ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հունիսի 2004 թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 7
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Ը» ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու և դրանց գործունեությունը դադարեցնելու մասին որոշումների ընդունումը, որպես կանոն, բանկի խորհրդի իրավասությունն է, իսկ բանկի կանոնադրությունը հաստատելու, փոփոխելու իրավասությունը՝ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
Բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների անվանումները և գտնվելու վայրերը կարող են նշված լինել բանկի կանոնադրությունում, կարող են և նշված չլինել: Սակայն, այն դեպքում, երբ բանկի կանոնադրությունում նշվում են բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների անվանումները և դրանց գտնվելու վայրերը, ապա բանկի նոր ստեղծվող մասնաճյուղը կամ ներկայացուցչությունն իրավունք ունի գործելու ոչ թե մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցելու, այլ բանկի կանոնադրության համապատասխան փոփոխությունները գրանցելու պահից: Իսկ բանկի գործող մասնաճյուղի կամ ներկայացուցչության անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում բանկի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը նոր անվանումով կամ նոր վայրում իրավունք ունի գործելու ոչ թե մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության, այլ բանկի կանոնադրության համապատասխան փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2004 թ. հունիսի 18 |
