Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն Կոնվենցիան ստորագրած պետությունները,
ցանկանալով վերացնել օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական օրինականացման պահանջը,
որոշել են այդ կապակցությամբ կնքել Կոնվենցիա և համաձայնել են ներքոհիշյալ դրույթների շուրջ.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Կոնվենցիան կիրառվում է այն պաշտոնական փաստաթղթերի առնչությամբ, որոնք տրվել են Պայմանավորվող պետություններից մեկի տարածքում և պետք է ներկայացվեն այլ Պայմանավորվող պետության տարածքում:
Սույն Կոնվենցիայի նպատակների համար պաշտոնական փաստաթղթեր են համարվում՝
ա) պետության դատարանների կամ տրիբունալների կամ դրանց հետ կապված պաշտոնատար անձանց, ներառյալ դատախազի, դատարանի քարտուղարի կամ դատական կատարածուի կողմից ընդունված փաստաթղթերը,
բ) վարչական փաստաթղթերը,
գ) նոտարական փաստաթղթերը,
դ) մասնավոր կարգավիճակով գործող անձանց կողմից ստորագրված փաստաթղթերի վրա կատարված պաշտոնական հավաստագրերը, ինչպիսին են փաստաթղթի գրանցումը կամ որոշակի ամսաթվին դրա գոյության փաստն արձանագրող պաշտոնական հավաստագրերը, ինչպես նաև ստորագրությունների պաշտոնական և նոտարական հաստատումները:
Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան չի կիրառվում՝
ա) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների կողմից կատարված փաստաթղթերի նկատմամբ,
բ) առևտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերի նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 2
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն օրինականացումից ազատում է այն փաստաթղթերը, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, և որոնք պետք է ներկայացվեն իր տարածքում: Սույն Կոնվենցիայի նպատակների համար «օրինականացում» նշանակում է միայն այն հատուկ ընթացակարգը, որի միջոցով այն երկրի դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալը, որի տարածքում փաստաթուղթը ենթակա է ներկայացման, հավաստում է ստորագրության, այն պաշտոնեական դիրքի իսկությունը, որով հանդես է եկել փաստաթուղթն ստորագրած անձը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմի իսկությունը:
Հ ո դ վ ա ծ 3
Միակ ընթացակարգը, որը կարող է պահանջվել ստորագրության, այն պաշտոնեական դիրքի, որով հանդես է եկել փաստաթուղթն ստորագրած անձը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմի իսկության հավաստման համար, հավաստագիր դնելն է 4-րդ հոդվածում նկարագրված ձևով, ինչը կատարում է այն պետության իրավասու մարմինը, որտեղ այդ փաստաթուղթն ընդունվել է:
Այնուամենայնիվ, նախորդ պարբերությունում նշված ընթացակարգը չի կարող պահանջվել, եթե տվյալ պետությունում, որտեղ փաստաթուղթը ներկայացվում է, գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը կամ պրակտիկան, կամ էլ երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև համաձայնությունը վերացրել կամ պարզեցրել են այդ ընթացակարգը կամ փաստաթուղթն ազատել են օրինականացումից:
Հ ո դ վ ա ծ 4
3-րդ հոդվածի 1-ին մասում նշված հավաստագիրը դրվում է անմիջապես փաստաթղթի կամ փաստաթղթին ամրացված առանձին թղթի վրա և պետք է ունենա սույն Կոնվենցիայի հավելվածը կազմող նմուշի ձևը:
Սակայն հավաստագիրը կարող է կազմված լինել այն տվող մարմնի պաշտոնական լեզվով: Նրանում առկա ստանդարտ արտահայտությունները կարող են լինել նաև երկրորդ լեզվով: Վերնագիրը՝ «Apostille» (Convention de La Haye du 5 octobre 1961), պետք է լինի ֆրանսերեն:
Հ ո դ վ ա ծ 5
Հավաստագիրը տրվում է այն ստորագրած անձի կամ ներկայացնող ցանկացած անձի միջնորդությամբ:
Պատշաճորեն լրացված լինելով՝ այն հավաստում է ստորագրության, այն պաշտոնեական դիրքի իսկությունը, որով հանդես է եկել փաստաթուղթն ստորագրած անձը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմի իսկությունը:
Հավաստագրի վրա դրված ստորագրությունը, կնիքը կամ դրոշմն ազատ են բոլոր հավաստումներից:
Հ ո դ վ ա ծ 6
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է այն մարմինները, որոնք իրավասու են տալու 3-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված հավաստագիր՝ հաշվի առնելով այդ մարմինների պաշտոնական գործառույթները:
Նման նշանակման մասին նա տեղեկացնում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը՝ իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը, կամ էլ Կոնվենցիայի գործողության տարածման մասին հայտարարությունն ի պահ հանձնելիս: Նա տեղեկացնում է նաև այդ մարմինների նշանակման հետ կապված ցանկացած փոփոխության մասին:
Հ ո դ վ ա ծ 7
6-րդ հոդվածին համապատասխան նշանակված յուրաքանչյուր մարմին վարում է գրանցամատյան կամ քարտարան, որտեղ նա գրանցում է տրված հավաստագրերը՝ նշելով.
ա) հավաստագրի համարն ու ամսաթիվը,
բ) պաշտոնական փաստաթուղթն ստորագրած անձի անուն-ազգանունը և պաշտոնեական դիրքը, որով նա հանդես է եկել, իսկ չստորագրված փաստաթղթերի դեպքում՝ կնիքը կամ դրոշմը դրած մարմինը:
Ցանկացած շահագրգիռ անձի պահանջով հավաստագիրը տված մարմինն ստուգում է, թե համապատասխանում են արդյոք դրանում առկա տվյալները գրանցամատյանում կամ քարտարանում գրանցված տվյալներին:
Հ ո դ վ ա ծ 8
Եթե երկու կամ մի քանի Պայմանավորվող պետությունների միջև կնքված որևէ պայմանագիր, կոնվենցիա կամ համաձայնագիր բովանդակում է դրույթներ, որոնք նախատեսում են որոշակի ընթացակարգ ստորագրության, կնիքի կամ դրոշմի հավաստման համար, սույն Կոնվենցիան նախատեսում է այդ դրույթներից շեղում միայն այն դեպքում, երբ դրանցում նշված հատուկ ընթացակարգերն ավելի խիստ են, քան 3-րդ և 4-րդ հոդվածներում նախատեսվածները:
Հ ո դ վ ա ծ 9
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների կողմից կատարվող օրինականացումն այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիան նախատեսում է ազատում օրինականացումից:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի խորհրդաժողովի իններորդ նստաշրջանում ներկայացված պետությունների, ինչպես նաև Իռլանդիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Թուրքիայի համար:
Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 10-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված երրորդ վավերագիրն ի պահ հանձնելուն հետևած 60-րդ օրը: Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության համար, որն ավելի ուշ է վավերացրել այն, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրն ի պահ հանձնելուն հետևած 60-րդ օրը:
Հ ո դ վ ա ծ 12
10-րդ հոդվածում չնշված ցանկացած պետություն կարող է միանալ սույն Կոնվենցիային նրա՝ 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ուժի մեջ մտնելուց հետո: Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Նման միացումն իրավաբանական ուժ ունի միացած պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերությունների առնչությամբ միայն, որոնք 15-րդ հոդվածի (դ) ենթակետում նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չեն առարկում այդ պետության միանալու դեմ: Նման ցանկացած առարկության մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Միացած պետության և այն պետությունների միջև, որոնք միանալու դեմ չեն առարկել, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նախորդ պարբերությունում նշված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո 60-րդ օրը:
Հ ո դ վ ա ծ 13
Ցանկացած պետություն ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ այդ տարածքներից մեկի կամ մի քանիսի վրա: Այդ հայտարարությունն ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից:
Հետագայում ցանկացած ժամանակ Կոնվենցիայի գործողության նման տարածման մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Եթե Կոնվենցիայի գործողության տարածման մասին հայտարարությունը կատարում է այն պետությունը, որն ստորագրել և վավերացրել է Կոնվենցիան, վերջինս նշված տարածքների համար ուժի մեջ է մտնում 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Եթե Կոնվենցիայի գործողության տարածման մասին հայտարարությունը կատարում է այն պետությունը, որը միացել է Կոնվենցիային, ապա վերջինս նշված տարածքների համար ուժի մեջ է մտնում 1-ին հոդվածի դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Կոնվենցիան գործում է 5 տարվա ընթացքում՝ սկսած նրա՝ 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվանից, այդ թվում՝ այն պետությունների համար, որոնք այն վավերացրել կամ նրան միացել են հետագայում:
Եթե Կոնվենցիան չեղյալ չհայտարարվի, ապա նրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ յուրաքանչյուր 5 տարվա համար:
Յուրաքանչյուր չեղյալ հայտարարման մասին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը ծանուցվում է հնգամյա ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:
Չեղյալ հայտարարումը կարող է սահմանափակվել տարածքներից մի քանիսով, որոնց նկատմամբ կիրառվել է Կոնվենցիան:
Չեղյալ հայտարարումը իրավաբանական ուժ ունի միայն այն պետության առնչությամբ, որն այդ մասին ծանուցում է: Մյուս Պայմանավորվող պետությունների համար Կոնվենցիան մնում է ուժի մեջ:
Հ ո դ վ ա ծ 15
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է 10-րդ հոդվածում հիշատակված պետություններին, ինչպես նաև 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան միացած պետություններին՝
ա) 6-րդ հոդվածի երկրորդ մասում հիշատակվող ծանուցումների մասին,
բ) 10-րդ հոդվածում հիշատակվող ստորագրումների և վավերացումների մասին,
գ) 11-րդ հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ
մտնելու ամսաթվի մասին,
դ) 12-րդ հոդվածում հիշատակված միանալու և առարկումների մասին և միանալու ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
ե) Կոնվենցիայի 13-րդ հոդվածում հիշատակվող գործողության տարածման և նրա ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
զ) 14-րդ հոդվածի երրորդ մասում հիշատակվող չեղյալ հայտարարումների մասին:
Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Հաագայում, 1961 թվականի հոկտեմբերի 5-ին, ֆրանսերեն և անգլերեն (տեքստերի միջև տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է ֆրանսերեն տեքստին), մեկ բնօրինակով, որն ի պահ է տրվում Նիդեռլանդների կառավարության արխիվներին և որի հավաստված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Հաագայի՝ միջազգային մասնավոր իրավունքի խորհրդաժողովի իններորդ նստաշրջանին ներկա եղած յուրաքանչյուր պետության, ինչպես նաև Իռլանդիային, Իսլանդիային, Լիխտենշտեյնին և Թուրքիային:
Կ ո ն վ ե ն ց ի ա յ ի հ ա վ ե լ վ ա ծ
Հավաստագրի նմուշ
Հավաստագիրն ունի 9 սմ-ից ոչ պակաս կողմով քառակուսու ձև:
APOSTILLE
(Convention de La Haye du 5 octobre 1961)
1. Երկիրը ____________________________________
Սույն պաշտոնական փաստաթուղթը
2. ստորագրված է _______________________ կողմից
3. որը հանդես է եկել իբրև _______________________
4. կրում է_______________________ ի կնիքը/դրոշմը
Հավաստված է
5. որտեղ_______________ 6. ամսաթիվը __________
7. ում կողմից_______________________
8. N _______________________
9. կնիք / դրոշմ 10. ստորագրություն_____________
*Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է հայտարարությամբ.
«Համաձայն 6-րդ հոդվածի 1-ին կետի Հայաստանի Հանրապետությունը հավաստագիր ստանալու համար նշանակում է հետևյալ մարմիններին.
ա/ Արտաքին գործերի նախարարություն,
բ/ Արդարադատության նախարարություն»:
**Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 14-ին: