«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 756-Ն
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ, 23-րդ հոդվածների և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 27-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:
2. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներ օգտագործող անձինք, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ և 23-րդ հոդվածների համաձայն համարվելով ազատ ջրօգտագործողներ, ջրօգտագործումն իրականացնում են սույն կարգի պահանջների համաձայն:
3. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումն իրականացվում է մարդկանց կյանքի պահպանման կանոնների համաձայն՝ ելնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմինների և, ըստ ջրային ռեսուրսների տարածքային պատկանելության, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված պահանջներից, տեղերից ու ժամկետներից:
4. Սիրողական և սպորտային ձկնորսության համար ջրային ռեսուրսների օգտագործումը թույլատրվում է ձկնորսության համար սահմանված կանոնների պահպանման դեպքում:
5. Փոքրաչափ նավերով՝ թիակավոր և շարժիչավոր նավակներով, առագաստային զբոսանավակներով, կատերներով լողալու համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Փոքրաչափ նավերը ենթակա են պետական գրանցման և պետք է ունենան կողանշաններ:
6. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար սահմանված ջրային ռեսուրսների ու դրանց հարակից տարածքների օգտագործումը չպետք է հանգեցնի ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը, ինչպես նաև սահմանափակի այդ տարածքներից օգտվող քաղաքացիների և այլ ջրօգտագործողների իրավունքները ջրային ռեսուրսների նկատմամբ:
7. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներն ու դրանց հարակից տարածքներն օգտագործողները հասարակայնությանն ապահովում են իրենց գործունեության համար նախատեսված ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների մասին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև դրա մատչելիությունը:
8. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող ջրային ռեսուրսների օգտագործումը թույլատրելի է, եթե այն չի հակասում այդ տարածքի համար սահմանված նորմերին, հակառակ դեպքում՝ ջրօգտագործողը պետք է սահմանված կարգով ստանա ջրօգտագործման թույլտվություն:
9. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումը, որը խախտում կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, կարող է իրականացվել միայն ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:
10. Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումը, որը նպատակաուղղված է շահույթ ստանալուն, կարող է իրականացվել միայն ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |