«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 556
քաղ. Երևան
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը (կցվում է).
բ) գնումների բնութագրերի հաստատման ու նախնական հսկողության կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
գնումների մասին տեղեկությունների հրապարակման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք)
10 հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանում է գնումների մասին տեղեկատվության հրապարակման կարգը:
2. Օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:
3. Սույն կարգի նպատակն է`
ա) գնումների հրապարակայնության և գնումների մասին տեղեկատվության մատչելիության ապահովումը.
բ) գնումների պաշտոնական տեղեկագրի հրատարակման հետ կապված հիմնական հարաբերությունների կարգավորումը:
II. Գնումների մասին տեղեկատվության հրապարակումը
4. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` կառավարման մարմիններ), ինչպես նաև դրանց ենթակա հիմնարկների տրամադրության տակ գտնվող` գնումների մասին տեղեկատվությունը, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկատվության, սույն կարգի 5-րդ կետի համաձայն տրամադրվում է ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Կառավարման մարմիններից և դրանց ենթակա հիմնարկներից գնումների մասին տեղեկատվություն ստանալու պահանջը վերջիններիս պետք է ներկայացվի գրավոր: Նման պահանջի պատասխանը տրվում է գրավոր, որն ստորագրում է կառավարման մարմնի կամ դրա ենթակա հիմնարկի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: Ընդ որում, տեղեկատվությունը տրամադրվում է կառավարման մարմնի կամ դրա ենթակա հիմնարկի տրամադրության տակ գտնվող ձևով` առանց ձևափոխման կամ վերամշակման:
III. Պաշտոնական տեղեկագրի հրատարակումը
6. Պաշտոնական տեղեկագիրը հրատարակում է լիազոր մարմինը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին: Ընդ որում, պաշտոնական տեղեկագրի հրատարակման նպատակով օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
7. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են օրենքով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև այլ տեղեկություններ` լիազոր մարմնի հայեցողությամբ: Պաշտոնական տեղեկագիրը հրատարակվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ: Ընդ որում`
ա) համապատասխան կառավարման մարմինները կամ դրանց ենթակա հիմնարկներն օրենքով սահմանված տեղեկությունների հրապարակման համար սահմանված կարգով և ձևով կազմում են հրապարակման ենթակա տեղեկությունները պարունակող փաստաթղթերը և դրանք ներկայացնում լիազոր մարմին.
բ) լիազոր մարմինը սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո գնահատում է դրանց կազմման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին և, համապատասխանության դեպքում, դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պաշտոնական տեղեկագրի հրատարակման նպատակով կնքված պայմանագրի կողմին` հրատարակողին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում` փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրանք վերադարձնում է ներկայացնողին, որը շտկում է անհամապատասխանությունը և 3 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնում լիազոր մարմին:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
գնումների բնութագրերի հաստատման ԵՎ նախնական հսկողության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 5 և 14 հոդվածներին համապատասխան սահմանում է գնումների բնութագրերի հաստատման և նախնական հսկողության կարգը:
2. Օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:
3. Սույն կարգի նպատակն է ապահովել`
ա) գնումների տեխնիկական բնութագրերի, ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ու դրանց դիմաց վճարումների իրականացման ժամանակացույցերի հաստատումը` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան,
բ) գնումների տեխնիկական բնութագրերի, ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ու դրանց դիմաց վճարումների կատարման համապատասխանությունը` սույն կետի «ա» ենթակետի համաձայն:
II. Գնումների բնութագրերի հաստատումը
4. Գնումների բնութագրերը հաստատում և գնումների նախնական հսկողությունն իրականացնում է պատվիրատուի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը պատվիրատուի համապատասխան ստորաբաժանման կամ ստորաբաժանումների (այսուհետև` պատասխանատու ստորաբաժանում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` տեխնիկական հսկողության հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) առաջարկությունների և եզրակացությունների հիման վրա:
5. Գնման գործընթացն սկսվելուց առաջ պատվիրատուի ղեկավարի հրամանով սահմանվում է պատասխանատու ստորաբաժանումը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) նախագծում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների տեխնիկական բնութագրերը, ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև դրանց դիմաց վճարումների իրականացման ժամանակացույցերը.
բ) եզրակացություն է տալիս պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի կատարած աշխատանքների, մատակարարած ապրանքների կամ մատուցած ծառայությունների սույն կետի «ա» ենթակետի համաձայն հաստատված տեխնիկական բնութագրերի և ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակացույցի (այսուհետև` գնման ժամանակացույց) համապատասխանության վերաբերյալ.
գ) ձեռնարկում է սույն կարգով նախատեսված միջոցներ ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրով նախատեսված վճարումները սույն կետի «ա» ենթակետի համաձայն հաստատված ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց վճարումների կատարման ժամանակացույցին (այսուհետև` վճարման ժամանակացույց) համապատասխան իրականացնելու համար:
Վճարման ժամանակացույցի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
Պատասխանատու ստորաբաժանման` գնումներին վերաբերող փաստաթղթերն ստորագրում է դրա ղեկավարը:
6. Պատասխանատու ստորաբաժանման աշխատանքներին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ անձինք (այսուհետև` խորհրդատու): Խորհրդատուների անվանացանկը հաստատվում է պատվիրատուի ղեկավարի հրամանով: Ընդ որում, եթե պատասխանատու ստորաբաժանումը որոշում է ընդունում խորհրդատուի եզրակացության հիման վրա, ապա այդ որոշման համար պատասխանատվություն է կրում պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ խորհրդատուի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով (եթե այդպիսին առկա է):
7. Պատասխանատու ստորաբաժանումը որոշում է ընդունում ձեռք բերվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ առաջարկը հաստատելու մասին:
8. Տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ նկարագրեն գնվող ապրանքները, աշխատանքները, ծառայությունները, որպեսզի դրանք սահմանվեն հստակ բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:
9. Տեխնիկական բնութագրերը ներառում են գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների որակի, ստանդարտների, աշխատանքի արդյունքների, թեստավորման, անվտանգության, չափերի, պայմանական նշանների, տերմինաբանության, փաթեթավորման, բեռնաթափման, նշանադրման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ պահանջների և ընթացակարգերի հստակ նկարագրությունը: Տեխնիկական բնութագրերը, պլանները, գծագրերը, էսքիզները կամ նկարագրերը (եթե այդպիսիք պահանջվում են) պետք է նաև պարունակեն`
ա) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անմիջական նկարագրությունը հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված տեխնիկական և որակական բնութագրերի (ստանդարտների) վրա.
բ) ստանդարտները, ցուցանիշները, պահանջները, պայմանական նշանները և տերմինները, գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական և որակական բնութագրերին վերաբերող գործարքների պայմանների ստանդարտները:
10. Տեխնիկական բնութագրերը չպետք է պարունակեն հղումներ կոնկրետ առևտրային նշաններին, ֆիրմային անվանումներին, պատենտներին, էսքիզներին կամ մոդելներին, ծագման կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է պայմանագրի առարկայի բնորոշումն առանց դրանց: Համարժեք հղումների օգտագործման դեպքում տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն «կամ համարժեք» բառերը:
11. Տեխնիկական բնութագրերը սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին համապատասխան:
12. Ելնելով գնումների առանձնահատկություններից` պատվիրատուի ղեկավարը կարող է սույն կարգով նախատեսված` պատասխանատու ստորաբաժանման գործառույթների կատարման համար ստեղծել առնվազն 4 անդամից կազմված տեխնիկական հսկողության հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժողովի անդամների անհատական կազմը հաստատվում է պատվիրատուի ղեկավարի հրամանով:
Հանձնաժողովի կազմավորումից հետո հանձնաժողովի որոշմամբ ընտրվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ մինչև սույն կարգի 5-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման վերջին օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է դառնում հանձնաժողովի անդամների կամ նրանց մի մասի կողմից իրենց պարտավորությունների կատարումը:
Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երեք քառորդը և ավելին: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, իսկ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:
13. Կենտրոնացված գնումների դեպքում` սույն կարգով պատվիրատուին վերապահված լիազորություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության այն նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` կառավարման մարմիններ) կողմից, որոնց կարիքները հոգալու համար կատարվում են (պետք է կատարվեն) գնումներ: Ընդ որում, մեկից ավելի կառավարման մարմնի կարիքները հոգալու համար կենտրոնացված գնումներ կատարելու դեպքում սույն կարգով պատվիրատուի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում են կառավարման մարմինների ղեկավարները` յուրաքանչյուրն առանձին:
III. Գնման ԵՎ վճարման ժամանակացույցերի հաստատումը
14. Սույն կարգի 7-րդ կետում նշված որոշմամբ հաստատվում են նաև գնման և վճարման ժամանակացույցերը:
15. Վճարման ժամանակացույցը հաստատելիս հաշվի է առնվում այն, որ դրամով նախատեսվող հատկացումները պետք է ներառված լինեն սահմանված կարգով հաստատված և վճարման պահին գործող ծախսերի նախահաշվում: Ընդ որում, մինչև վճարման ժամանակացույցի հաստատումը այն ներկայացվում է պատվիրատուին սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք (այսուհետև` ՏԳԲ) համաձայնեցման:
ՏԳԲ-ն իր կնիքով վավերացնում է վճարման ժամանակացույցը, եթե դրանով նախատեսված հատկացումները և դրանց վճարման ժամանակացույցը համապատասխանում են սահմանված կարգով հաստատված ու գործող ծախսերի նախահաշվին: Հակառակ դեպքում վճարման ժամանակացույցը վերադարձվում է:
IV. Գնումների բնութագրերը հաստատելու մասին որոշումը ԵՎ պայմանագիրը
16. Սույն կարգի 7-րդ և 14-րդ կետերի համաձայն հաստատված տեխնիկական բնութագրերը, գնման և վճարման ժամանակացույցերը հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին: Ներկայացված առաջարկությանը համաձայնելու դեպքում պատվիրատուի ղեկավարը հաստատում է այն և օրենքով սահմանված կարգով կնքում պայմանագիր: Կենտրոնացված գնումների դեպքում կառավարման մարմնի ղեկավարը պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունը հաստատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն սահմանված կարգով ներկայացնում է պետական գնումների գործակալություն:
17. Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև գնման և վճարման ժամանակացույցերը պետք է համապատասխանեն սույն որոշման 16-րդ կետի համաձայն հաստատված տեխնիկական բնութագրերին և գնման ու վճարման ժամանակացույցերին:
V. Պայմանագրի կատարման մասին եզրակացությունը
18. Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են պատվիրատուի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի և պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ, որն ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման եզրակացության (այսուհետև` եզրակացություն) հիման վրա: Ընդ որում, պայմանագրով սահմանված գնումների դիմաց վճարելու պատվիրատուի պարտավորությունը համարվում է կատարման ենթակա, եթե առկա են պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացությունը և դրա հիման վրա ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը:
19. Պատասխանատու ստորաբաժանումը դրական եզրակացություն է տալիս պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ, եթե մատակարարված ապրանքները, կատարված աշխատանքները և մատուցված ծառայությունները համապատասխանում են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին: Հակառակ դեպքում տրվում է բացասական եզրակացություն և պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձին առաջարկվում է պայմանագրով սահմանված կարգով շտկել արձանագրված անհամապատասխանությունը:
20. Դրական եզրակացության դեպքում պատասխանատու ստորաբաժանումը կից գրությամբ այն ներկայացնում է պատվիրատուի ղեկավարին` հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրելու նպատակով, ինչպես նաև առաջարկում է ապահովել պայմանագրով նախատեսված վճարումների կատարումը` վճարման ժամանակացույցին համապատասխան:
Պատասխանատու ստորաբաժանման դրական եզրակացությունն ստանալուց հետո և դրան համաձայնելու դեպքում պատվիրատուի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է հանձնման-ընդունման արձանագրությունը: