ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1996 թվականի N 269
քաղ. Երևան
«ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորման կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Հաստատել «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորման խորհրդի կազմը` 7 անդամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» արտադրական միավորման վերակազմավորման մասին» N 386 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորումը (այսուհետև` գերատեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարին (այսուհետև` պետական կառավարման վերադաս մարմին):
Գերատեսչությունը պատասխանատվություն է կրում համակարգում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
Գերատեսչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Գերատեսչությունն իրականացնում է հետևյալ խնդիրներն ու գործառույթները`
ա) շինանյութերի, շինարարական իրերի, կապակցող նյութերի, ոչ մետաղական հանքային նյութերի, ապակե տարաների, շինարարական ապակու, ապակե և խեցեգործական իրերի, մեքենաների և սարքավորումների, ժողովրդական սպառման ապրանքների արտադրության ձեռնարկությունների գործունեության, ինչպես նաև երկրաբանամարկշեյդերական ծառայության, հորատապայթեցման ու գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումը.
բ) պետական պատվերի կատարման ապահովումը.
գ) ոլորտում արտահանումը խթանող արտաքին տնտեսական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.
դ) ձեռնարկություններում աշխատողների սոցիալական պաշտպանվածության, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.
ե) օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացմանը նպաստելը, առաջավոր փորձի և գիտատեխնիկական նվաճումնեի փոխանակման ու տարածման կազմակերպումը.
զ) համակարգի ինվեստիցիոն քաղաքականության մշակմանն ու իրագործմանը մասնակցությունը.
է) արտակարգ իրավիճակներում համակարգի գործունեության ապահովումը.
ը) համակարգի ձեռնարկություններում կառավարման արդյունավետ համակարգերի արմատավորմանն աջակցումը.
թ) աշխատանքի անվտանգության ոլորտում գործող օրենսդրական պահանջների կատարման վերահսկումը.
ժ) համակարգում չափորոշիչների (ստանդարտների), նորմատիվների և արտադրանքի սերտիֆիկացման հետ կապված աշխատանքների կոորդինացումը.
ի) Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերին համապատասխան գերատեսչության համակարգի ձեռնարկություններում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ապահովումը:
III. ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Գերատեսչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամբողջությունը:
4. Գերատեսչությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Գերատեսչությունն այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
5. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ իրականացնում է ճյուղի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները: Գերատեսչությունն իր համակարգի պետական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
6. Գերատեսչությունը`
ա) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ` իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.
բ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ճյուղում, մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք, պետական կառավարման վերադաս մարմնի հետ համաձայնեցնելով ներկայացնում Հայաստանի հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
գ) սահմանված կարգով մասնակցում է գերատեսչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
դ) ոլորտի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով պետական կառավարման վերադաս մարմնի հետ.
ե) պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան և կիսամյակային աշխատանքային ծրագրերը.
զ) պետական կառավարման վերադաս մարմնի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները.
է) իր աշխատողների որակավորման հետ կապված աշխատանքներն իրականացնում է պետական կառավարման վերադաս մարմնի հետ նախապես համաձայնեցնելով.
ը) բնագավառի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերը նախապես համաձայնեցնում է պետական կառավարման վերադաս մարմնի հետ.
թ) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է պետական կառավարման վերադաս մարմնին:
7. Գերատեսչությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա:
8. Գերատեսչությունը գլխավորում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով պետական կառավարման վերադաս մարմնի հետ:
Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցլով պետական կառավարման վերադաս մարմնի և գերատեսչության ղեկավարի հետ.
9. Գերատեսչության նախագահը`
ա) պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ) կատարում է իր տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
գ) պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
դ) առաջարկում է գերատեսչության խորհրդի անդամների թվաքանակը և, պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ, Հայաստանի հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անդամների անհատական կազմը.
ե) կազմակերպում և ղեկավարում է գերատեսչության խորհրդի նիստերը.
զ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում գերատեսչության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ, բացառությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ղեկավարների:
10. Նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից որևէ մեկը:
11. Գերատեսչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են նախագահը, նախագահի տեղակալները` ի պաշտոնե, այլ ղեկավար աշխատողներ:
12. Գերատեսչության խորհուրդն իր նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հաշվետվությունները և դրանց գործունեության հետ կապված այլ հարցեր:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախագահի հրամաններով: Նախագահի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով պետական կառավարման վերադաս մարմնին և Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին` կարող են իրենց կարծիքը հայտնել պետական կառավարման վերադաս մարմնին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Գերատեսչությունը ճյուղում անցկացնում է գիտական հետազոտություններ, տեղեկատվության հավաքում, մշակում, իրականացնում է գիտության ու տեխնիկայի նվաճումների ներդրումը, զարգացնում և աջակցում այլ երկրների հետ համագործակցությունը:
14. Գիտության և տեխնիկայի հիմնական ուղղությունների զարգացման, միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու նպատակով գերատեսչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ, որի կազմում կարող են ընդգրկվել գիտության և տեխնիկայի առաջատար մասնագետներ:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է գերատեսչության ղեկավարը` վերադաս պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելով:
15. Գերատեսչությունը մասնակցում է ճյուղի աշխատողների և մասնագետների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:
16. Գերատեսչությունն ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի պետական ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև թույլտվություն է տալիս իր համակարգի ձեռնարկություններին դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումնրին անդամակցելու համար` համաձայնեցնելով պետական կառավարման վերադաս մարմնի հետ:
17. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական գույքի օգտագործման վերահսկումը, ինչպես նաև համաձայնություն տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
18. Գերատեսչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
19. Գերատեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` գերատեսչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
20. Գերատեսչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեից առանձին:
Հաստատված է |
«ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ