«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1727-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի
N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Կոնսերվատորիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, կոնսերվատորիայի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».
բ) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «ա» և «զ» ենթակետերը.
գ) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».
դ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Կոնսերվատորիայի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-14.9-րդ կետերով.
«14.1. Խորհուրդը ձևավորվում է կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) կոնսերվատորիայի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող,
բ) կոնսերվատորիայի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածուներն ընտրվում են կոնսերվատորիայի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին,
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
14.2. Կոնսերվատորիայի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),
բ) կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
14.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
14.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
14.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
14.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
14.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն,
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,
ե) Խորպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
14.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
14.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 14.1-14.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».
զ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր՝ խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ».
է) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար,
բ) հաստատում է իր աշխատակարգը,
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները,
դ) խորհրդի գործունեության մեջ են մտնում կոնսերվատորիայի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, կոնսերվատորիայի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև կոնսերվատորիայի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».
ը) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» և «ժդ» ենթակետերով.
«ժգ) հաստատում է կոնսերվատորիայի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը.
ժդ) հաստատում է կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները».
թ) 21-րդ կետից հանել «և կենսագործվում կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժ) 25-րդ կետից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժա) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Կոնսերվատորիայի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` կոնսերվատորիայի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` կոնսերվատորիայի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ) գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Կոնսերվատորիայի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը».
ժբ) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
Ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը: Ռեկտորն ընտրությունների հիման վրա, իր հրամանով նշանակում է դեկանին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր».
ժգ) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որի ընտրության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը: Ռեկտորն ընտրությունների հիման վրա, իր հրամանով նշանակում է ամբիոնի վարիչին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր».
ժդ) 40-րդ կետում «կրթության կառավարման պետական լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.
ժե) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Կոնսերվատորիայում իրականացվում է դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան ուսուցման համակարգով կրթական ծրագրերի ուսուցում».
ժզ) 72-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե».
ժէ) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Կոնսերվատորիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|