«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 1996 թվականի N 386
քաղ. Երևան
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու
1. Սույն կարգով սահմանվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական եզրակացության մշակման համար մասնագիտական իրավասության հավաստագիր (այսուհետև` հավաստագիր) տալու կարգը:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական եզրակացությունը կարող են մշակել միայն հավաստագիր ունեցող կազմակերպությունները, խմբերը, գիտնականները, բարձր որակավորում ունեցող առանձին մասնագետներ (լիազորված անձինք):
3. Հավաստագիրը տալիս է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետև` նախարարություն)` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի որոշման հիման վրա:
4. Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարությունը:
5. Հավաստագիր ստանալու համար`
ա) գիտնականները, մասնագետները, խմբերը (խմբի յուրաքանչյուր անդամ) նախարարություն են ներկայացնում դիմում, որին կցվում են`
բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.
աշխատանքային գրքույկից քաղվածք` հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ.
հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան).
բ) կազմակերպությունները տվյալ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ նախարարություն են ներկայացնում հայտ, որին կցվում են`
կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը.
հավաստագիր ստանալու համար առաջարկվող աշխատողների ցուցակը.
յուրաքանչյուր աշխատողի բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.
յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային գրքույկից քաղվածք` հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ.
աշխատողների հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան):
6. Հանձնաժողովը հավաստագիր տալու կամ այն մերժելու մասին որոշում կայացնում է համապատասխան փաստաթղթերը ներկայացվելուց հետո եռամսյա ժամկետում` դիմողների մասնագիտական գիտելիքների համապատասխանության հիման վրա:
7. Հանձնաժողովի որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
8. Հավաստագրի գործունեության ժամկետը 3 տարի է: Նշված ժամկետը լրանալուց հետո նոր հավաստագիրը սույն կարգին համապատասխան տրվում է ընդհանուր հիմունքներով:
9. Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները լիազորված անձի կողմից խախտվելու դեպքում:
Հավաստագրի գործողության կասեցման դեպքում սահմանվում է մինչև 6-ամսյա ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:
Սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում հավաստագիրը ճանաչվում է անվավեր:
10. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները լիազորված անձի կողմից խախտվելու կամ մասնագիտական որակավորման չափանիշներին նրա անհամապատասխանության դեպքերում:
Հավաստագրի գործողությունը կասեցնելու կամ այն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնում է հանձնաժողովը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
Հավաստագիրը սահմանված կարգով անվավեր ճանաչվելու դեպքում նոր հավաստագիր տրվում է սույն կարգին համապատասխան` ընդհանուր հիմունքներով:
11. Նախարարության և հանձնաժողովի` հավաստագիր տալու հետ կապված գործողությունները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: