ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2004 թվականի N 497-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 201 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» 201 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 497-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման, հավաքագրման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքներն իրականացնող մարմին է:
2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրամը պետական հիմնարկ է, որն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:
4. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):
5. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Հիմնադրամն օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների իրականացման համար ու դրանց համապատասխան կարող է կնքել քաղաքացիաիրավական գործարքներ:
7. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իր գործունեության խնդիրներին, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարություններին ու իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը:
8. Հիմնադրամի անվանումն է`
հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ.
հայերեն կրճատ` Սոցիալական ապահովագրության հիմնադրամ.
ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննիյ ֆօնդ սօցիալնօգօ ստռախօվանիյա Րեսպուբլիկի Առմենիյա.
ռուսերեն կրճատ` Ֆօնդ սօցիալնօգօ ստռախօվանիյա.
անգլերեն լրիվ` State found of the social insurance Republic of Armenia.
անգլերեն կրճատ` Found of the social insurance:
9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Նալբանդյան 13:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Հիմնադրամի նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացումը.
գ) պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ հսկողությունը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
11. Հիմնադրամի գործառույթներն են`
ա) ապահովադիրների հաշվառումը, դրան առնչվող այլ աշխատանքների իրականացումը (հաշվետվությունների, հայտարարագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի ընդունումը).
բ) սոցիալական վճարների հավաքագրման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
գ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը.
դ) սոցիալական վճարների օրենսդրության և այդ հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների գծով պահանջների խախտման համար ապահովադիրների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.
ե) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան իրեն վերապահված գործերով վարչական վարույթի իրականացումը.
զ) համակարգում պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման, ատեստավորման, ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման ու տեղաբաշխման աշխատանքների կազմակերպումը.
է) ապահովադիրների, ինչպես նաև քաղաքացիների նամակների, դիմումների և բողոքների` օրենքով սահմանված ժամկետում և կարգով քննարկման կազմակերպումը, քաղաքացիների նամակներում հաղորդվող` հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.
ը) գործատուների մոտ աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերի մոտ` սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, ապահովադիրների կողմից պետական հիմնադրամ ներկայացվող հաշվետվությունների, հայտարարագրերի և այլ փաստաթղթերի արժանահավատության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.
թ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից սոցիալական վճարներին վերաբերող փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով պահանջելն ու ստանալը.
ժ) հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.
ժա) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև կենսաթոշակների նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների պահանջով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.
ժբ) օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Հիմնադրամի համակարգը կազմված է հիմնադրամի կենտրոնական ապարատից ու տարածքային մարմիններից:
13. Հիմնադրամը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:
14. Հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
15. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը գործում է հասարակական հիմունքներով:
16. Խորհրդի կազմը բաղկացած է 9 անձից: Խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (խորհրդի նախագահ), հիմնադրամի նախագահը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:
17. Խորհրդի աշխատակարգը և խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
18. Խորհրդի իրավասություններն են`
ա) հիմնադրամի գործունեությանն առնչվող, ինչպես նաև սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.
բ) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի, ինչպես նաև դրա կատարման մասին հաշվետվության նախագծերին հավանություն տալը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.
գ) հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) աշխատողների թվի, նրանց պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելը.
դ) հիմնադրամի գործունեության և խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին հիմնադրամի հաշվետվությունները լսելը.
ե) հիմնադրամի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ հիմնադրամի նախագահի առաջարկությանը համաձայնություն տալը.
զ) սոցիալական վճարների ապառքները մարած ապահովադիրներին ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերից ազատելու կամ տույժերի գումարի չափը նվազեցնելու մասին որոշումներ ընդունելը.
է) հիմնադրամի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատելը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:
19. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է հիմնադրամի նախագահը, որը պատասխանատու է հիմնադրամի խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար: Հիմնադրամի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ:
Հիմնադրամի գործունեության մասին հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունները խորհրդի կողմից լսվելուց հետո հիմնադրամի խորհրդի նախագահը կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն հիմնադրամի նախագահին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
20. Հիմնադրամի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հիմնադրամի նախագահի առաջարկությամբ` համաձայնեցնելով խորհրդի հետ:
21. Հիմնադրամի նախագահը`
ա) ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է հիմնադրամի` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է հիմնադրամի նախագահի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.
գ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և կարող է կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ.
դ) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) աշխատողների հաստիքացուցակները և պահպանման ծախսերի նախահաշիվները.
ե) հաստատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամին ամրացված գույքը, տալիս է լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի աշխատողներին և տարածքային մարմինների ղեկավարներին.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, սահմանված կարգով խրախուսում համակարգի աշխատողներին և նրանց նկատմամբ կիրառում կարգապահական ներգործության միջոցներ.
թ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.
ժ) տալիս է պարզաբանումներ սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.
ժա) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
22. Հիմնադրամի նախագահի բացակայության դեպքում` հիմնադրամի նախագահի, իսկ հիմնադրամի նախագահի պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` խորհրդի նախագահի որոշմամբ հիմնադրամի նախագահին փոխարինում է հիմնադրամի նախագահի տեղակալներից մեկը կամ այլ պաշտոնատար անձ:
23. Հիմնադրամը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման հարցերում համագործակցում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրներն են`
ա) ոչ հարկային եկամուտները`
սոցիալական վճարներ,
քաղաքացիներից և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով ստացվող միջոցներ,
սոցիալական վճարումների կատարմանն առնչվող օրենսդրության խախտման համար (բացառությամբ վարչական իրավախախտումների) գանձվող տուգանքներ և տույժեր,
օրենքով և այլ իրավական ակտերով մուտքագրվող այլ եկամուտներ.
բ) կապիտալի գործառնություններից եկամուտները.
գ) պաշտոնական տրանսֆերտները`
պետական և համայնքների բյուջեներից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտներ,
միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտներ,
դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ` օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու միջոցները և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:
25. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով:
26. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցները ծախսվում են հետևյալ նպատակներով`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և թաղման նպատակների վճարում.
բ) պետական սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի ֆինանսավորում.
գ) բնակչության զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական ծրագրերի իրականացում.
դ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, դրա աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովում.
ե) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծում և զարգացում.
զ) հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվության ապահովում և այլ միջոցառումների իրականացում:
27. Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով:
V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
28. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ:
29. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում, վարվում և հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
30. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վարչական վիճակագրական տվյալներ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև կենսաթոշակների նշանակման, վճարման, պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
32. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: