«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2004 թվականի N 1520-Ն
«ԶՈՐԱՎԱՐ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` ինստիտուտ)։
2. Սահմանել, որ ինստիտուտի գործունեության առարկան ու նպատակներն են գիտահետազոտական, գիտաուսումնական և գիտամեթոդաբանական աշխատանքների կատարումն ու ազգային ռազմավարության և անվտանգության քաղաքականության ոլորտներում ծավալվող գործընթացների գիտական վերլուծությունը։
3. Ինստիտուտի ընդհանուր կառավարման և բնականոն գործունեության, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
4. Սահմանել, որ`
ա) պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, այդ թվում` պատմամշակութային արժեքների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, կարող է սեփականության իրավունքով հանձնվել ինստիտուտին.
բ) պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, այդ թվում` պատմամշակութային արժեքները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ինստիտուտին են հանձնվում անժամկետ օգտագործման համար:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել ինստիտուտի կանոնադրությունը.
բ) ձևավորել ինստիտուտի կառավարման մարմինները.
գ) ապահովել սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմի հաստատումը։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի հիման վրա ներկայացնել առաջարկություն ինստիտուտի գործունեության ֆինանսավորման վերաբերյալ։
7. Ինստիտուտի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|