040.0122.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 122
քաղ. Երևան
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագետի ատեստավորում անցկացնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
դիվանագետի ատեստավորում անցկացնելու
1. Սույն կարգով սահմանվում է դիվանագետի ատեստավորում անցկացնելու կարգը:
2. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:
3. Դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագետների առնվազն մեկ երրորդը յուրաքանչյուր տարի ենթակա է պարտադիր ատեստավորման:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակայության մարմնի կամ հիմնարկի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց վրա։
5. Դիվանագետի հերթական ատեստավորումն անցկացվում է 3 տարին մեկ անգամ:
6. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:
7. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:
8. Դիվանագետի ատեստավորումը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):
9. Ատեստավորման ենթակա չեն տվյալ պաշտոնը մեկ տարվանից պակաս ժամկետով զբաղեցնող դիվանագետները։
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դիվանագետները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
10. Ատեստավորման ենթակա դիվանագետները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դիվանագետի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ դիվանագետի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դիվանագետի կողմից իր կատարած աշխատանքների մասին 6 ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում դիվանագետի անմիջական ղեկավարն ազատվել է դիվանագիտական ծառայության պաշտոնից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա դիվանագետի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Դիվանագետն ատեստավորում անցկացվելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դիվանագետի ատեստավորման արդյունքների վրա:
12. Ատեստավորումն անցկացվում է՝
ա) փաստաթղթային և (կամ) հարցազրույցի ձևով.
բ) թեստավորման և հարցազրույցի ձևով:
13. Այն դիվանագետները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի համար կառավարության որոշմամբ նախատեսված առավելագույն դիվանագիտական աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա: Եթե դիվանագետը համաձայն չէ անմիջական ղեկավարի ներկայացրած ծառայողական բնութագրին, ապա նա կարող է իր առարկությունները ներկայացնել հանձնաժողովին։ Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և դիվանագետի առարկությունները (այդպիսին լինելու դեպքում)։
Ծառայողական բնութագիր չներկայացնելու դեպքում դիվանագետը ենթակա է ատեստավորման՝ հարցազրույցի ձևով:
Փաստաթղթային և (կամ) հարցազրույցի ձևով անցկացվող ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և (կամ) հարցազրույցի ձևով:
14. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն դիվանագետները՝
ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ ատեստավորվող դիվանագետների գիտելիքները հետևյալ ուղղություններով ստուգելու նպատակով՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,
բ) պետական կառավարման համակարգի,
գ) դիվանագիտական ծառայության հիմունքների,
դ) ներքին և արտաքին քաղաքական խնդիրների,
ե) միջազգային հարաբերությունների իմացության,
զ) վերլուծական ունակությունների:
Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան ատեստավորում անցկացվելուց մեկ ամիս առաջ, պետք է տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով մատչելի լինի ատեստավորման ենթակա անձանց համար։
Թեստավորման փուլն անցկացվում է ատեստավորման ենթակա դիվանագետների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած դիվանագետները:
Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ դիվանագետների գործնական կարողություններն ստուգելու նպատակով՝ սույն կետի երրորդ պարբերությունում նշված ուղղությունների և ներկայացված ծառայողական բնութագրի շրջանակներում։
Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
15. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան,
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով,
դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
16. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումն անցկացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում բոլորի համար տեսանելի համապատասխան ցուցանակի վրա։
17. Դիվանագետն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք մինչև այդ արդյունքները՝ իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելը:
18. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում ատեստավորման արդյունքները (իսկ բողոքարկված լինելու դեպքում՝ նաև բողոքը և իր կարծիքը դրա մասին) ներկայացնում է դիվանագետին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) դիվանագետին ավելի բարձր դիվանագիտական աստիճան շնորհելու կամ տվյալ դիվանագիտական աստիճանը շնորհելու իրավասու մարմին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.
բ) դիվանագետի վերապատրաստում անցնելու մասին.
գ) դիվանագետին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում ընդունվում է նաև, եթե դիվանագետը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:
19. Դիվանագետին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Դիվանագետին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիվանագետի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2004, N 1661-Ն | 23.12.2004, N 122 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|