չեկի հակառակ կողմում դնել իր կնիքը և պատասխանատու (պաշտոնատար) անձի ստորագրությունը:
17. Բանկը միջոցները չեկը տվողի հաշվից դուրս է գրում չեկը ընդունող բանկից ստացած չեկերի ցուցակի (ռեեստրների) հիման վրա: Չեկերը ի պահ են մնում չեկը ընդունող բանկում, իսկ դրանց պատճենները կարող են պահվել ըստ անհրաժեշտության:
Չեկի գումարները, որոնց վճարումը երաշխավորված է բանկի կողմից, դուրս են գրվում չեկ տվողի համապատասխան հաշվից: Եթե չեկ տվողի հաշվում միջոցներ չկան, ապա գումարը հաշվեգրվում է «Գումարներ, չգանձված բանկի երաշխիքով» 728 հաշվում, դուրս է գրվում մեմորիալ օրդեր երկու օրինակից, որոնցից առաջինը տեղակայվում է հաշվարկային հաշվի N 2 քարտարանում ( առանց մուտքագրելու 9929 արտահաշվեկշռային հաշվին) և վճարվում է վճարումների հերթականությամբ, իսկ երկրորդ օրինակը տրվում է չեկի տիրոջը անձնական հաշվի քաղվածքի հետ: Բանկի միջոցներից օգտվելու ժամանակահատվածում (728 հաշվում միջոցների հաշվեգրումից մինչև լրիվ գումարի մարումը) ձեռնարկությունը վճարում է տոկոսներ` պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով:
Չեկի գումարի վճարման վերաբերյալ նշումները կատարվում են N 2 քարտարկղում տեղակայված մեմորիալ օրդերի հակառակ մասում:
Արտահաշվեկշռային 9925 հաշիվը փակվում է, եթե`
ա) օգտագործվել են չեկային գրքույկի բոլոր չեկերը.
բ) լրացել է չեկային գրքույկի գործողության ժամկետը.
գ) ձեռնարկության կողմից չեկերով հաշվարկների կարգի խախտումների դեպքում, երբ բանկը հրաժարվում է երաշխավորել ձեռնարկության վճարումները չեկերով:
18. Վճարող բանկի հաշիվներից միջոցների դուրսգրումը կատարվում է անհապաղ` դեբետային ավիզոյին կից չեկերի ռեեստրների հիման վրա:
19. Չեկերով կատարվող գործառնությունների ժամանակ արվում են հետևյալ ձևակերպումները.
- նույն բանկի մասնաճյուղերի միջև`
ա) չեկը պահողի սպասարկող բանկում
Դ-տ 890
Կ-տ հաճախորդի հաշվարկային հաշիվը.
բ) չեկը տվողի սպասարկող բանկում
Դ-տ 722
կ-տ 890.
- տարբեր բանկերի մասնաճյուղերի միջև`
ա) չեկը պահողի սպասարկող բանկում
Դ-տ 894
Կ-տ հաճախորդի հաշվարկային հաշիվը.
բ) չեկը տվողի սպասարկող բանկում
Դ-տ 722
կ-տ 894.
- տարբեր բանկերի միջև`
Դ-տ 16 (բանկի թղթակցային հաշիվ)
Կ-տ հաճախորդի հաշվարկային հաշիվ:
20. Չեկային գրքույկի գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված չեկերը մարվում են չեկի տիրոջ կողմից: Եթե չեկի գրքույկում մնացել են չօգտագործված գումարներ, չեկային գրքույկը վերադարձվում է իրեն սպասարկող բանկին` մնացորդը դեպոնացված հաշվից ձեռնարկության հաշվարկային հաշվին վերադարձնելու համար:
21. Կորցրած կամ գողացված չեկը բանկի կողմից վճարելու հետևանքով առաջացած վնասները կրում է չեկ տվողը, եթե չի ապացուցվում, որ չեկը վճարվել է բանկի դիտավորության կամ անզգուշության հետևանքով:
22. Վճարողի կողմից 15-րդ կետի պահանջներին չհամապատասխանող չեկը վճարելու հետևանքով առաջացած վնասները կրում է չեկը որպես վճարման միջոց ընդունած ձեռնարկությունը: