ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 1994 թվականի N 43
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 19-ի «Լեզվի պետական տեսչության մասին» թիվ 531 որոշմամբ` որպես պետական լեզվաքաղաքականություն իրականացնող գործադիր իշխանության հանրապետական մարմին:
2. Տեսչությունը ղեկավարում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի կատարումը, կարգավորում է լեզվահարաբերությունները, պատասխանատու է լեզվական իրավիճակի, պետական և այլ լեզուների գործառության համար:
3. Տեսչության պետական լեզվաքաղաքականությանն առնչվող բոլոր որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
4. Տեսչությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի և Սփյուռքի հայերենագիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հետ, իր աշխատանքներում ներգրավում է հասարակության բոլոր խավերն, հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր մասնագետի անմիջականորեն մասնակցելու տեսչության գործունեությանը:
II. Տեսչության խնդիրները և գործառույթները
5. Տեսչության խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի ասպարեզում պետական քաղաքականության կենսագործումը.
բ) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման վերահսկողությունը:
6. Տեսչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) մշտական վերահսկողություն է սահմանում բոլոր բնագավառներում լեզվի պաշտոնական և հրապարակային գործածության նկատմամբ.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը, վերահսկում դրա կատարման ընթացքը.
գ) խրախուսում է հայերենի հիմքերից բխող լեզվաշինությունը.
դ) վերահսկում է լեզվական ուսուցման դրվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթադաստիարակչական հաստատություններում.
ե) վերահսկողություն է իրականացնում պետական լեզվի բնականոն գործառնության և ներդաշնակ զարգացման համար տեխնիկական, տնտեսական, կազմակերպական ու իրավական պայմանների ապահովման նկատմամբ.
զ) սահմանված կարգով կատարում է պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտների աշխատողների լեզվական իմացության ստուգում.
է) կազմակերպում է հայերենի ուսուցման, մեթոդական-խորհրդատվական ծառայություններ.
ը) իրականացնում է միջազգային համագործակցություն լեզվական քաղաքականության ասպարեզում.
թ) նախապատրաստում է լեզվաքաղաքականության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնում հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար:
7. Տեսչությունը, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հետ համատեղ, մասնակցում է`
ա) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը.
բ) պետական լեզվի և, դրա հիման վրա, այլ լեզուների իմացության քարոզչությանը.
գ) փախստականների և այլազգիների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը.
դ) հայոց լեզվի դպրոցական ծրագրերի և դասագրքերի, հայերեն բնագիր դասագրքերի ու ձեռնարկների, ինքնուսույցների, բառարանների, զրուցարանների ստեղծման աշխատանքներին:
8. Իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման նպատակով տեսչությունը «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`
ա) սահմանում է հայերենի անաղարտության գործնական չափանիշները.
բ) չափորոշում է մամուլում ու զանգվածային լրատվության մյուս միջոցներում պետական և օտար լեզուների գործառնության փոխհարաբերությունը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պաշտոնատար անձանց ու սպասարկման առանձին ոլորտների աշխատողների` պետական լեզվի իմացության գնահատման չափանիշները, ստուգման եղանակները և ժամկետները.
դ) անցկացնում է հասարակական կարծիքի պարբերական ուսումնասիրություններ, հարցումներ, սոցոլոգիական հետազոտություններ` նվիրված լեզվաքաղաքականության ասպարեզում որոշակի ձեռնարկումների նկատմամբ հասարակության զանազան խավերի դիրքորոշման պարզաբանմանը:
III. Տեսչության աշխատանքի կազմակերպումը
9. Տեսչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ, ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, ստուգում է դրանց կատարումը:
10. Տեսչության աշխատանքը գլխավորում է տեսչության պետը, որին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:
11. Տեսչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` տեսչության պետի ներկայացմամբ:
12. Տեսչության պետը`
ա) ղեկավարում է տեսչության գործունեությունը.
բ) պատասխանատվություն է կրում տեսչության խնդիրների և գործառույթների կատարման համար.
գ) սահմանում է պետի տեղակալի, տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության և պատասխանատվության շրջանակները.
դ) հաստատում է տեսչության կառուցվածքը, հաստիքային ցուցակը.
ե) առաջարկում է տեսչության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անդամների անհատական կազմը.
զ) կազմակերպում և ղեկավարում է տեսչության կոլեգիայի նիստերը.
է) հաստատում է լեզվաշինության ատյանի անհատական կազմը և կանոնադրությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ.
ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
13. Տեսչության պետի բացակայության ընթացքում նրա պարտականությունները կատարում է տեղակալը:
14. Տեսչության կոլեգիայի կազմում ընդգրկվում են պետը և տեղակալը (տեղակալները)` ի պաշտոնե, այլ ղեկավար աշխատողներ, ինչպես նաև այլ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավար կամ պատասխանատու աշխատողներ:
Տեսչության կոլեգիայի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:
15. Տեսչության կոլեգիան մշակում է պետական լեզվաքաղաքականության հիմնադրույթները, քննարկում է կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, քննության է առնում կադրերի ընտրության ու օգտագործման հարցերը, հաստատում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը, լսում է տեսչության ղեկավարների հաշվետվությունները և գնահատական տալիս նրանց աշխատանքին:
16. Տեսչության կոլեգիայի որոշումներն իրականացվում են տեսչության պետի հրամաններով: Պետի և կոլեգիայի միջև տարաձայնության պարագայում պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
17. Լեզվաշինության ատյանը տեսչության գիտական խորհուրդն է, որը քննության է առնում հայերենի տերմինաբանության հարցերը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում տեսչության կոլեգիային:
18. Տեսչությունը կապեր է հաստատում և փորձի փոխանակում կազմակերպում օտարերկրյա պետությունների համանման մարմինների հետ:
19. Տեսչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
20. Տեսչությունը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.11.1999, N 689 | 23.11.1999, N 43 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|