040.0379.15.09.97
«Վ ա վ ե ր ա ց ն ու մ ե մ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 1997 թ. N 379
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգի զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է նաև աշխատանքի պետական կարգավորման գործառույթները:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) ստեղծել նախարարության ենթակայության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայություն.
բ) վերակազմավորել Երևանի զբաղվածության կենտրոնը Երևանի աշխատանքի և զբաղվածության թաղային կենտրոնների, իսկ զբաղվածության տարածքային կենտրոնները` աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնների.
գ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության կառուցվածքն ու կանոնադրությունը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությանն ու դրա տարածքային կենտրոններին հատկացնել համապատասխան աշխատանքային տարածքներ և աջակցել դրանց գործունեության կազմակերպմանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 27-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 55 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |