«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1515-Ա
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1995-2001 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրված միջուկային վառելիքի գծով Ռուսաստանի Դաշնության «МСЗ» և «ТВЭЛ» ընկերությունների նկատմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 32.0 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր գումարով պարտքերի մարման, ինչպես նաև վերալիցքավորման համար 2002 թվականին անհրաժեշտ միջուկային վառելիքի` 6.7 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով նոր խմբաքանակի ներկրումը մինչև 2002 թվականի հոկտեմբերի 15-ը ապահովելու նպատակով վարված բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել նշված ռուսական ընկերությունների նկատմամբ 38.7 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի ընդհանուր պարտավորությունը «ԱՖԱ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով վերակառուցել «ЕЭС-России» ռուսական բաժնետիրական ընկերության «Интер-РАО ЕЭС» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ` երաշխավորությամբ, որ այդ պարտավորությունը կմարվի «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետագա տարիների ընթացքում 77.4 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի էլեկտրական էներգիայի արտահանումից (արտահանման պայմանագրի կնքումը երաշխավորվում է «Интер-РАО ЕЭС» փակ բաժնետիրական ընկերության կողմից) գոյացող հասույթի 50 տոկոսով, մնացած 50 տոկոսը կվճարվի «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը` էլեկտրական էներգիայի վերարտադրության համար: Գործարքը ենթադրում է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 38.7 մլն ԱՄՆ-ի դոլար պարտավորությունների վերակառուցում «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության վրա:
Նկատի ունենալով, որ «Интер-РАО ЕЭС» փակ բաժնետիրական ընկերության կողմից` նշված գործարքի իրականացման համար պահանջ է ներկայացվել որպես ապահովություն գրավադրել գույք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը «Интер-РАО ЕЭС» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք գործարքի իրականացման նպատակով որպես երաշխիք գրավադրել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (կայանների) անշարժ գույքը` շենքերը, շինությունները, առանց հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքի այն գնահատելով 55.0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով:
2. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներին` 10-օրյա ժամկետում ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (կայանների) զբաղեցրած հողատարածքների վարձակալության պայմանագրերի կնքումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (կայանների) շենքերի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ու զբաղեցրած հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|