040.0396.08.06.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
8 հունիսի 1999 թվականի N 396
քաղ. Երևան
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկը (կցվում է).
բ) այն հիվանդությունների ցանկը (կցվում է), որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով հիվանդներին դեղերը տրվում են անվճար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի
1. Բնակչության սոցիալական խմբերի, որոնց պատկանող անձանց` հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար`
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
հաշմանդամ երեխաներ (մինչև 16 տարեկան)
հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
ծնողազուրկ երեխաներ (միակողմանի և երկկողմանի` մինչև 18 տարեկան )
բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներ,
հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)
մինչև 3 տարեկան երեխաներ:
2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են`
ա) 50 տոկոս զեղչով`
3-րդ խմբի հաշմանդամներ,
Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
բռնադատվածներ,
միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներ (այդ թվում` իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող).
բ) 30 տոկոս զեղչով`
չաշխատող կենսաթոշակառուներ,
միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
__________
Ծանոթագրություն: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը հատկացնում են պոլիկլինիկայի (ամբուլատորիայի) բժշկի տված դեղատոմսի համաձայն:
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
այն հիվանդությունների, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով հիվանդներին դեղերը տրվում են անվճար
տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր և թմրադեղեր),
շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը` արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
պարբերական հիվանդություն (կոլխիցին),
սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ` պրոթեզավորումից հետո),
մալարիա (հակամալարիային դեղեր):
__________
Ծանոթագրություն: Դեղերն անվճար հատկացվում են պոլիկլինիկայի (ամբուլատորիայի) բժշկի տված դեղատոմսի համաձայն: