«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 686-Ն
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԱՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները Գյումրի քաղաքի «Անի» թաղամասում առավել արդյունավետ իրականացնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ժամանակավոր կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԱՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
1. Սույն կարգը կանոնակարգում է Գյումրի քաղաքի «Անի» բնակելի թաղամասի բազմաբնակարան շենքերի գազամատակարարման աշխատանքները մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշմամբ հաստատված կարգով շենքերում ջերմամատակարարման իրականացումը:
2. Թույլատրել «Անի» թաղամասի բազմաբնակարան շենքերի սեզոնային ջեռուցումն ապահովելու նպատակով բնակարաններում տեղադրել այրման հերմետիկ խցով ջեռուցման սարքավորումներ` շենքի արտաքին պատից այրման արգասիքների հեռացմամբ:
3. Շենքի արտաքին պատից այրման արգասիքներն առանց ուղղաձիգ ծխնելույզի հեռացվելու դեպքում շենքի ճակատի վրա ծխատարի անցքը պետք է գտնվի`
ա) առնվազն 2,0 մետր` գետնի մակարդակից բարձր,
բ) հորիզոնական ուղղությամբ` առնվազն 0,5 մետր հեռավորության վրա` մինչև դռները և լուսամուտները,
գ) առնվազն 0,5 մետր դռների, լուսամուտների վերին մասից բարձր,
դ) ուղղաձիգ ուղղությամբ` առնվազն 1,0 մետր մինչև լուսամուտները, եթե անցքերը գտնվում են լուսամուտների տակ:
4. Շենքի ճակատի 2 ծխանցքերի անցքերի նվազագույն հեռավորությունը միմյանցից պետք է ընդունել հորիզոնական ուղղությամբ` 1,0 մետրից ոչ պակաս և ուղղաձիգ ուղղությամբ` 2,0 մետրից ոչ պակաս:
5. Այրման հերմետիկ խցով ջեռուցման սարքավորումից արտաքին պատի միջով անցնող ծխատարի հորիզոնական տեղամասի երկարությունը պետք է ընդունել ոչ ավելի, քան 3,0 մետր:
6. Սենյակները, որտեղ տեղադրվում են նշված սարքերը, պետք է ունենան օդանցքով լուսամուտ (բացվող փեղկով) կամ արտահոս օդափոխության անցուղի:
7. Գազամատակարարմանը վերաբերող մնացած բոլոր պահանջները պետք է կատարվեն ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |