Գլխավոր տեղեկություն
Номер
N 733
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.1998-31.01.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.1998
Дата вступления в силу
10.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.2000

040.0733.24.11.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

24 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1998 թվականի N 733
քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային պահեստների գործունեության կարգավորման, լիցենզավորման և վերահսկողության կանոնակարգը (կցվում է):

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված մաքսային պահեստներին տրված գրանցման վկայականներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի լրանալը` տրամադրման պահին գործող պայմաններով, բայց ոչ ավելի, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 10-ի N 571 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողը լրացնել հետևյալ նոր տողով.

 

«Հայաստանի Հանրապետության
մաքսային վարչություն

մաքսային պահեստների
կազմակերպման լիցենզավորում»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 24-ի N 733 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

մաքսային պահեստների գործունեության կարգավորման, լիցենզավորման ԵՎ վերահսկողության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգը (այսուհետև` կանոնակարգ) կարգավորում է մաքսային պահեստների գործունեության լիցենզավորման և պետական վերահսկողության իրականացման կապակցությամբ ծագող վարչական իրավահարաբերությունները:

2. Սույն կանոնակարգին համապատասխան ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղերը (այսուհետև` կազմակերպիչ): Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում մաքսային պահեստ կազմակերպել` առանց սույն կանոնակարգին համապատասխան ստացված լիցենզիայի:

3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային պահեստների գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` սույն կանոնակարգին համապատասխան:

 

II. Մաքսային պահեստները ԵՎ դրանց տեսակները

 

4. Մաքսային պահեստը մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված և հարմարեցված շենքերի, բաց հրապարակների կամ այլ վայրերի (այսուհետև` շենքեր) համախումբ է, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային ռեժիմի գործողությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Հայաստանի Հանրապետության բեռնամաքսային հայտարարագրերի լրացման կարգով սահմանված այլ մաքսային ռեժիմների ենթակա ապրանքները պահպանվում են մաքսային հսկողության ներքո` առանց մաքսատուրքի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի գանձման և դրանց նկատմամբ ոչ տարիֆային բնույթի սահմանափակումների կիրառման:

5. Բաց է համարվում այն մաքսային պահեստը, որից օգտվելու իրավունք ունեն արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:

6. Մասնագիտացված է համարվում այն մաքսային պահեստը, որում կարող են պահպանվել բացառապես փոխադրվող ապրանքներ, եթե դրանք փոխադրողը պահեստի կազմակերպիչն է, կամ մաքսային պահեստի կազմակերպչին պատկանող ապրանքներ:

 

III. Մաքսային պահեստ կազմակերպելը

 

7. Կազմակերպիչն ապահովում է`

ա) մաքսային պահեստի տարածքի պաշտպանվածությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

բ) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստի տարածքը պաշտպանելու համար.

գ) մաքսային պահեստից օգտվելու կանոնների հրապարակայնությունը` մաքսային պահեստից օգտվողների համար.

դ) մաքսային պահեստի մուտքի հսկողությունը պահպանության ծառայության կողմից.

ե) մաքսային պահեստի ցանկացած մասի բարեկարգումն այնպես, որպեսզի բարեկարգման ընթացքում բացառիկ մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստում գտնվող ապրանքները վնասելը.

զ) մաքսային պահեստի տարածքի ցանկապատումը.

է) մաքսային պահեստի գործունեության համար բավարար նյութատեխնիկական սարքավորվածությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային սարքավորումների, կապի միջոցների առկայությունը.

ը) մաքսային մարմնի աշխատողների համար անհրաժեշտ պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու նպատակով.

թ) մաքսային հսկողությունը` շրջանցելով մաքսային պահեստից մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների արտահանման հնարավորության բացառումը.

ժ) մաքսային պահեստում բացառապես «մաքսային պահեստ» ռեժիմի տակ գտնվող ապրանքների տեղավորումն ու պահպանումը.

ժա) մաքսային պահեստում պահպանվող մյուս ապրանքները վնասող կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքները հատուկ հարմարեցված շինություններում պահպանելը.

ժբ) մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման վարումը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը հաշվետվության տրամադրումը.

ժգ) բաց մաքսային պահեստների դեպքում մաքսային պահեստից օգտվելու ցանկացող անձանց լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ ծանուցումը:

8. Բաց մաքսային պահեստի տարածքը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ մասնագիտացված մաքսային պահեստի տարածքը` առնվազն 200 քառ. մետր:

9. Մաքսային պահեստների տարածքում` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ապահովվում են`

ա) ծանոթացումը մաքսային գործի բնագավառում կազմակերպչի իրավունքներին և պարտականություններին.

բ) մաքսային արարողակարգի ամբողջական և ժամանակին իրականացումը` մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան.

գ) մաքսային գործին վերաբերող օրենսդրական ակտերի, տեղեկատուների, անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրումն ու համապատասխան խորհրդատվությունը.

դ) մաքսային ձևակերպման կարգի մասին տեղեկացումը և խորհրդատվական աջակցության ցուցաբերումը.

ե) գործարքի մաքսային ձևակերպումը մերժելու դեպքում` մերժման գրավոր հիմնավորումը և դիմողին դրա մասին տեղեկացումը.

զ) մաքսային հսկողություն իրականացնելիս` մարդու կյանքի և առողջության համար անվտանգ, նյութական վնաս չհասցնող տեխնիկական միջոցների կիրառումը.

է) առևտրական գաղտնիքի պահպանումը մաքսային պահեստում տեղավորված ապրանքների, դրանց շարժի (մուտքի, ելքի, մնացորդի) վերաբերյալ:

 

IV. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

10. Գործող իրավաբանական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղերը լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն են ներկայացնում`

ա) դիմում` երկու օրինակից, որում, ի թիվս Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության սահմանված տեղեկությունների, նշվում են`

դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը և գտնվելու վայրը.

պետական գրանցման վկայականի տվյալները,

մաքսային պահեստի հասցեն,

մաքսային պահեստի մակերեսը (քառ. մետր),

մաքսային պահեստի տեսակը (բաց կամ մասնագիտացված),

դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը

բ) դիմողի հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

գ) դիմողի կառավարման իրավասու մարմնի կողմից հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունները` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար.

դ) մաքսային պահեստի տարածքի սեփականության կամ վարձակալության (օգտագործման) իրավունքի վկայականի պատճենը.

ե) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի ծրագրերը և հատակագիծը.

զ) մաքսային պահեստ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցանկը.

է) պահպանության ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի բնօրինակը.

ը) պահպանությունը սեփական ծառայության միջոցով իրականացնելու դեպքում` պահպանության ծառայության անձնակազմի (աշխատողների) ցուցակը անձնագրային տվյալներով.

թ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերի տեխնիկական անձնագրերն ու այդ համակարգերը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` մաքսային պահեստի տարածքում նշված համակարգերը դրանց տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

ժ) տեղեկանք` հայտատուի կանոնադրական հիմնադրամի փաստացի համալրված մեծության վերաբերյալ:

11. Նոր ստեղծվող իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն է ներկայացնում`

ա) դիմում` երկու օրինակից, որում, ի թիվս Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության սահմանված տեղեկությունների, նշվում են`

դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը և նախատեսվող գտնվելու վայրը.

մաքսային պահեստի հասցեն,

մաքսային պահեստի մակերեսը (քառ. մետր),

մաքսային պահեստի տեսակը (բաց կամ մասնագիտացված),

հայտարարություն սեփական պահպանության ծառայություն ստեղծելու կամ այն վարձելու մտադրության մասին,

դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

բ) հիմնադիրների կողմից հաստատված հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

գ) մասնակցի (փայատիրոջ) անվամբ տրված` մաքսային պահեստի տարածքի սեփականության կամ վարձակալության (օգտագործման իրավունքի վկայականի պատճենը կամ տարածքի սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությունը տվյալ տարածքը վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ դիմողին տալու վերաբերյալ` կցելով տվյալ տարածքի նկատմամբ իր իրավունքը հավաստող համապատասխան վկայականը:

12. Եթե կազմակերպչի կողմից նախկինում կազմակերպված մաքսային պահեստին տրված լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, ապա կազմակերպիչը դիմումում նշում է նաև այդ պահեստի գործունեության ժամկետը և լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պատճառները: Կազմակերպիչը դիմումում տեղեկություններ է հաղորդում նաև այն դեպքերի մասին, երբ`

ա) այդպիսի լիցենզիան ուժը կորցրած ճանաչված կազմակերպչի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսը պատկանում է իրեն` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին.

բ) կազմակերպիչ ընկերության խորհրդի անդամը կամ ընկերության կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) իր (իրենց) հետ համագործակցող անձանց հետ ունի (ունեն) ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոս, կամ այդ անձանց ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրներն այդպիսի լիցենզիան ուժը կորցրած ճանաչված կազմակերպիչ ընկերությունում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին գրավել են պաշտոններ:

13. Դիմումն ու կից փաստաթղթերն առձեռն ստանալիս` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը դիմումը ներկայացնող անձի ներկայությամբ ստուգում է փաստաթղթերի առկայությունը (ըստ դիմումում պարունակվող ցանկի), կատարում համապատասխան նշումներ դիմումի երկու օրինակի վրա և ընդունում այն: Ընդունված դիմումի մեկ օրինակը վերադարձվում է (փոստով առաքվում է) դիմողին:

14. Եթե դիմողը սույն կանոնակարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով մաքսային պահեստ կազմակերպելու լիցենզիա ստանալու համար, ապա դիմումին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայել են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում դիմողը ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում որևէ փոփոխություն չի կատարվել` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

 

V. Լիցենզիա տալու պայմաններն ու կարգը

 

15. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում նշանակում է քննարկում` առնվազն 5 օր առաջ դիմողին գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին և վերջինիս հնարավորություն է ընձեռում մասնակցելու քննարկմանը:

16. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը դիմումը քննարկում է սույն կանոնակարգի 15-րդ կետի համաձայն, անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից:

17. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը քննարկման արդյունքում պատշաճ հիմնավորմամբ մերժվում է դիմումը, եթե`

ա) դիմումում կամ կից փաստաթղթերում առկա տեղեկությունները լիարժեք չեն` նշելով բացակայող կամ ոչ լիարժեք տեղեկությունները.

բ) մաքսային պահեստի համար նախատեսվող շենքերը (շինությունները) պատշաճ պայմաններ չեն ապահովում ` մաքսային հսկողություն իրականացնելու համար.

գ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

18. Լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումի Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մերժումը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամանով, որի պատճենը եռօրյա ժամկետում առաքվում է դիմողին կամ առձեռն հանձնվում վերջինիս ներկայացուցչին:

19. Սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը բավարարում է դիմումը` դրա մասին արձակելով համապատասխան հրաման:

20. Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալների, վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը կարող է բավարարվել վերապահումով` տվյալ թերությունների վերացման դեպքում միայն լիցենզիան դիմողին տալու պայմանով, որի մասին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետն արձակում է համապատասխան հրաման:

21. Լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի համապատասխան հրամանի պատճենը եռօրյա ժամկետում առաքվում է դիմողին կամ առձեռն հանձնվում վերջինիս ներկայացուցչին:

22. Սույն կանոնակարգի 19-րդ կետին համապատասխան արձակված հրամանը համարվում է նոր ստեղծվող ձեռնարկության համար 120 օր ժամկետով տրված նախնական լիցենզիա Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների գրանցման պետական ռեգիստրում գրանցվելու համար, առանց տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքի:

23. Գործող իրավաբանական անձը կարող է սույն կանոնակարգի 19-րդ կետին համապատասխան արձակված հրամանի պատճենն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն ներկայացնել համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը եռօրյա ժամկետում դիմողին է տալիս լիցենզիան: Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը բավարարել է սույն կանոնակարգի 20-րդ կետին համապատասխան, ապա դիմողն այդ հրամանի պատճենն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն է ներկայացնում համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը եռօրյա ժամկետում լիցենզիան տալիս է դիմողին:

24. Նոր ստեղծվող ձեռնարկությունը լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամանն ստանալուց հետո 120 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն է ներկայացնում սույն կանոնակարգի 10-րդ կետի «դ»-«ժ» ենթակետերում նշված փաստաթղթերը, որոնք ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն սույն կանոնակարգի 16-րդ կետին համապատասխան քննարկում է դրանք և ընդունում համապատասխան որոշում: Լիցենզավորման հետագա ընթացակարգն իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի 23-րդ կետի:

25. Կազմակերպիչը լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը:

 

VI. Լիցենզիայի վավերապայմանները

 

26. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության սահմանված միասնական ձևի:

27. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզիայի համարը.

բ) մաքսային պահեստի տեսակը (բաց կամ մասնագիտացված).

գ) կազմակերպչի լրիվ անվանումը.

դ) կազմակերպչի գտնվելու վայրը.

ե) մաքսային պահեստի գտնվելու վայրը.

զ) լիցենզիա տալու ամսաթիվը և լիցենզիայի գործողության դադարման ամսաթիվը.

է) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության սահմանված այլ հատուկ պահանջներ:

28. Լիցենզիային կից տրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հաստատված հավելվածը, որում նշվում են`

ա) կազմակերպչի անվանումը և հասցեն.

բ) մաքսային պահեստի հասցեն.

գ) մաքսային պահեստի մակերեսը (քառ. մետր).

դ) մաքսային պահեստի տեսակը (բաց կամ մասնագիտացված):

29. Բաց մաքսային պահեստների կազմակերպման համար տրվող լիցենզիայի գործողության ժամկետը երկու տարի է, իսկ մասնագիտացված մաքսային պահեստների կազմակերպման համար` երեք տարի: Մինչև լիցենզիայի գործողության ժամկետը լրանալը կազմակերպիչն իրավունք ունի սույն կանոնակարգին համապատասխան դիմելու նոր լիցենզիայի ստանալու համար:

30. Լիցենզիան կազմակերպչին իրավունք է տալիս մաքսային պահեստ կազմակերպել միայն մեկ լիցենզիայում նշված հասցեում (վայրում):

31. Մի քանի հասցեով մաքսային պահեստ կազմակերպելու համար միևնույն կազմակերպիչն սույն կանոնակարգին համապատասխան կարող է դիմել և ստանալ մեկից ավելի լիցենզիա:

32. Լիցենզիան չի կարող օտարվել երրորդ անձի կամ գրավադրվել:

 

VII. Լիցենզիայի հաշվառումը

 

33. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը վարում է մաքսային պահեստների կազմակերպիչներին տրված լիցենզիաների գրանցամատյան, որում գրառվում են`

ա) կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը.

բ) կազմակերպչի գտնվելու վայրը.

գ) կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը.

դ) կազմակերպչի պետական գրանցման վկայականի համարը.

ե) լիցենզիայի (լիցենզիաների) հերթական համարը (համարները).

զ) լիցենզիա տալու ամսաթիվը.

է) մաքսային պահեստի հասցեն.

ը) մաքսային պահեստի տեսակը:

34. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից:

 

VIII. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու կարգը

 

35. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) կազմակերպիչը գործել է սույն կանոնակարգի կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջների խախտմամբ.

բ) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիա ստանալու պահը կազմակերպիչը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, որոնք ճիշտ կամ լիարժեք ներկայացնելը կարող էր հանգեցնել լիցենզիա ստանալու դիմումի մերժմանը.

գ) կազմակերպիչը դիմել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ:

36. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իր մտադրության մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպչին` քննարկումից առնվազն քսան օր առաջ, գրության մեջ նշելով`

ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը հայտնի այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսանում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար` կցելով այդ փաստաթղթերի պատճենները.

գ) քննարկման վայրը (հասցեն), ամսաթիվը և ժամը.

դ) այն պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, որին կարող են դիմումներ և միջնորդություններ ներկայացվել:

37. Սույն կանոնակարգի 36-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը քննարկում է հարցը` անկախ տվյալ կազմակերպչի ներկայությունից:

38. Քննարկման ընթացքում մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնել առարկություններ և ապացույցներ, տալ իրեն հետաքրքրող հարցեր:

39. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը, հիմնավորված անհրաժեշտության դեպքում, իր կամ քննարկմանը մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել կամ ընդհատել հարցի քննությունը` դրամ մասին տեղեկացնելով քննարկմանը մասնակցող անձին:

40. Քննարկմանը մասնակցող անձի փաստարկները լսելուց և ներկայացված փաստաթղթերն ու մյուս ապացույցներն ուսումնասիրելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը, հաստատված փաստերի ու սույն կանոնակարգի դրույթների հիման վրա, ընդունում է համապատասխան որոշում, որը կենսագործվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամանով:

41. Քննարկման արդյունքում կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը հանձնարարում է տվյալ կազմակերպչին անմիջապես դադարեցնել գործունեությունը: Դրա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի` պարտադիր կատարման ենթակա հրամանն անմիջապես ուղարկվում է տվյալ կազմակերպչին, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը վարող մարմին է հրապարակվում հեռուստատեսությամբ կամ առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում:

42. Սույն կանոնակարգի 41-րդ կետում նախատեսված հրամանի պատճենն ստանալուց հետո կազմակերպիչն անմիջապես`

ա) դադարեցնում է սույն կանոնակարգով լիցենզավորված գործունեությունը.

բ) ձեռնարկում է միջոցներ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համաձայնեցված ժամկետներում իր տարածքից «մաքսային պահեստ» բառերը պարունակող բոլոր ցուցակներն ու նշանները հանելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համաձայնեցված ժամկետներում ապահովում է մաքսային պահեստում տեղավորված ապրանքների դուրսբերումը (այդ թվում` նաև այլ մաքսային պահեստ տեղափոխումը):

43. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը 5-օրյա ժամկետում վերադարձնում է կազմակերպչի լիցենզիայի բնօրինակը:

44. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամանը կարող է գանգատարկվել դատական կարգով:

45. Այն կազմակերպիչը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, ինչպես նաև տվյալ կազմակերպչի կանոնադրական հիմնադրամի 1/3-ից ավելին ունեցող անձը կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մեկ տարվա ընթացքում իրավունք չունի դիմելու լիցենզիան ստանալու համար: Նշված սահմանափակումը չի տարածվում սույն կանոնակարգի 35-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքի վրա:

 

IX. Մաքսային պահեստներում մաքսային արարողակարգը

 

46. Մաքսային պահեստներում մաքսային հսկողություն իրականացնելու և ձևակերպումներ կատարելու համար մաքսային պահեստի տարածքի յուրաքանչյուր 1000 քառ. մետրի համար ներկա է գտնվում մաքսային մարմնի մեկ աշխատող:

47. Ապրանքները մաքսային պահեստում կարող են պահեստավորվել ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

48. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները «մաքսային պահեստ» ռեժիմով հայտարարագրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանից այդ ապրանքների բացթողումը կատարվում է «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով դրանց հայտարարագրման դեպքում վճարման ենթակա հարկերի և պարտադիր այլ վճարների չափով` ներկայացնելով բանկի երաշխիքային նամակը:

49. Մաքսային պահեստում ապրանքները տեղավորվում կամ բացթողվում են մաքսային մարմինների լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ:

50. «Մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքների տեղավորման ժամանակ ապրանքները ենթակա են հայտարարագրման` սահմանված կարգով մաքսային մարմին ներկայացնելով բեռնամաքսային հայտարարագրերը և մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը:

51. Մաքսային պահեստում ապրանքների տեղավորման դեպքում այդ ապրանքները գրանցվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից կնքված գրանցամատյանում` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

52. Մաքսային մարմինները պահեստի կազմակերպչի մասնակցությամբ կարող են կատարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների գույքագրում` կազմելով համապատասխան ակտ:

53. Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների պահպանվածությունն ապահովելու նպատակով այդ ապրանքները մաքսային մարմինների լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ կարող են ենթարկվել հետևյալ գործողությունների`

ա) մաքրում.

բ) օդափոխում.

գ) չորացում.

դ) պահպանման բարենպաստ ջերմաստիճանային պայմանների ստեղծում.

ե) պահպանիչ փաթեթավորում.

զ) հատուկ պաշտպանիչ նյութերի քսում.

է) ժանգոտվելուց պաշտպանելու համար ներկում.

ը) նախապաշտպանական հավելանյութերի կիրառում.

թ) փոխադրումից առաջ հակաքայքայիչ ծածկույթի քսում:

54. Սույն կանոնակարգի 53-րդ կետում նշված գործողություններից բացի, մաքսային պահեստում տեղավորված ապրանքների վաճառքի և փոխադրման նպատակով այդ ապրանքները մաքսային մարմինների լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ կարող են ենթարկվել հետևյալ գործողությունների`

ա) խմբաքանակների մասնատում.

բ) ուղարկման ձևավորում.

գ) տեսակավորում.

դ) փաթեթավորում.

ե) վերափաթեթավորում.

զ) բեռնում.

է) բեռնաթափում.

ը) վերաբեռնում.

թ) լրակազմության կամ աշխատանքային վիճակի բերելու հետ կապված հասարակ գործողություններ.

ժ) կոնսիգնացիա.

ժա) օտարում.

ժբ) արդյունավետ` տեղավորման նպատակով պահեստի սահմաններում ապրանքների տեղափոխում.

ժգ) մեկ մաքսային պահեստից մեկ այլ մաքսային պահեստ տեղափոխում.

ժդ) ցուցադրական վահանակներում ապրանքների տեղավորում.

ժե) փորձարկում:

55. Սույն կանոնակարգի 51-րդ և 52-րդ կետերին համապատասխան իրականացնող գործողությունները ոչնչով չպետք է փոխեն այդ ապրանքների ծածկագրերը:

56. Սույն կանոնակարգի 52-րդ կետի «ժա» ենթակետին համապատասխան իրականացնող գործարքի դեպքում ապրանքների համար մաքսատուրքի, ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կրում է ներմուծողը:

57. Մաքսային պահեստում տեղավորվող ապրանքներից կարող են վերցվել փորձանմուշներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

58. Ապրանքները մաքսային պահեստում «մաքսային պահեստ» ռեժիմով տեղավորելու դեպքում դրանց մաքսային ձևակերպման համար գանձվում է մաքսավճար` օրենքով սահմանված կարգով և չափով:

59. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ազատ շրջանառության համար նախատեսված և մաքսային պահեստում «մաքսային պահեստ» ռեժիմով տեղավորվող ապրանքների համար մաքսատուրքի, ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումն իրականցվում է այդ ապրանքները մաքսային պահեստից փաստացի բացթողման պահին: Ընդ որում, ներմուծողը (հայտարարատուն) համապատասխան մաքսային մարմնին է հայտարարում ազատ շրջանառության համար այդ ապրանքները մաքսային պահեստում տեղափոխելու մտադրության մասին Հայաստանի Հանրապետություն` այդ ապրանքների ներմուծման պահին: Մաքսային պահեստում տեղավորված ապրանքները մաքսային պահեստից ներմուծողի հայեցողությամբ կարող են բացթողվել նաև մաս-մաս:

60. Մաքսային պահեստում տեղավորված ապրանքների համար օրենքով սահմանված պարտադիր վճարների վճարման համար պատասխանատու է այդ ապրանքների սեփականատերը:

 

X. Մաքսային պահեստների կազմակերպման ԵՎ գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

61. Կազմակերպչի` սույն կանոնակարգով լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` տեղում վերստուգում և փաստաթղթային վերահսկողություն իրականացնելու միջոցով:

62. Կազմակերպչի գործունեության նկատմամբ վերստուգումներն իրականցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի N ՆՀ-353 հրամանագրով հաստատված ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման ու անցկացման կանոնակարգին և սույն կանոնակարգին համապատասխան:

63. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության սահմանված հաշվետվությունների և տեղեկանքների միջոցով` կազմակերպչի ֆինանսական վիճակի վատթարացումը և (կամ) սույն կանոնակարգի հնարավոր խախտումները ժամանակին հայտնաբերելու նպատակով:

64. Յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվա 5-րդ օրը, կազմակերպիչը մաքսային մարմին է ներկայացնում մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի (մուտքի, ելքի, մնացորդի) վերաբերյալ հաշվետվություն` տվյալ ամսվա 1-ի դրությամբ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

65. Կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը տեղեկացնում է`

ա) կազմակերպչի հիմնադիր փաստաթղթերում կատարվող փոփոխությունների մասին.

բ) սույն կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման վերահսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության սահմանված այլ փոփոխությունների մասին:

66. Սույն կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը կարող է սահմանել այլ հաշվետվություններ ու տեղեկանքներ և դրանց ձևերն ու ներկայացման ժամկետները:

 

Հավելված N 1
մաքսային պահեստների
գործունեության կարգավորման,
լիցենզավորման և
վերահսկողության կարգի

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

մաքսային պահեստում պահպանվող ապրանքների

 

NN
ը/կ

Տեղավորման ամսաթիվը Ապրանքի անվանումը Տեղերի թիվը և ապրանքի կշիռը Ապրանքն ուղեկցող փաստաթղթի համարը ԲՄՀ-ի համարը (մուտքը պահեստ) Պահեստից բացթողման ամսաթիվը Բաց թողված ապրանքի քանակը ԲՄՀ-ի համարը (ելքը պահեստից) Մաքսատան նմուշները
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն

 

Կ. Տ.

Հավելված N 2
մաքսային պահեստների
գործունեության կարգավորման,
լիցենզավորման և
վերահսկողության կարգի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

մաքսային պահեստում պահպանՎող ԱՊՐԱՆՔների շարժի 199 թվականի _______ -ի 1-ի դրությամբ

______________________________________

(մաքսային պահեստի անվանումը)

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Տեղերի թիվը և ապրանքի կշիռը

Տեղավորման ամսաթիվը

Ապրանքն ուղեկցող փաստաթղթի համարը ԲՄՀ-ի համարը (մուտքը պահեստ) Մաքսատան նմուշները
             
             
             
             
             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն

 

Կ. Տ.

 

Կազմակերպչի պաշտոնատար անձի 

_____________________________
(ստորագրությունը)

Կ. Տ

_____________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)


_____ _______________ - ի 199  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.01.2001, N 42 31.01.2001, N 733
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան