ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2000 թվականի N 121
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» N 84 որոշմանը համապատասխան`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում`
17-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն |
95 | 4». |
ուժը կորցրած ճանաչել 28-րդ տողը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրության և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 678 որոշման 1-ին կետը, 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 497 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:
3. Նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:
5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները
6. Նախարարության հիմնական խնդիրներն են`
ա) իր իրավասությունների սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության կառավարումը, պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) տրանսպորտի և կապի բնագավառներին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակումն ու դրանք սահմանված կարգով ներկայացնելը.
գ) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում օրենքով նախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.
դ) իր իրավասությունների սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում գործող ու նոր ստեղծվող հեռահաղորդակցության ցանցերի, տրանսպորտային միջոցների և այդ բնագավառներում օգտագործվող այլ սարքավորումների ու մատուցվող ծառայությունների սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումը.
ե) տրանսպորտի, փոստի և հեռահաղորդակցության կանոնների, փոստի և հեռահաղորդակցության ցանցերի և այդ բնագավառներում տեխնիկական միջոցների ու կառույցների օգտագործման և շահագործման կարգի սահմանումը.
զ) տրանսպորտի և կապի բնագավառներում մոբիլիզացիոն ծրագրերի մշակումն ու արտակարգ իրավիճակներում գործող տրանսպորտային միջոցների, հեռահաղորդակցության գործող ցանցերի և այլ միջոցների գործունեության համակարգումը.
է) տրանսպորտի և կապի բնագավառներում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.
ը) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը.
թ) միջազգային կազմակերպություններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը իր իրավասությունների սահմաններում.
ժ) իր իրավասությունների սահմաններում երթևեկության կազմակերպման բարելավման, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.
ժա) իր իրավասությունների սահմաններում բեռների փոխադրումների և օբյեկտների անվտանգության ու պահպանության կազմակերպման ապահովումը.
ժբ) մասնավորեցման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
ժգ) տրանսպորտի և կապի համակարգում զարգացման ու ներդրումների ծրագրերի, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, տարածքային, տրանսպորտային և կապի սակագնային քաղաքականության մշակումը.
ժդ) նախարարության համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը.
ժե) հեռահաղորդակցության հանրային համակցված ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանումը.
ժզ) հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի բաշխման և կարգավորման, ինչպես նաև օգտագործման նորմերի կարգի ու պայմանների հաստատման գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի պարտականությունների իրականացումը.
ժէ) բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատումը.
ժը) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար միասնական տեղեկատվական ցանցերի ու համակարգերի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգումը` ապահովելով դրանց համատեղելիությունն ու փոխգործակցությունը միջպետական և այլ տեղեկատվական ցանցերի հետ:
ժթ) պետական տեղեկատվական ռեսուրսների հիման վրա քաղաքացիների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների համար տեղեկատվության ապահովման պայմանների ստեղծումը.
ի) տրանսպորտային փոխադրումների, տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների շուկայի ձևավորմանն աջակցությունը.
իա) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակումը և իրականացումը:
7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`
ա) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը.
բ) շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մշակում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման ցանցերի զարգացման ու դրանց կառավարման սխեմաները.
գ) իրականացնում է հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխումն ու օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.
դ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան` ապահովում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.
ե) տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում իրականացնում է ներդրումային քաղաքականությունը.
զ) իրականացնում է իր կողմից տրված լիցենզիաների հաշվառումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
է) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի թեման, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները, կազմակերպում դրանց հրապարակումն ու տարածումը, ինչպես նաև իրականացնում է փոստային ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային օբյեկտների ինդեքսավորումը.
ը) հաստատում է փոստային վճարումների, փոստային ծրարների և բացիկների նմուշները, սահմանում անվանագներն ու տպաքանակը, կազմակերպում դրանց հրապարակումը և տարածումը.
թ) կազմակերպում է նախարարության համակարգի կազմակերպությունների և հիմնարկների հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կատարելագործման աշխատանքները և դրանց հիման վրա կազմում ամփոփ հաշվապահական հաշվետվություն.
ժ) կազմակերպում է տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառում մասնագետների պատրաստման աշխատանքները.
ժա) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը.
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
8. Նախարարության համակարգը ներառում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն), Հայկական երկաթուղու դեպարտամենտ (այսուհետև` դեպարտամենտ), Հայաստանի Հանրապետության օդային, ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային տրանսպորտի, էլեկտրատրանսպորտի, մետրոպոլիտենի, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման, փոստի, հեռահաղորդակցության, տեղեկատվայնացման հիմնարկները և կազմակերպությունները:
9. Նախարարությունը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.
բ) պետական կառավարման մյուս մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի ուսումնասիրման և դրանց լուծման համար.
գ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.
ե) կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց վերապատրաստումը, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները.
զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
է) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
10. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարի տեղակալներին, ինչպես նաև դեպարտամենտի և վարչության պետերին ու նրանց տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
11. Նախարարը`
ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.
գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների համար.
դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության, դեպարտամենտի, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.
ե) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, վարչության, համակարգի հիմնարկների, ինչպես նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության և դեպարտամենտի կանոնադրությունները, դրանց կենտրոնական ապարատների կառուցվածքը, աշխատողների թիվը, կոլեգիայի կազմը.
է) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
ը) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.
ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.
ժա) անհրաժեշտության դեպքում վարում է դեպարտամենտի խորհրդի նիստերը և հրավիրում արտահերթ նիստեր.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
12. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:
13. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, դեպարտամենտի և վարչության ղեկավարները, նախարարության կենտրոնական ապարատի ու համակարգի այլ ղեկավար աշխատողներ:
14. Նախարարության կոլեգիան իր նիստերում, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, քննության է առնում ոլորտի գործունեության ու զարգացման հիմնական հարցերը, քննարկում դեպարտամենտի, վարչության, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը և նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, դեպարտամենտի, վարչության, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Կոլեգիայի նիստերին մասնակցելու համար հրավիրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, ինչպես նաև կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Ավտոտրանսպորտի վարչություն
Կապի վարչություն
Տեխնիկական քաղաքականության և ծրագրերի վարչություն
Ներդրումների և շինարարական ծրագրերի վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Հակամենաշնորհային քաղաքականության և լիցենզիաների վարչություն
Տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և ռեսուրսների վարչություն
Փոխադրումների վարչություն
Հաշվապահություն
Կադրերի բաժին
Առաջին բաժին
Ռազմամոբիլիզացիոն բաժին
Գործերի կառավարչություն