«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2000 թվականի N 229
քաղ. Երևան
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված` գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից փոքր հզորության տրակտորների տրամադրման ծրագիրը մարդասիրական որակելու մասին» N 31 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 3 մլն յուան գումարի չափով Հայաստանի Հանրապետություն ներկրված 78 տրակտորից, 78 գութանից, 20 շարքացանից, 20 փխրեցուցիչից և 25 խոտհնձիչից 15 միավոր` համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին, իրացնել բաց աճուրդով, իսկ մնացածը` իրենց պահեստամասերով, հետագայում վարձակալի կողմից գնման իրավունքով վարձակալության հանձնել գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման մարզային կենտրոններին և գյուղատնտեսությունն սպասարկող այլ սուբյեկտների` դրանց շահագործումը կազմակերպելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացման կարգը և նվազագույն մեկնարկային գինը:
3. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մեքենայացված դաշտային աշխատանքների և սպասարկումների ձևավորված ծախսերի կառուցվածքից ու սակագների միջին մակարդակից` վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի մեկ միավորի համար 2000 թվականի տարեկան վարձակալական վճարի չափը սահմանել 80,0 հազ. դրամ, վարձակալության ժամկետը` 10 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանել վարձավճար` ինդեքսավորելով նախորդ տարվա վարձավճարի չափը տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվող սղաճի մեծությամբ:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, սույն որոշման 3-րդ կետին համապատասխան, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրի կնքումը.
բ) ապահովել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը` փոխհատուցելով «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության կողմից այդ աշխատանքների դիմաց կատարված ծախսերը, համաձայն նախահաշվի.
գ) Հայաստանի Հանրապետության պայմաններում կազմակերպել Հայաստանի Հանրապետություն ներկրված տրակտորների և գյուղատնտեսական գործիքների փորձարկում` հետագայում դրանց հավաքման համատեղ ընկերություն ստեղծելու նպատակահարմարությունը որոշելու համար:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ելնելով փորձարկման արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տրակտորների հավաքման համատեղ ընկերության կամ արտադրության հոսքագծի ստեղծման համալիր ծրագիր:
6. Սահմանել, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումից գոյացած միջոցները, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշվածի, հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |