ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 2000 թվականի N 233
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 84 որոշմանը համապատասխան`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն 185 5 1».
բ) ուժը կորցրած ճանաչել 23-րդ տողը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 61 որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասով.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասով.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի ապրիլի 9-ի N 130 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 297 որոշման «բ» կետը.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի N 130 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 470 որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 378 որոշման 1-ին կետը.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի N 61 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 203 որոշումը.
է) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 29-ի N 378 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 729 որոշումը.
ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 742 որոշման 1-ին կետը.
թ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի N 130 և 1998 թվականի հունիսի 29-ի N 378 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 672 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության առողջապահության եվ սոցիալական ապահովության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները
7. Նախարարության հիմնական խնդիրներն են`
ա) առողջապահական և սոցիալական ապահովության զարգացման քաղաքականության, ամենամյա պետական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.
բ) համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումը և ֆինանսավորումը.
գ) հանրային առողջապահության բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովումը.
դ) բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովումը.
ե) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական և սոցիալական ապահովության իրականացումը.
զ) պարտադիր և կամավոր ապահովագրության համակարգի ներդրումն ու կենսաթոշակային համակարգի կատարելագործումը.
է) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը և իրականացումը.
ը) աշխատանքի ոլորտի պետական կարգավորման միասնական քաղաքականության իրականացումը.
թ) պետական կենսաթոշակային ապահովության համակարգի ռազմավարության մշակումը և իրականացումը.
ժ) առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում միջազգային ու միջգերատեսչական համագործակցության ապահովումը.
ժա) սոցիալական աջակցության քաղաքականության իրականացումը.
ժբ) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման և կյանքի տևողության ավելացման ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժգ) առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին առնչվող օրենսդրական ակտերի մշակումն ու դրանք սահմանված կարգով ներկայացնելը:
8. Նախարարության հիմնական գործառույթներն են`
ա) բժշկական օգնության որակի չափորոշիչների ու չափանիշների մշակումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
բ) արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության ապահովումը.
գ) մարզային առողջապահական կազմակերպությունների գործունեությունն ապահովող նորմատիվ փաստաթղթերի մշակումը և հաստատումը.
դ) նախարարության կազմակերպամեթոդական աշխատանքներն ապահովող նորմատիվ փաստաթղթերի մշակումը և այդ աշխատանքների իրականացումը.
ե) համակարգի վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումը և վերլուծությունը.
զ) նախարարության համակարգի ընկերությունների և հիմնարկների սահմանված կարգով ֆինանսավորումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.
է) ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, գիտական նվաճումների ներդրումը, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ը) սանիտարական նորմերի ու կանոնների մշակումը, իրականացումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
թ) հիգիենիկ և հակահամաճարակային կարգի մշակումն ու դրա նկատմամբ վերահսկողությունը.
ժ) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների սոցիալ-հիգիենիկ հետազոտությունների կազմակերպումը.
ժա) վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
ժբ) բնակչության բժշկահիգիենիկ կրթության կազմակերպումը.
ժգ) հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքների կազմակերպումը.
ժդ) մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի ու միջոցառումների մշակումը և իրականացումը.
ժե) բժշկական օգնության և ծառայությունների տեսակների ցանկի մշակումը, բուժօգնության որակի նկատմամբ վերահսկողությունը.
ժզ) բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող բուժաշխատողների և կազմակերպությունների մասնագիտական լիցենզավորումը.
ի) բժշկական կադրերի պատրաստման, մասնագիտացման և շարունակական կրթման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
իա) անվճար բուժօգնության շրջանակներում դեղերի կենտրոնացված գնումների կազմակերպումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
իբ) հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղորայքի տեսակների ու որակի նկատմամբ պետական վերահսկողության և դեղերի պետական գրանցման կազմակերպումը.
իգ) առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.
իդ) աշխատանքի ոլորտի պետական կարգավորման միասնական քաղաքականության մշակումը.
իե) բնակչության զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
իզ) աշխատուժի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղաշարժի կազմակերպումը.
իէ) քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրումը.
իը) հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի քաղաքականության մշակումն ու իրականացումը.
իթ) սոցիալական անապահով ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ու հասցեական օգնության իրականացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
իժ) պրոթեզաօրթոպեդիկ օգնության կազմակերպումը, հաշմանդամների` վերականգնողական պարագաներով ապահովումը և վերականգնման միջոցառումների, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների արտադրության կազմակերպումը.
լ) մասնագիտացված կազմակերպություններում ու տնային պայմաններում միայնակ տարեց քաղաքացիների և հաշմանդամների խնամքի կազմակերպումը.
լա) ընտանիքի պահպանման և զարգացման, սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և կատարելագործումը.
լբ) թափառաշրջիկ և մուրացիկ անձանց (այդ թվում` երեխաների) սոցիալական օգնության ծրագրերի մշակումը.
լգ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպումը ընտանիքներում և մասնագիտացված կազմակերպություններում.
լդ) հանրապետությունում որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, որդեգրողների հաշվառման կազմակերպումը.
լե) խնամակալական և հոգաբարձական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
լզ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
լէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Նախարարության աշխատանքների կազմակերպումը
9. Նախարարության համակարգը ներառում է նախարարության ենթակայության հիմնարկները և կազմակերպությունները:
10. Նախարարությունը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթները իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.
բ) մյուս պետական մարմինների հետ միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն.
գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարի տեղակալներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
12. Նախարարը`
ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իր իրավասության սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.
զ) տալիս է լիազորագրեր, կնքում քաղաքացիական-իրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատողների, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.
է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.
ը) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում ոլորտի աշխատողների նկատմամբ.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և դադարեցնում է համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը.
ժա) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.
ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված բաժնետոմսերի մասով, կամ այդ իրավասությունների իրականացումը լիազորում է նախարարության պաշտոնատար անձանց.
ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
13. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:
14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետը` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ:
Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:
15. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննության են առնվում ոլորտի զարգացման հարցերը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, նախարարի հրամանների, հրահանգների նախագծերը, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, նախարարության վարչությունների և բաժինների, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:
16. Կոլեգիայի նիստերին նրա անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:
17. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամը (անդամները) ծագած տարաձայնությունների մասին կարող է (են) իր (իրենց) կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
18. Նախարարին կից ստեղծվում են գիտնականներից և մասնագետներից կազմված առողջապահության և սոցիալական հարցերով զբաղվող, հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհուրդ և այլ խորհուրդներ:
19. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության առողջապահության եվ սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի
Բուժօգնության վարչություն
Սոցիալական ծառայությունների վարչություն
Աշխատանքի և զբաղվածության վարչություն
Սոցիալական ապահովագրության վարչություն
Կենսաթոշակային ապահովության վարչություն
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչություն
Հաշմանդամների և տարեցների հարցերի վարչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչություն
Կրթության և կադրերի վարչություն
Համակարգի ապահովվածության վարչություն
Առողջապահական և սոցիալական ծրագրերի վարչություն
Տնտեսագիտական վարչություն
Հաշվապահական հաշվառման վարչություն
Տեղեկատվության և ամփոփ վերլուծության վարչություն
Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն
Հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն
Վերահսկողության տեսչություն
Գործերի կառավարչություն
Իրավաբանական բաժին
Առաջին բաժին
Նախարարի աշխատակազմ