ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1997 թվականի N 543
քաղ. Երևան
ՄԱՐԶՊԵՏԻ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.3-րդ կետի և 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.3-րդ կետի`
1. Հաստատել մարզպետի` հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից տեղեկատվություն ստանալու կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 10-ի «Մարզպետի` հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից տեղեկատվություն ստանալու կարգի մասին» N 345 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԶՊԵՏԻ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Սույնով կարգավորվում է մարզպետի` հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից (այսուհետև` տարածքային ծառայություններ) տեղեկատվություն ստանալու կարգը, ժամկետը, մարզպետին տրվող տեղեկությունների բնույթը, տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:
2. Մարզում պետական կառավարման ապահովման, մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման նպատակով մարզպետը, նշելով անհրաժեշտ տեղեկատվության բնույթը, ծավալը, պարբերականությունը, իր իրավասության սահմաններում իրավունք ունի տարածքային ծառայություններից ստանալու տեղեկատվություն`
ա) վիճակագրական ամփոփ տվյալների վերաբերյալ.
բ) տարածքային ծառայության զարգացման (ընդլայնման), սահմանափակման, կրճատման վերաբերյալ.
գ) տարածքային ծառայության գործունեության կարգի և պայմանների վերաբերյալ.
դ) տարածքային ծառայության կողմից պետական սեփականության, բնական ռեսուրսների, պատմության և մշակույթի հուշարձանների, հատուկ պահպանվող այլ օբյեկտների պահպանության ու արդյունավետ օգտագործման վերաբերյալ.
ե) տարածքային ծառայության կողմից հողօգտագործման և հողի պահպանման վերաբերյալ.
զ) տարածքային ծառայության կողմից ջրերի, անտառների, կանաչ գոտիների, ընդերքի պահպանության և օգտագործման վերաբերյալ.
է) տարածքային ծառայության կողմից հակահամաճարակային ու կարանտինային միջոցառումների, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերաբերյալ.
ը) տարածքային ծառայության կողմից մարզի տարածքում ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման վերաբերյալ.
թ) տարածքային ծառայության կողմից մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման, կատարված հանցագործությունների, տեղի ունեցած պատահարների (մարդկային զոհեր պատճառած կամ այլ ծանր հետևանքներ առաջացրած) և ծանր հետևանքներ առաջացրած հրդեհների վերաբերյալ` ամենօրյա, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ` եռամսյակային.
ժ) մարզպետի` իր իրավասության սահմաններում ընդունած որոշումների և կարգադրությունների կատարման վերաբերյալ:
3. Տարածքային ծառայությունը պարտավոր է մարզպետի` իրենց դիմելու օրվանից 3-օրյա ժամկետում նրան գրավոր ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, եթե դրա տրամադրման համար անհրաժեշտ չի լրացուցիչ ուսումնասիրություններ, ստուգումներ կատարել կամ իրականացնել այլ միջոցառումներ, կամ հիմնավորված մերժել դրա տրամադրումը:
Սույն կարգի 2-րդ կետի «է», «ը» ենթակետերով նախատեսված տեղեկատվության տրամադրման ժամկետը կարող է սահմանվել մինչև մեկ օր` ելնելով իրավիճակից:
Եթե տարածքային ծառայությունը չունի այդպիսի տեղեկատվություն կամ այդ տեղեկատվության տրամադրումը դուրս է տվյալ տարածքային ծառայության իրավասությունից, ապա վերջինս պարտավոր է մարզպետի` իրենց դիմելու օրվանից 3-օրյա ժամկետում այդ մասին հայտնել նրան:
Եթե տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ, ստուգումներ կամ իրականացնել այլ միջոցառումներ, ապա տարածքային ծառայությունը պարտավոր է մարզպետի` իրենց դիմելու օրվանից 3-օրյա ժամկետում այդ մասին հայտնել նրան` նշելով տեղեկատվության տրամադրման ժամկետը:
Եթե պահանջվող վիճակագրական կամ այլ տեղեկատվություն հավաքելու և ամփոփելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են ժամկետներ, ապա նման տեղեկատվությունը մարզպետին կարող է տրամադրվել միայն այդ ժամկետների ավարտից հետո:
4. Տարածքային ծառայությունն իրավունք ունի մերժելու պահանջվող տեղեկատվության տրամադրումը`
ա) եթե այն հանդիսանում է բանկային, առևտրային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գաղտնիք.
բ) եթե այն հանդիսանում է մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն, որի տրամադրման մասին չկա քաղաքացու (քաղաքացիների) գրավոր համաձայնությունը.
գ) եթե տեղեկատվության տրամադրման դեպքում խախտվում են անձի և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու ազատությունները.
դ) եթե տեղեկատվության պահանջը չի բխում սույն կարգից:
5. Պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը մարզպետին կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Տեղեկատվության տրամադրումը մերժելու կամ սույն կարգով սահմանված ժամկետներում չտրամադրելու դեպքում մարզպետն այդ մասին կարող է դիմել համապատասխան տարածքային ծառայության վերադաս հանրապետական գործադիր մարմին: Այդ դիմումը համապատասխան տարածքային ծառայության վերադաս հանրապետական գործադիր մարմինը քննության է առնում և դրա ստացման օրվանից 5-օրյա ժամկետում պատասխանում մարզպետին: Տարածքային ծառայության վերադաս հանրապետական գործադիր մարմնի պատասխանի հետ չհամաձայնվելու դեպքում մարզպետը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որի որոշումը վերջնական է:
7. Սույն կարգի պահանջները խախտող պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգապահական պատասխանատվություն:
8. Սույն կարգում օգտագործվող «մարզ» և «մարզպետ» հասկացությունները հավասարապես վերաբերում են, համապատասխանաբար, «Երևան քաղաք» և «Երևանի քաղաքապետ» հասկացություններին: