«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 984-Ն
ԱՌԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴՈՒՐՍ ԳՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. օգոստոսի 14 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴՈՒՐՍ ԳՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց մասին ցանկի հրապարակման գործընթացը:
2. Սույն կարգը չի տարածվում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող այն անձանց վրա, ովքեր ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով կրում են գործարքը կատարելու պարտականություն:
3. Սույն կարգով հրապարակման ենթակա են առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող ֆիզիկական, իրավաբանական անձանց և հիմնարկների ցանկերը:
4. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկերը հրապարակվում են ըստ անհրաժեշտության` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում` ըստ այդ անձանց հայտնաբերման ամսաթվերի հաջորդականության: Սույն կետով նախատեսված ցանկերում ներառվում են անձանց անվանումները, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), գտնվելու վայրը (հաշվառման հասցեն), իրավաբանական անձանց դեպքում` նաև գործունեության իրականացման հասցեն (հասցեները)` հարկային մարմնին հայտնի լինելու դեպքում: Ծառայության պետը տարվա ընթացքում հրապարակված ցանկում կատարում է լրացում` նոր ցանկի հաստատումից հետո եռօրյա ժամկետում:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ցանկի հաստատման համար ծառայության պետը հիմք է ընդունում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի փորձաքննության հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ներկայացրած եզրակացությունը:
Հանձնաժողովի կազմը բաղկացած է ծառայության հետևյալ աշխատողներից`
եկամուտների պլանավորման, հաշվառման և վերլուծության վարչության պետ,
հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 1 վարչության պետ,
հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 2 վարչության պետ,
օպերատիվ-հետախուզության վարչության պետ,
իրավաբանական վարչության պետ,
հետաքննության բաժնի պետ:
6. Հանձնաժողովը ծառայության պետին ներկայացնում է եզրակացություն յուրաքանչյուր անձի մասին` սույն կարգի 9-րդ կետում նշված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնաժողովին ներկայացված առաջարկությունների հիման վրա: Հանձնաժողովը մինչև եզրակացություն ներկայացնելն ուսումնասիրում է գործարքի կողմերի` հարկային մարմնում հաշվառված լինելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, հայտարարագրեր, հաշվետվություններ ներկայացնելու, դրանց մեջ հարկվող օբյեկտ կամ հարկվող շրջանառություն ցույց տալու հանգամանքները, ստուգումների կամ ուսումնասիրությունների արդյունքները: Ընդ որում, եթե հանձնաժողովի աշխատանքների ընթացքում պարզվում է, որ հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իր գործողությունների արդյունքում, ելնելով անձնական շահերից, այդպիսի փաստաթղթեր է դուրս գրել` առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, ապա ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետը կամ հետաքննության բաժնի պետը սույն կարգի 8-րդ կետին համապատասխան ստորագրում է հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը` հատուկ կարծիքով:
7. Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում կարող է հրավիրել մասնագետների, փորձագետների, թարգմանիչների: Կոնկրետ անձանց վերաբերյալ հարցերի քննության դեպքում բացատրություններ լսելու նպատակով հրավիրվում են նաև այդ անձինք: Նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում հանձնաժողովի կողմից եզրակացության ընդունմանը:
8. Հանձնաժողովի բոլոր անդամներն ստորագրում են եզրակացությունը: Հատուկ կարծիքի դեպքում կատարվում է համապատասխան նշում, և եզրակացությանը կցվում է հիմնավորումը:
9. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց ցանկը կազմվում է ծառայության հսկողական (վերահսկողական) գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների և (կամ) հարկային տեսչությունների իրականացրած ստուգումներով (այդ թվում` հանդիպակաց) հայտնաբերված` առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրելու դեպքերի հիման վրա: Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց մասին տեղեկությունների ներքին փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հաստատած ընթացակարգով:
10. Հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը` ծառայության պետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) հաստատել ցանկը,
բ) անձին հանել ցանկից,
գ) ուղարկել լրացուցիչ ուսումնասիրության,
դ) անհրաժեշտության դեպքում դիմել այլ իրավասու մարմիններ:
11. Ծառայության պետը սույն կարգի 10-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված որոշումն ընդունում է, եթե հանձնաժողովի անդամներից որևիցե մեկն ստորագրել է եզրակացությունը` հատուկ կարծիքով, և դրան կցել համապատասխան հիմնավորում:
12. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկը ծառայության պետի կողմից հաստատվելուց հետո տրամադրվում է ծառայության աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 4-րդ կետին համապատասխան տպագրելու համար:
13. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |