ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
21 նոյեմբերի 2012 թ. |
N 1 |
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու մեջ մտնող տարածքների և սահմանների մասին պարզաբանման ակնկալիքով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն է դիմել «Պրուդենս» ՓԲ ընկերությունը նշելով, որ կան հակասություններ «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների միջև:
Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, դա այն տարածքն է, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբարը:
Օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է.
1. Կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը:
2. Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է.
1. Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:
2. Անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է.
1. Ոչ անմիջական ազդեցության գոտին Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող` լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է:
2. Ոչ անմիջական ազդեցության գոտում տնտեսական գործունեությունն իրականացվում է մթնոլորտ արտանետվող նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Օրենքի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 8-րդ հոդվածում նշված «ջրբաժան» հասկացությունը վերաբերում է Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող բոլոր տարածքներին` այդ թվում Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների ջրբաժաններին, իսկ անմիջական ազդեցության գոտին ներառում է Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար:
ՀՀ քաղաքաշինության նախարար |
Ս. Թադևոսյան |