ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 ապրիլի 2023 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 33-ՐԴ, 57-ՐԴ ԵՎ 57.1 ԿԵՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է համապատասխանաբար օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:
Ինչպես օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրարկման կարգը, այնպես էլ հրավերի և պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ:
Իրավակիրառ պրակտիկայում, կապված որոշակի գնումների կատարման առանձնահատկությունների հետ, երբեմն առաջանում է ՀՀ կառավարության առանձին որոշմամբ սահմանված ընդհանուր կարգավորումներից տարբերվող կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն, որը վերաբերում է ինչպես մրցույթով և մեկ անձից գնման ձևով կազմակերպվելիք ընթացակարգերին, այնպես էլ կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու համար պատվիրատուներին՝ նախատեսված սահմանափակումներից դուրս որոշումներ կայացնելու թույլտվություն տրամադրելուն:
Նման որոշման նախագծերի քննարկման փուլում հաճախակի բարձրաձայնվում է ՀՀ կառավարության կողմից նման որոշում ընդունելու լիազորության առկայության խնդիրը, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել տալ պաշտոնական պարզաբանում «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 57-րդ և 57.1 կետերի բնագավառում ծագած հարցերի առնչությամբ:
Գնում կատարելու ընթացակարգերի առանձնահատկությունների սահմանման մասով
«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք իրավական ակտերը: Նույն մասի 6-րդ կետը ՀՀ կառավարությանը վերապահում է գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման առանձնահատկությունների սահմանման իրավազորություն:
ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետ՝ կարգ), որը մանրամասն և ամբողջական նկարագրում է ըստ գնման ձևերի ընթացակարգերի կազմակերպման պայմանները, այդ թվում պատվիրատուների կողմից դրանց շրջանակում կայացվող որոշումների շրջանակը:
Միաժամանակ, կարգի 3-րդ կետը նախատեսում է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով գնման գործընթացի առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է դիմել ՀՀ կառավարությանը (սահմանված կարգով ներկայացնելով համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծ)` հայցելով վերջինիս թույլտվությունը՝ գնումն իրականացնել առանց կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման՝ կիրառելով կամ չկիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ):
Այս դեպքում, ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով գնման գործընթացի առանձնահատկությունը, կարող է որոշում կայացնել, թույլատրելու պատվիրատուին կազմակերպելու գնման գործընթացը՝ առանց կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման, անհրաժեշտության դեպքում, կիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ):
Կետը չի վերաբերում ինչպես կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությամբ և 43-րդ կետով նախատեսված, այնպես էլ այն դեպքերին, երբ պայմանը (պայմանները) սահմանված է օրենքով կամ բխում է օրենքի պահանջից:
Ընդ որում, կետով նախատեսված պայմանը կարող է կիրառվել, եթե հրապարակված կամ մասնակցին տրամադրված չէ հրավեր, բացառությամբ գնումն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա կազմակերպվելու դեպքի:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն գնման գործընթացը ներառում է նաև գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջությունը, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը:
Արդյունքում՝ կարգով ՀՀ կառավարությունը՝
- սահմանել է պատվիրատուների կողմից գնման ընթացակարգերի իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջությունը՝ ընդհանուր կարգավորումները.
- նախատեսել է, որ ՀՀ կառավարության առանձին որոշմամբ պատվիրատուին կարող է թույլատրել գնումն իրականացնել առանց կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման՝ կիրառելով կամ չկիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ):
Նման պայմանների սահմանումը կարող է արտահայտվել կարգով նախատեսված ընդհանուր կարգավորումները առանձնահատկություն ունեցող կոնկրետ գործարքների մասով գործնականում կիրառելի չլինելու հանգամանքով պայմանավորված: Մասնավորապես՝ կարգով նախատեսվում են որոշակի ձևաչափերով հրավերի տրամադրում ընկերություններին, կոնկրետ չափերով և տեսակներով հայտի, պայմանագրի, կանխավճարի և որակավորման ապահովումներ պահանջելու, ինչպես նաև դրանք մարելու պայմաններ, մասնակիցների կողմից գնային առաջարկի ներկայացում, բանակցություններ վարելու որոշակի ընթացակարգ, որոշակի ձևաչափով գործարքի արդյունքի հանձնման-ընդունման արձանագրության հաստատում, առանց բանկային երաշխիքի կանխավճարի տրամադրում և այլն:
Օրինակ՝
- կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն, եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, ապա մասնակիցը կանխավճարի ապահովում ներկայացնում է հրավերով նախատեսված դեպքում:
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:
Կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատվել է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակ, որոնք պատվիրատուները կարող են ձեռքբերել օրենքի նշված կարգավորման հիման վրա: Ընդ որում ցուցակի 5-րդ կետով նախատեսված է պետական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, կառավարական և օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերումը:
- ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 23-ի N 951-Ն որոշման նախաբանի համաձայն որոշումը, որով հաստատվել են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները (այսուհետ՝ առանձնահատկություններ), հաստատվել է, հիմք ընդունելով նաև կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 5-րդ կետի հիման վրա կատարվող գնումների գործընթացի առանձնահատկությունները:
Առանձնահատկությունների 7-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն եթե գնումը պետք է իրականացվի մեկ անձից, ապա իրավասու ստորաբաժանումը, որպես պատասխանատու ստորաբաժանում, հիմք ընդունելով կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 5-րդ կետի պահանջը, հաստատում է գնման հայտը: Գնման հայտով ներկայացվում են այդ ընկերության տվյալները` միաժամանակ գրավոր հիմնավորելով և հավաստելով, որ տվյալ գնումը հնարավոր է իրականացնել միայն այդ անձից, որի շրջանակներում հրավերը գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարության գնումները համակարգող ստորաբաժանմանը (այսուհետ՝ գնումները համակարգող) ուղեկցող գրությամբ, ուղարկվում է հնարավոր մասնակցին՝ առաջարկելով ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ՝ միաժամանակ հրավիրելով բանակցությունների։ Հրավերով նաև սահմանվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք՝ կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:
Արդյունքում՝
- կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ՀՀ կառավարությունը պատվիրատուներին է վերապահել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա մեկ անձից գնման ձևով կազմակերպվող գործընթացների շրջանակում մասնակցին կանխավճար հատկացնելու դեպքում բանկային երաշխիք պահանջելու կամ չպահանջելու հարցի որոշման իրավասությունը: Ընդ որում ապահովում պահանջելու դեպքում այդ հանգամանքը պետք է նախատեսվի հրավերում.
- առանձնահատկությունների 7-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ մեկ անձից գնումների կատարման դեպքում ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարության համար պարտադիր է դարձրել հրավերով կանխավճարի հատկացումը բանկային երաշխիքի հիման վրա տրամադրելու պայման նախատեսելու հանգամանքը:
Հետևաբար, եթե գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է նշված նորմի հիման վրա իրականացվող գնման գործընթացի շրջանակում մասնակցին կանխավճարի տրամադրումն իրականացնել առանց բանկային երաշխիքի առկայության, ապա հրավերում առանձնահատկությունների 71-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության պահանջից կարող է շեղվել միայն ՀՀ կառավարության կողմից նման հնարավորությունը սահմանվելու պարագայում՝ նկատի ունենալով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակը. այն է՝ նույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները սահմանելու իրավազորությունը:
ՀՀ կառավարության կողմից կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման թույլտվություն տրամադրելու մասով
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է պայմանագրի հիմնական պայմանները:
Կարգի 33-րդ կետով սահմանված են պայմանագրերին ներկայացվող հիմնական պայմանները, իսկ 56-րդ կետով այն դեպքերը, որոնց առկայության պարագայում պատվիրատուն չի կարող կայացնել պայմանագրում փոփոխություններ կատարելու որոշում:
Միաժամանակ կարգի՝
- 57-րդ կետի համաձայն՝ պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է ՀՀ կառավարությունը.
- 57.1 կետի համաձայն՝ յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով պայմանագրի կատարման և (կամ) կառավարման առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ընթացքում դիմել ՀՀ կառավարությանը (սահմանված կարգով ներկայացնելով համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծ)` հայցելով վերջինիս թույլտվությունը պայմանագրում կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ սահմանելու կամ սահմանված պայմանները չկիրառելու համար:
Այս դեպքում, ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով պայմանագրի կատարման և (կամ) կառավարման առանձնահատկությունը, կարող է իր որոշմամբ թույլատրել սահմանել պայմանագրում կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ կամ չկիրառել սահմանված պայմանները:
Կետը չի վերաբերում այն դեպքերին, երբ պայմանը սահմանված է օրենքով կամ բխում է օրենքի պահանջից:
Արդյունքում՝ կարգով ՀՀ կառավարությունը՝
- սահմանել է պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները.
սահմանել է այն դեպքերը, որոնց առկայության պարագայում պատվիրատուն չի կարող կայացնել պայմանագրում փոփոխություններ կատարելու որոշում.
- նախատեսել է, որ ՀՀ կառավարության առանձին որոշմամբ պատվիրատուին կարող է թույլատրել կնքված պայմանագրում կատարել ընդհանուր կարգավորումներով սահմանափակված փոփոխությունները՝ կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ սահմանելու կամ սահմանված պայմանները չկիրառելու համար:
Ընդ որում նման պայմանների սահմանումը կարող է վերաբերել ինչպես պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանների փոփոխմանը, այնպես էլ կարգի 56-րդ կետով նախատեսված ցանկացած պայմանի բացառմանը, ներառյալ պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների չկիրառմանը:
Հետևաբար, եթե պատվիրատուն նախատեսում է պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանդիսանում են պայմանագրին ներկայացվող հիմնական պայման կամ սահմանափակված են կարգի 56-րդ կետով, ապա նման փոփոխությունների կատարման մասով պատվիրատուն որոշում կարող է կայացնել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ թույլտվություն ունենալու պարագայում՝ նկատի ունենալով օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակը. այն է՝ պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու իրավազորությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը և օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերի, ինչպես նաև կարգի 33-րդ, 57-րդ և 57.1 կետերի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով՝ պաշտոնապես պարզաբանում եմ՝
1. այն գնման ընթացակարգը, որը գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ իրականացնել կարգով սահմանված ընդհանուր կանոնների կիրառմամբ, պատվիրատուն կարգի 3-րդ կետով նախատեսված կարգով պետք է ստանա ՀՀ կառավարության թույլտվությունը:
Ընդ որում առանձնահատկությունները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծում ներկայացվում են միայն կարգով կոնկրետ նախատեսված պայմանը (պայմանները) չկիրառելու կամ նախատեսված պայմանի (պայմանների) փոխարեն այլ պայման (պայմաններ) կիրառելու կարգավորումները.
2. պայմանագրում կատարվելիք այն փոփոխությունը, որի արդյունքում նախատեսվում է փոխել կարգով սահմանված պայմանագրի հիմնական պայման կամ փոփոխություն կատարելը սահմանափակված է կարգի 56-րդ կետով, պատվիրատուն դրանք կարող է իրականացնել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ թույլտվությունը ստանալու դեպքում:
Սույն դեպքում պետք է նկատի ունենալ նաև, որ եթե ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները սկսվել կամ դրանց արդյունքում պայմանագրերը կնքվել են.
- մինչև 02.11.2022թ., ապա կնքված պայմանագրերում ինչպես կարգի 56-րդ կետով սահմանափակված, այնպես էլ կարգի 33-րդ կետով սահմանված պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանների փոփոխումը կամ չկիրառումը թույլատրելու մասին ՀՀ կառավարության առանձին որոշումն ընդունվում է հիմք ընդունելով կարգի 57-րդ կետը.
- 02.11.2022թ.-ից սկսված, ապա կնքված պայմանագրերում կարգի 56-րդ կետով սահմանափակված փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին ՀՀ կառավարության առանձին որոշումն ընդունվում է հիմք ընդունելով կարգի 57.1 կետը, իսկ կարգի 33-րդ կետով սահմանված պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանների փոփոխումը կամ չկիրառումը թույլատրելու մասին ՀՀ կառավարության առանձին որոշումը՝ կարգի 57-րդ կետը:
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2023 թվական: