Համաձայնեցված է
|
|||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
_____________Գ. Խաչատրյան
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75%-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 1/16-ի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված oրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) oրը:
Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում տույժեր չեն հաշվարկվում, եթե ամբողջ տարվա համար (այդ թվում` մինչև շահութահարկի ամսական կանխավճարների ինքնուրույն որոշման մասին գրավոր դիմումի ներկայացումը) հաշվարկված կանխավճարների վճարված գումարների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա հաշվարկված փաստացի շահութահարկի 75%-ը, իսկ այդ պայմանը չապահովվելու դեպքում տույժերը հաշվարկվում են ռեզիդենտի կողմից ամսական կանխավճարների մեծությունն ինքնուրույն որոշելու մասին գրավոր հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող առաջիկա կանխավճարային մուծման վճարման ժամկետից սկսած: