«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 631-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույն կարգով և չափորոշիչներով սահմանվում են մշակութային արժեքների պահպանական ցուցակում (այսուհետ՝ ցուցակ) պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները: 2. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների գրանցման չափորոշիչներն են` ա) տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը, բ) պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը, գ) պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը, դ) ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը, ե) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը: 3. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցվում են, եթե համապատասխանում են սույն կարգի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկին: 4. Ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները գրանցվում են կամավորության սկզբունքով` սեփականատիրոջ (այսուհետ՝ հայտատու) ներկայացրած հայտի համաձայն: 5. Հայտատուն հայտը ներկայացնում է լիազորված պետական մարմին՝ դրան կցելով գրանցման ենթակա մշակութային արժեքի մասին փորձագիտական եզրակացության պատճենը` լուսանկարով, և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար (13 x 18 սմ չափսի): 6. Հայտը գրանցվում է դիմումների գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված և կնքված են լիազորված պետական մարմնի կնիքով: 7. Հայտերի գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: 8. Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով: 9. Գործը կազմվում է հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից և այլ փաստաթղթերից: 10. Գործը պահվում է անժամկետ: Այն գրանցող լիազորված պետական մարմինը պատասխանատու է հայտատուի տվյալների գաղտնիության համար: 11. Հայտի քննարկման ու գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը: 12. Ցուցակը կազմվում է թվայնացված տարբերակով` համակարգչային շտեմարանում: Յուրաքանչյուր մշակութային արժեք գրանցվում է հաջորդական համարակալմամբ: Մշակութային արժեքների գրանցման տվյալներն են անվանումը, անունը կամ վերնագիրը, ստեղծողը (հեղինակը), ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը, չափերը), քաշը, վիճակը, ծածկագիրը, ծանոթագրությունը: 13. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո համակարգչային շտեմարանում գրանցված ցուցակը տպվում, կարվում և կնքվում է` կազմելով պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների տվյալների գրանցամատյանի մաս: 14. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո տվյալ տարում գրանցված ցուցակն առանձին գրքույկով տպագրվում է ծառայողական օգտագործման համար: 15. Սեփականատիրոջը տրվում է ցուցակում մշակութային արժեքի գրանցման մասին տեղեկանք` լուսանկարով: Տեղեկանքի ձևն ու տալու կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը: 16. Մշակութային արժեքի մասին տեղեկությունների փոփոխությանը վերաբերող նշումը կատարվում է ցուցակի «Ծանոթագրություն» սյունակում: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |