Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՄԱԼԽԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 6729/07)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 հունիսի 2012 թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
26/09/2012
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Ջուսեփ Կասադևայ [Josep Casadevall]՝ Նախագահ,
Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Էխբերտ Մայեր [Egbert Myjer],
Յան Շիկուտա [Ján Šikuta],
Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],
Նոնա Ցոցորիա [Nona Tsotsoria]՝ դատավորներ,
և Սանտյագո Քեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,
2012 թվականի հունիսի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդան Մալխասյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2007 թվականի փետրվարի 8-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 6729/07) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Շուշանյանը և պրն Մ. Շուշանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իր կալանավորումը եղել է անօրինական, և դատարաններն իրեն շարունակաբար կալանքի տակ պահելու հիմքեր չեն ներկայացրել:
4. 2010 թվականի հունվարի 21-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը (29-րդ հոդվածի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1953 թվականին և բնակվում է Երևանում:
Ա. Դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթը, նրա ձերբակալումն ու կալանավորումը
6. 2006 թվականի դեկտեմբերի 2-ին դիմումատուն ելույթ է ունեցել «Հայ կամավորների միություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված հավաքում: Հավաքը տեղի է ունեցել Երևանի պարարվեստի պետական քոլեջի դահլիճում, և դրան մասնակցել է մոտ 150 մարդ: Իր ելույթում դիմումատուն իշխանություններին կոչել է «ավազակներ և ժողովրդի ներքին թշնամիներ, որոնցից պետք է ազատվել ցանկացած միջոցով, այդ թվում՝ զենքով, զինված պայքարով և ապստամբությամբ»: Նա կոչ է արել արյուն և կրակ թափել թշնամու վրա և պնդել է, որ այլևս վերլուծելու, քննարկելու, մեկնաբանություններ անելու կամ փորձագետների լսելու կարիք չկա. «երկիրը պետք է ազատագրել ներքին թշնամուց»:
7. 2006 թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունը որոշում է կայացրել՝ վերոնշյալ հավաքի ժամանակ տեղի ունեցած ելույթներում իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու փաստի առթիվ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 301-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ հարուցելու մասին:
8. 2006 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:35-ից մինչև 23:55-ը, դիմումատուի բնակարանը խուզարկվել է վերջինիս ներկայությամբ: Դիմումատուն պնդում է, որ խուզարկությունից անմիջապես հետո իրեն տարել են ԱԱԾ:
9. 2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:05-ից մինչև 13:15-ը, դիմումատուն որպես կասկածյալ հարցաքննվել է ԱԱԾ-ի թիվ 487 գրասենյակում: Պարզվում է, որ դիմումատուն ընդունել է հավաքի ժամանակ իր կողմից վերոնշյալ հայտարարությունները կատարված լինելու հանգամանքը:
10. Նույն օրը՝ ժամը 14:30-ին, կազմվել է ձերբակալման մասին արձանագրություն, որում նշվել է, որ դիմումատուն վերոնշյալ հանցագործության մեջ ներգրավված լինելու կասկածանքով այդ ժամին քննիչի կողմից ձերբակալվել է ԱԱԾ-ի թիվ 487 գրասենյակում: Պարզվում է, որ դիմումատուի անձնագիրն առգրավվել է:
11. 2006 թվականի դեկտեմբերի 12-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հիմքով: Մեկ այլ անձ՝ Զ.Ս.-ն, որը նույնպես ելույթ է ունեցել վերոհիշյալ հավաքում, դիմումատուի հետ միասին մեղադրվել է ՔՕ-ի 301-րդ հոդվածի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելը: Նրանց ելույթները ձայնագրվել են:
12. Նույն օրը դիմումատուն հարցաքննվել է որպես մեղադրյալ: Դիմումատուն պնդել է, որ քննարկվող հայտարարություններն արել է ոչ սթափ և շփոթված վիճակում: Դրանք արվել են պահի ազդեցության տակ, և ինքը նպատակ չի ունեցել որևէ մեկին հրահրելու ապստամբության կամ իշխանությունը բռնությամբ զավթելուն:
13. Նույն օրը քննիչը դիմումատուին երկամսյա ժամկետով կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի] դատարան՝ պնդելով, որ դիմումատուն, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից] և անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա: Դիմումատուն պնդում է, որ քննիչը դատարան է ներկայացրել միայն իր ելույթի վերծանումը, բայց ոչ դրա ձայնագրությունը, նույնիսկ այն դեպքում, երբ նման ձայնագրությունը գտնվել է քննիչի տրամադրության տակ:
14. Նույն օրը Համայնքային դատարանը քննել է քննիչի ներկայացրած միջնորդությունը: Դիմումատուն, որը ներկա է գտնվել այդ նիստին, առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով, որ ինքն ամբողջովին չի գիտակցել իր խոսքերի նշանակությունը, քանի որ գտնվել է ոչ սթափ և դյուրագրգիռ վիճակում՝ այդ օրը՝ ավելի վաղ տեղի ունեցած ընտանեկան վեճի հետևանքով: Համայնքային դատարանը, քննելով դիմումատուի դեմ ներկայացված մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները, որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարելու մասին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմումատուն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
15. 2006 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ՝ պնդելով, որ այն չհիմնավորված է, անօրինական և չպատճառաբանված:
16. 2006 թվականի դեկտեմբերի 26-ին դիմումատուն լրացում է կատարել իր վերաքննիչ բողոքում՝ պնդելով, inter alia (ի թիվս այլնի), որ քննիչը որևէ ապացույց չի ներկայացրել դատարան՝ ի հիմնավորումն սեփական պնդմանն այն մասին, որ դիմումատուն կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից] կամ խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը: Պնդումն այն մասին, որ ինքը կարող է խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը, հերքվել է այն փաստով, որ վարույթն իրականացնող մարմինն իր տրամադրության տակ ունեցել է դիմումատուի ելույթի ձայնագրությունը: Նման հանգամանքներում դիմումատուի համար անհնարին է եղել որևէ կերպ խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը: Դատարանն, այնուամենայնիվ, հաշվի չի առել այդ փաստը: Դիմումատուն այնուհետև պնդել է, որ դատարանի որոշումը պետք է հիմնված լիներ իր կողմից հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի վրա:
17. Նույն օրը Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը քննել և մերժել է վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քննիչը ներկայացրել է բավարար ապացույցներ, ինչպիսիք են՝ դիմումատուի՝ 2006 թվականի դեկտեմբերի 10-ի և 12-ի հարցաքննությունների արձանագրությունները, որոնք հաստատում են դիմումատուի առնչությունը քննարկվող իրադարձության հետ, ինչպես նաև ենթադրում են հիմնավոր կասկածի առկայությունը: Բացի այդ, Համայնքային դատարանն օրինական կարգով գտել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմումատուն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը:
18. 2006 թվականի դեկտեմբերի 27-ին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել Համայնքային դատարան՝ գրավով ազատվելու պահանջով: Նա պնդել է, որ վարույթն իրականացնող մարմինը ճանաչում է իրեն, ինքն ունի մշտական բնակության վայր և երբևէ չի խուսափել քննությունից:
19. 2006 թվականի դեկտեմբերի 30-ին նույն քրեական գործի շրջանակներում Զ. Ս.-ի ընկերը հանդիսացող մեկ այլ անձի՝ Վ. Ա.-ին, ևս մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելը:
20. 2007 թվականի հունվարի 26-ին Համայնքային դատարանը մերժել է դիմումատուի միջնորդությունն այն հիմքով, որ վերջինս, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից]:
21. Նույն օրը դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ՝ պնդելով, որ այն չհիմնավորված է, անօրինական և չպատճառաբանված:
22. 2007 թվականի փետրվարի 15-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ առկա չեն բավարար հիմքեր դիմումատուին գրավով ազատելու համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ միևնույն քրեական գործի շրջանակներում դիմումատուի հանցակից Վ. Ա.-ն կասկածվել, այնուհետև կալանավորվել է խոշոր չափերով հրազեն և ռազմամթերք ապօրինի պահելու համար, ինչպես նաև հաշվի առնելով դիմումատուին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը:
Բ. Դիմումատուի կալանքի ժամկետը երկարաձգելը
23. 2007 թվականի փետրվարի 1-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել Համայնքային դատարան՝ հայցելով միևնույն հիմքերով երկարաձգել դիմումատուի՝ 2007 թվականի փետրվարի 10-ին լրանալիք կալանքի ժամկետը ևս երկու ամսով:
24. 2007 թվականի փետրվարի 7-ին դիմումատուն առարկություն է ներկայացրել այդ միջնորդության դեմ: Նա պնդել է, որ քննիչը որևէ ապացույց չի ներկայացրել ի հաստատումն իր այն պնդումների, որ դիմումատուն կարող է թաքնվել [քրեական վարույթ իրականացնող մարմնից] կամ խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը: Այնուամենայնիվ, պնդումն այն մասին, որ ինքը կարող է թաքնվել [քրեական վարույթ իրականացնող մարմնից], չի եղել հիմնավորված, քանի որ դիմումատուն ունեցել է մեծ ընտանիք և գույք Հայաստանում, իսկ իր անձնագիրն առգրավված է եղել: Բացի այդ, նշված պնդումը հաստատված չի եղել Համայնքային դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ինքը կարող է խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը, ապա դա հերքվել է այն փաստով, որ քննություն իրականացնող մարմինն իր տրամադրության տակ ունեցել է դիմումատուի ելույթի ձայնագրությունը: Այսպիսով, դիմումատուն դիմել է իրեն գրավով ազատելու պահանջով:
25. Նույն օրը Համայնքային դատարանը քննել է քննիչի միջնորդությունը: Դիմումատուի պաշտպանը ներկա է գտնվել այդ նիստին և հանդես է եկել փաստարկներով: Նա միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պնդելով դիմումատուի՝ նիստին ներկա գտնվելու անհրաժեշտությունը և հայցելով ապահովել նրա ներկայությունը: Նախագահող դատավորը պաշտպանին հարցրել է՝ արդյո՞ք դիմումատուն հայտնել է նիստին ներկա գտնվելու ցանկություն, ինչին պաշտպանը պատասխանել է, որ ինքը ենթադրում է, որ դիմումատուն կցանկանա ներկա գտնվել: Նախագահող դատավորն այնուհետև որոշում է կայացրել այդ միջնորդությունը մերժելու մասին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նման պահանջով չեն դիմել նախքան նիստը, և որ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նիստին օրենքով չի պահանջվում կալանավորված անձի ներկայությունը:
26. Համայնքային դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է մի շարք քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, ինչպես օրինակ՝ Հայաստանի կամավորների միության անդամներին հարցաքննելը, մի շարք փորձաքննություններ ավարտին հասցնելը և Վ. Ա.-ի տիրապետման տակ գտնվող զենքի և ռազմամթերքի ձեռքբերման սկզբնաղբյուրը բացահայտելը, ինչպես նաև գտնելով, որ դիմումատուն, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել [քրեական վարույթ իրականացնող մարմնից] և խոչընդոտել [մինչդատական վարույթում կամ դատարանում] գործի քննությունը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
27. 2007 թվականի փետրվարի 8-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ:
28. 2007 թվականի մարտի 1-ին դիմումատուն լրացում է կատարել իր վերաքննիչ բողոքում՝ պնդելով, inter alia, որ ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կալանքի ժամկետը երկարաձգելու ընթացակարգը քննիչի և Համայնքային դատարանի կողմից չի պահպանվել, և որ ինքը ներկա չի գտնվել 2007 թվականի փետրվարի 7-ին կայացած նիստին՝ ի խախտումն ՔԴՕ-ի 285-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երաշխիքների: Ինչ վերաբերում է, մասնավորապես, ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներին, ապա դիմումատուն պնդել է, որ իր կալանքի ժամկետի սկիզբը պետք է հաշվվեր 2007 թվականի դեկտեմբերի 9-ից, քանի որ դա եղել է իրեն փաստացի ազատությունից զրկելու օրը, այլ ոչ թե ձերբակալման մասին արձանագրությունը կազմելու օրվանից, այն է՝ 2007 թվականի դեկտեմբերի 10-ից: Դիմումատուն այնուհետև պնդել է, որ Համայնքային դատարանի որոշումը չի եղել պատճառաբանված, իսկ իրեն շարունակաբար կալանքի տակ պահելը եղել է չհիմնավորված՝ ներկայացնելով 2007 թվականի փետրվարի 7-ի իր առարկության մեջ նշված միևնույն փաստարկները:
29. Նույն օրը Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Համայնքային դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին՝ գտնելով, որ դիմումատուի ներկայացրած փաստարկները չհիմնավորված են: Ինչ վերաբերում է ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներին, ապա Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ դրանք հաշվի չեն առնվել ո՛չ քննիչի, ո՛չ էլ Համայնքային դատարանի կողմից, այնուամենայնիվ, դա այնպիսի կարևորության դատավարական խախտում չէր, որ կարողանար ազդել կալանքի վերաբերյալ նիստի պատշաճ ելքի վրա: Դիմումատուի պաշտպանը ներկա է գտնվել այդ նիստին և ներկայացրել է փաստարկներ:
30. 2007 թվականի մարտի 30-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել Համայնքային դատարան՝ հայցելով միևնույն հիմքերով երկարաձգել դիմումատուի՝ 2007 թվականի փետրվարի 10-ին լրանալիք կալանքի ժամկետը ևս երկու ամսով:
31. 2007 թվականի ապրիլի 3-ին համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը դիմումատուի դիմումի հիման վրա վերջինիս գրանցել է որպես մեծամասնական ընտրակարգով թեկնածու՝ Հայաստանում 2007 թվականի մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
32. 2007 թվականի ապրիլի 5-ին Համայնքային դատարանը բավարարել է քննիչի 2007 թվականի մարտի 30-ի միջնորդությունը նույն հիմքերով, ինչ՝ նախկինում: Դիմումատուի պաշտպանը ներկա է գտնվել այդ նիստին և ներկայացրել է փաստարկներ:
33. 2007 թվականի ապրիլի 10-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել այս որոշման դեմ՝ պնդելով, inter alia, որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ ի խախտումն Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված երաշխիքների: Դիմումատուն այնուհետև պնդել է, որ կալանավորված լինելու հետևանքով ինքը զրկված է եղել այլ թեկնածուների հետ հավասար պայմաններում նախընտրական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից: Նա նաև ներկայացրել է 2007 թվականի փետրվարի 7-ի իր առարկություններում և 2007 թվականի մարտի 1-ի լրացումներում նշված փաստարկներին համանման փաստարկներ:
34. 2007 թվականի մայիսի 2-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու և Համայնքային դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, inter alia, որ ՔԴՕ-ի 285-րդ հոդվածի և Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները պահպանվել են, քանի որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը և կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելը երկու տարբեր հասկացություններ են: Դիմումատուի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվել է նախքան նրա գրանցվելը՝ որպես խորհրդարանական ընտրությունների թեկնածու: Վերաքննիչ դատարանն այնուհետև գտել է, որ դիմումատուին շարունակաբար կալանքի տակ պահելու՝ քննիչի կողմից վկայակոչված հիմքերը վավեր են: Դիմումատուի պաշտպանը ներկա է գտնվել նիստին և ներկայացրել է փաստարկներ:
35. 2007 թվականի հունիսի 5-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության:
36. 2007 թվականի հունիսի 7-ին Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի] դատարանի դատավոր Մ.-ն որոշում է կայացրել դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ:
37. 2007 թվականի հունիսի 10-ին լրացել է դիմումատուի՝ 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ նախատեսված կալանքի տակ պահելու ժամկետը:
38. 2007 թվականի հունիսի 13-ին դիմումատուն դիմել է այն քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որում ինքը կալանքի տակ է պահվել՝ պնդելով, որ 2007 թվականի հունիսի 10-ին լրացել է Համայնքային դատարանի 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ նախատեսված՝ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը, և հայցել է իրեն ազատ արձակել:
39. 2007 թվականի հունիսի 19-ի գրությամբ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը մերժել է այդ պահանջը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է Համայնքային դատարան:
40. 2007 թվականի հունիսի 22-ին դատավոր Մ.-ն որոշում է կայացրել դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Այդ որոշմամբ սահմանվել է, որ դիմումատուի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ:
41. 2007 թվականի օգոստոսի 6-ին Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի] դատարանը դիմումատուին ճանաչել է մեղավոր նրան մեղսագրվող հանցագործության կատարման մեջ և դատապարտել երկու տարի ժամկետով ազատազրկման:
42. 2007 թվականի օգոստոսի 7-ին դիմումատուն գանգատ է ներկայացրել Դատարան:
43. Պարզվում է, որ դիմումատուն իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը այդուհետ վիճարկել է ավելի բարձր դատական ատյաններում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)
44. ՔՕ-ի համապատասխան դրույթները նախատեսում են.
Հոդված 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը
«Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)
45. Համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia] (թիվ 44068/07, §§ 26-41, 2011 թվականի դեկտեմբերի 20) գործով վճիռը: ՔԴՕ-ի դրույթները, որոնք չեն մեջբերվել այդ վճռում, ունեն հետևյալ բովանդակությունը.
46. 135-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝ 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությունը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով արգելված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարումը: Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝ 1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը 2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը 3) տարիքը և առողջական վիճակը 4) սեռը 5) զբաղմունքի տեսակը 6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը 7) գույքային դրությունը 8) բնակության մշտական վայրի առկայությունը և 9) այլ էական հանգամանքներ:
47. 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի՝ կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում:
48. 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան՝ խափանման միջոցի այդ տեսակն ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը: 285-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի կամ ձերբակալման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա՝ միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին:
Գ. Ընտրական օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի փետրվարի 28-ից)
49. Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ընտրությունների ժամանակահատվածում Ազգային ժողովի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
50. Դիմումատուն բողոքել է, որ 2007 թվականի փետրվարի 7-ին իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման ժամանակ չեն պահպանվել օրենքով սահմանված ժամկետները, և որ 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելը դատարանի կողմից թույլատրված չի եղել, և ուստի եղել է անօրինական: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, որով այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, սահմանվում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով...»
Ա. Ընդունելիությունը
1. Ներպետական իրավունքով նախատեսվող ժամկետների պահպանումը կալանավորման ժամկետը երկարաձգելիս.
ա) Կողմերի փաստարկները
51. Կառավարությունը պնդել է, որ ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հնգօրյա ժամկետը Համայնքային դատարանի կողմից չպահպանելու փաստը, երբ վերջինս 2007 թվականի փետրվարի 7-ին երկարաձգել է դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը, բացասաբար չի անդրադարձել դիմումատուի՝ 5-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների վրա: Քննարկվող ժամկետների մասով ձևական պահանջները չպահպանելու հարցը՝ պայմանավորված դատարանի աշխատակազմի կողմից թույլ տրված որոշակի թերություններով, 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով չի հանգեցրել դիմումատուին կամայականորեն կալանքի տակ պահելուն, քանի որ դիմումատուն արդեն իսկ գտնվել է կալանքի տակ, և Համայնքային դատարանը որոշում է կայացրել այն անփոփոխ թողնելու մասին:
52. Դիմումատուն նշել է, որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը պետք է լրանար 2007 թվականի փետրվարի 10-ին, և ո՛չ քննիչը, ո՛չ էլ Համայնքային դատարանը չեն պահպանել ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները: Դրանք եղել են ներպետական իրավունքի կոպիտ խախտումներ և ունեցել են ողջամիտ հիմք՝ Համայնքային դատարանի որոշումը բեկանելու համար: Բացի այդ, քանի որ ներպետական իրավունքի խախտումը հանգեցրել է 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման, ուստի իր գործի ընթացքում ժամկետները չպահպանելը հանգեցրել է այդ դրույթի խախտման:
բ) Դատարանի գնահատականը
53. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտություններով, ըստ էության, հղում է կատարվում ներպետական իրավունքին, և ամրագրվում այդ իրավունքի նյութաիրավական և դատավարական կանոնները պահպանելու պարտավորությունը: Չնայած այն հանգամանքին, որ ներպետական իրավունքի մեկնաբանման և կիրառման հարցն առաջին հերթին ազգային մարմինների, մասնավորապես՝ դատարանների խնդիրն է, այնուամենայնիվ, 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ներպետական օրենսդրության պահանջները չպահպանելը հանգեցնում է Կոնվենցիայի խախտման, և Դատարանը կարող է ու պետք է ստուգի, թե արդյոք այդ իրավունքի պահանջները պահպանվել են (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Բենհեմն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham v. the United Kingdom], 1996 թվականի հունիսի 10, § 41, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1996-III, և Ասանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004-II): Կալանավորման ժամկետը սկզբունքորեն «օրինական» է, եթե այն հիմնվում է դատարանի որոշման վրա: Նույնիսկ կալանավորման մասին որոշման մեջ տեղ գտած թերությունները 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անպայմանորեն չեն հանգեցնում կալանքի տակ պահելու ժամկետի անօրինականության (տե՛ս վերևում հիշատակված՝ Բենհեմի գործը, §§ 42-47, և Յեչիուսն ընդդեմ Լիտվայի [Jéčius v. Lithuania], թիվ 34578/97, § 68, ՄԻԵԴ 2000-IX):
54. Սույն գործով դատարանի որոշմամբ սահմանված՝ դիմումատուի երկամսյա կալանքի ժամկետը պետք է լրանար 2007 թվականի փետրվարի 10-ին: ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ [մեղադրյալին] կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում քննիչը, ոչ ուշ, քան [կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց] 10 օր առաջ, պետք է [դատարան] ներկայացնի միջնորդություն, իսկ դատարանը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում: Դիմումատուի գործում քննիչը [կալանքի տակ պահելու] ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել 2007 թվականի փետրվարի 1-ին, մինչդեռ, Համայնքային դատարանը միջնորդությունը բավարարելու և դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին իր որոշումն ընդունել է 2007 թվականի փետրվարի 7-ին:
55. Դատարանը նշում է, որ Համայնքային դատարանի կողմից 2007 թվականի փետրվարի 7-ին դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելու ժամանակ Համայնքային դատարանի նախորդ, այն է՝ 2006 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման հիման վրա սահմանված դիմումատուի կալանքը դեռևս ուժի մեջ է եղել: Բացի այդ, չնայած 2007 թվականի փետրվարի 7-ի որոշման՝ կարճատև ուշացումով կայացված լինելու հանգամանքին, այնուամենայնիվ, այն կայացվել է կալանքի տակ պահելու թույլատրված ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ: Այն ընդունվել է իրավասու դատարանի կողմից քննիչի միջնորդության հիման վրա, ինչպես պահանջվում է ներպետական օրենսդրությամբ: Դատարանը համարում է, որ քննարկվող դատավարական թերությունները, այն է՝ քննիչի միջնորդությունը ներկայացնելու և քննության առնելու կարճատև ձգձգումները, ձևական և աննշան բնույթ են կրել այնքանով, որ ոչ մի կերպ չէին կարող ազդել համապատասխան կալանքի ժամկետի օրինականության վրա:
56. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
2. 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահելու օրինականությունը
57. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
58. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի նկատմամբ 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կիրառված կալանքը եղել է օրենքին, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:
59. Դիմումատուն վիճարկել է այդ փաստարկը՝ պնդելով, որ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող օրինական հիմք համարվել իրեն կալանավորելու համար:
2. Դատարանի գնահատականը
60. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորվում է ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը: Այդ իրավունքը, Կոնվենցիայի իմաստով, առաջնային նշանակություն ունի «ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս Դե Վիլդեն, Օօմսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի [De Wilde, Ooms and Versyp v. Belgium], 1971 թվականի հունիսի 18, § 65, շարք Ա, թիվ 12):
61. Ազատությունից զրկելու հարցը քննարկելիս հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը: Հետևաբար, էապես կարևոր է, որ ներպետական իրավունքով ճշգրտորեն սահմանված լինեն ազատությունից զրկելու պայմանները, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի կիրառության առումով, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափորոշչին, որով պահանջվում է, որ բոլոր օրենքները լինեն բավականաչափ հստակ, որպեսզի հնարավորություն տան անձին, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությամբ, կանխատեսելու համապատասխան գործողության հավանական հետևանքներն այնքանով, որքանով դա ողջամտորեն հնարավոր է տվյալ հանգամանքներում (տե՛ս Սթիլը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others v. United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VII):
62. Դատարանը նշում է, որ արդեն քննել է համանման բողոք ընդդեմ Հայաստանի մեկ այլ գործով, որում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետն այն իմաստով, որ դիմումատուի կալանքը հիմնված չի եղել դատարանի որոշման վրա, հետևաբար եղել է անօրինական նշված դրույթի իմաստով (տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia], թիվ 44068/07, §§ 56-64, 2011 թվականի դեկտեմբերի 20): Դատարանը սույն գործով այլ եզրահանգման գալու որևէ պատճառ չի տեսնում և եզրակացնում է, որ 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելը 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով եղել է անօրինական:
63. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈԻՄԸ
64. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել իր շարունակական կալանավորման հիմքերը: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որի համաձայն՝.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:»
Ա. Ընդունելիությունը
65. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
66. Կառավարությունը պնդել է, որ ներպետական դատարանները ներկայացրել են դիմումատուի շարունակական կալանավորման համար վերաբերելի և բավարար այնպիսի հիմքեր, ինչպիսիք են [քրեական վարույթ իրականացնող մարմնից] թաքնվելու և դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգը:
67. Դիմումատուն նշել է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել իր շարունակական կալանավորման համար վերաբերելի և բավարար հիմքեր, և նրանց պատճառաբանություններում բացակայել է իր գործի հատուկ հանգամանքների գնահատումը, և դրանք եղել են չհիմնավորված:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
68. Հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձը դատաքննությանն ակնկալելու ժամանակահատվածում միշտ պետք է ազատ արձակվի, եթե պետությունը ցույց չի տալիս, որ առկա են շարունակական կալանավորումն արդարացնող «վերաբերելի և բավարար» հիմքեր (տե՛ս Սմիրնովան ընդդեմ Ռուսաստանի [Smirnova v. Russia], թիվ 46133/99 և 48183/99, § 58, ՄԻԵԴ 2003-IX (քաղվածքներ), Բեկչիևն ընդդեմ Մոլդովայի [Becciev v. Moldova], թիվ 9190/03, § 53, 2005 թվականի հոկտեմբերի 4, և Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy v. Russia], թիվ 5829/04, § 182, 2011 թվականի մայիսի 31):
69. Ներպետական դատարանները պետք է ուսումնասիրեն բոլոր այն փաստերը, որոնցով հիմնավորվում կամ հերքվում է այնպիսի հանրային շահի իրական պահանջի առկայությունը, որը, հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը, արդարացնում է անձի ազատությունը հարգելու կանոնից կատարվող շեղումը, ինչպես նաև պետք է դրանք վկայակոչեն ազատ արձակելու միջնորդությունների վերաբերյալ իրենց որոշումներում (տե՛ս Լեթելիերն ընդդեմ Ֆրանսիայի [Letellier v. France], 1991 թվականի հունիսի 26, § 35, շարք Ա թիվ 207): Ազատ արձակելը հիմնավորող կամ հերքող փաստարկները պետք է ընդհանուր և վերացական բնույթ չունենան (տե՛ս Քլութն ընդդեմ Բելգիայի [Clooth v. Belgium], 1991 թվականի դեկտեմբերի 12, § 44, շարք Ա թիվ 225):
70. Ձերբակալված անձի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի շարունակական գոյությունը sine qua non (պարտադիր պայման) է շարունակական կալանքի օրինականության համար, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված մյուս հիմքերով շարունակվում է հիմնավորվել ազատությունից զրկելը: Այդօրինակ հիմքերը «վերաբերելի» և «բավարար» լինելու դեպքում Դատարանը պետք է պարզի նաև, թե վարույթն իրականացնելիս իրավասու ներպետական մարմիններն արդյոք դրսևորել են «պատշաճ զգուշավորություն» (տե՛ս Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy[GC]], թիվ 26772/95, § 153, ՄԻԵԴ 2000-IV):
71. Կոնվենցիայի մասով նախադեպային իրավունքում ձևավորվել է՝ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին նախքան դատավճիռ կայացնելը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր՝ մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Շտուգմուլլերն ընդդեմ Ավստրիայի [Stögmüller v. Austria], 1969 թվականի նոյեմբերի 10, § 15, շարք Ա թիվ 9), այն վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կարող է խոչընդոտել արդարադատության իրականացումը, (տե՛ս Վեմհոֆն ընդդեմ Գերմանիայի [Wemhoff v. Germany], 1968 թվականի հունիսի 27, § 14, շարք Ա թիվ 7) կամ կարող է կատարել նոր հանցանքներ (տե՛ս Մացնեթերն ընդդեմ Ավստրիայի [Matznetter v. Austria], 1969 թվականի նոյեմբերի 10, § 9, շարք Ա թիվ 10) կամ էլ կարող է խախտել հասարակական կարգը (տե՛ս վերևում հիշատակված՝ Լըտելյենի գործը, § 51):
72. [Քրեական վարույթն իրականացնող մարմնից] թաքնվելու վտանգավորության աստիճանը չի կարող չափվել միայն նախատեսվող պատժի խստության հիման վրա: Այն պետք է գնահատվի՝ մի շարք այլ վերաբերելի գործոնների վկայակոչմամբ, որոնք կարող են կա՛մ հաստատել [քրեական վարույթն իրականացնող մարմնից] թաքնվելու վտանգի առկայությունը, կա՛մ կարող են այն դարձնել այնքան աննշան, որ հնարավոր չլինի հիմնավորել կալանքի կիրառումը դատական քննությանն ակնկալելու ժամանակահատվածում (տե՛ս Յագչին և Սարգընը ընդդեմ Թուրքիայի [Yagci and Sargin v. Turkey], 1995 թվականի հունիսի 8, § 52, շարք Ա թիվ 319-Ա): [Քրեական վարույթն իրականացնող մարմնից] թաքնվելու վտանգը պետք է գնահատել այնպիսի գործոնների լույսի ներքո, ինչպիսիք են՝ անձի բնութագիրը, նրա բարոյական նկարագիրը, կացարանով ապահովված լինելու հանգամանքը, զբաղվածությունը, ունեցվածքը, ընտանեկան կապերը, ինչպես նաև բոլոր կապերն այն պետության հետ, որում նա հետապնդվում է: Ծանր պատժի ակնկալիքը և ապացույցների ծանրակշիռ լինելը կարող են գործի համար վերաբերելի լինել, սակայն որպես այդպիսին որոշիչ չեն, և կարող է առաջանալ երաշխիքներ ստանալու հնարավորությունից օգտվելու անհրաժեշտություն՝ բոլոր վտանգները չեզոքացնելու համար (տե՛ս Նոյմայսթերն ընդդեմ Ավստրիայի [Neumeister v. Austria], 1968 թվականի հունիսի 27, § 10, շարք Ա թիվ 8):
73. Մեղադրյալի կողմից վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու վտանգի վրա չի կարելի հիմնվել in obstractó (վերացական կարգով). այն պետք է հիմնավորել փաստական ապացույցներով (տե՛ս Տրզասկան ընդդեմ Լեհաստանի [Trzaska v. Poland], թիվ 25792/94, § 65, 2000 թվականի հուլիսի 11):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործում
74. Սույն գործում Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները, դիմումատուին կալանավորելու և կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումներ կայացնելիս, հիմնվել են վերջինիս՝ [քրեական վարույթն իրականացնող մարմնից] թաքնվելու և արդարադատության իրականացումը խոչընդոտելուն ուղղված որոշակի այնպիսի գործողություններ ձեռնարկելու վտանգի վրա, ինչպիսին վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելն է:
75. Դատարանը նկատում է, որ թե՛ Համայնքային դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն իրենց որոշումներում սահմանափակվել են այս հիմքերը վերացարկված և կարծրատիպային եղանակով կրկնելով՝ առանց մատնանշելու որևէ պատճառ այն մասին, թե ինչու են նրանք հիմնավոր համարում իրենց պնդումներն այն մասին, որ դիմումատուն կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից] կամ անօրինական ազդեցություն գործադրել վկաների վրա: Նրանք նաև չեն փորձել հերքել դիմումատուի ներկայացրած փաստարկները: Դիմումատուին մեղսագրվող արարքի՝ ծանր հանցագործություն համարվելու հանգամանքի ընդհանուր վկայակոչումը չի կարող բավարար հիմնավորում համարվել ենթադրյալ վտանգների համար: Պարզ չէ նաև, թե ինչպե՞ս կարող էր դիմումատուի գործով մյուս մեղադրյալի կալանավորված լինելու փաստը, որի վրա հիմնվել է Վերաքննիչ դատարանը գրավով ազատելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունը մերժելիս (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը), գործի համար լինել վերաբերելի՝ [քրեական վարույթն իրականացնող մարմնից] դիմումատուի թաքնվելու վտանգն արդարացնելու համար:
76. Վերոշարադրյալի լույսի ներքո Դատարանը համարում է, որ այն հիմքերը, որոնց վրա իրենց որոշումներում հիմնվել են Համայնքային դատարանը և Քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դիմումատուի կալանավորման և դրա ժամկետի երկարաձգման առնչությամբ չեն եղել «վերաբերելի և բավարար»:
77. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
78. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ ինքը ոչ մի նիստի ներկա չի գտնվել, որում որոշում է կայացվել իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը: Դատարանը համարում է, որ այս բողոքը պետք է ուսումնասիրվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որը սահմանում է հետևյալը.
«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:»
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
79. Կառավարությունը նշել է, որ ՔԴՕ-ի 285-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվում է կալանավորված անձի ներկայությունը միայն կալանավորման հարցով դատական առաջին նիստի ժամանակ և ոչ այն նիստերին, որոնցում որոշվում է կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման հարցը: Դիմումատուի պաշտպանը ներկա է գտնվել կալանքի ժամկետը երկարաձգելու բոլոր նիստերին և հնարավորություն է ունեցել ներկայացնելու փաստարկներ և միջնորդություններ, անելու գրավոր պնդումներ: Հետևաբար, դիմումատուի բացակայությունը համապատասխան դատական նիստերից որևէ կերպ բացասաբար չի անդրադարձել նրա իրավունքների վրա: Բացի այդ, դիմումատուն երբևէ անձամբ կամ պաշտպանի միջոցով չի հայտնել նիստերին մասնակցելու ցանկություն: 2007 թվականի փետրվարի 7-ի նիստին պաշտպանը պարզապես ենթադրել է, որ դիմումատուն կցանկանար ներկա գտնվել: Ի վերջո հետևում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում տեղի չի ունեցել:
2. Դիմումատուն
80. Դիմումատուն պնդել է, որ ՔԴՕ-ի 285-րդ հոդվածը կիրառելի է նաև իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հետ կապված վարույթի նկատմամբ: Սա հստակորեն հաստատվել է դատական պրակտիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Համայնքային դատարանն իր որոշումներում հղում է կատարել այդ հոդվածի վրա: Ուստի ներպետական օրենսդրությամբ պահանջվել է իր ներկայությունը, և այն չապահովելը զրկել է իրեն Համայնքային դատարանի առաջ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից: Դատավարությունը հիմնված չի եղել ո՛չ մրցակցության սկզբունքի վրա և ո՛չ էլ ապահովել է կողմերի իրավահավասարությունը՝ դրանով իսկ խախտելով 5-րդ հոդվածի 4-րդ կետը:
Բ. Դատարանի գնահատականը
81. Դատարանը վերահաստատում է, որ որոշակի հանգամանքներում 5-րդ հոդվածի 4-րդ կետով կարող է պահանջվել կալանավորված անձի ներկայությունը բանավոր լսումներին (տե՛ս Սինգն ընդդեմ Միացյալ Թագավորության [Singh v. the United Kingdom], 1996 թվականի փետրվարի 21, §§ 67-69, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1996- I, Գրաուժինիսն ընդդեմ Լիտվայի [Graužinis v. Lituania], թիվ 37975/97, §§ 33-34, 2000 թվականի հոկտեմբերի 10, Վեյթն ընդդեմ Միացյալ Թագավորության [Waite v. the United Kingdom], թիվ 53236/99, § 59, 2002 թվականի դեկտեմբերի 10, Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի [Lebedev v. Russia], թիվ 4493/04, § 113, 2007 թվականի հոկտեմբերի 25, վերևում հիշատակված՝ Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy v. Russia], § 235):
82. Սույն գործով դիմումատուն ներկա չի գտնվել 2007 թվականի փետրվարի 7-ի և ապրիլի 5-ի նիստերին, որոնցում Համայնքային դատարանը որոշում է կայացրել երկարաձգել իրեն կալանքի տակ պահելու ժամկետը կամ 2007 թվականի մարտի 1-ի և մայիսի 2-ի նիստերին, որոնցում Վերաքննիչ դատարանը քննել է այդ որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները: Դատարանը չի կիսում դիմումատուի կարծիքն այն մասին, որ ՔԴՕ-ի 285-րդ հոդվածով պահանջվել է իր ներկայությունն այդ նիստերին: Ինչպես հետևում է այդ հոդվածի բովանդակությունից, ինչպես նաև ներպետական դատարանների կողմից դրա մեկնաբանությունից, կալանավորված անձի ներկայությունը պարտադիր է միայն այն նիստերին, որոնցում կալանքը նշանակվում է որպես խափանման միջոց և ոչ այն նիստերին, որոնցում երկարաձգվում է կալանքի տակ պահելու ժամկետը: Դիմումատուի պնդումն այն մասին, որ այդ առնչությամբ ձևավորվել է դատական պրակտիկա, չի հիմնավորվել որևէ ապացույցով: Բացի այդ, այն հանգամանքը, որ Համայնքային դատարանն իր որոշման մեջ հղում է կատարել ՔԴՕ-ի 285-րդ հոդվածին, չի ազդում տվյալ իրավիճակի վրա: Այս հոդվածն իսկապես կիրառելի է ինչպես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու նկատմամբ: Այնուամենայնիվ, այդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ պահանջները կիրառելի են միայն առաջինի նկատմամբ: Այսպիսով, չի կարելի պնդել, որ ներպետական օրենսդրությամբ պահանջվել է կալանավորված անձի ներկայությունը կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հարցը որոշելու վերաբերյալ նիստերին:
83. Դատարանը նշում է, որ դիմումատուի պաշտպանը ներկա է գտնվել քննարկվող բոլոր նիստերին: Նա հնարավորություն է ունեցել ներկայացնելու դիմումատուի գործը և փաստարկներ բերելու՝ նրան ազատ արձակելու օգտին: Դատարանն, այնուհետև, նշում է, որ դիմումատուն չի հստակեցրել, թե ինչո՞ւ է իր ներկայությունն անհրաժեշտ եղել քննարկվող նիստերին: Նման հանգամանքներում Դատարանը բավարար հիմքեր չունի եզրակացնելու, որ համապատասխան նիստերն անցկացնելու եղանակով խախտվել է դիմումատուի բանավոր քննության իրավունքը՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն:
84. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
85. Վերջապես, դիմումատուն ներկայացրել է նաև մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 10-րդ ու 14-րդ հոդվածների և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն:
86. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, ինչպես նաև այնքանով, որքանով այդ բողոքներն իր իրավասության շրջանակներում են՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
87. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»
Ա. Վնասը
88. Դիմումատուն պահանջել է 108 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
89. Կառավարությունն առարկել է այդ պահանջի դեմ:
90. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս, և որոշում է նրան շնորհել 4 500 եվրո՝ որպես այդ վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
91. Դիմումատուն նաև պահանջել է 20 000 ՀՀ դրամ՝ որպես հատուցում իր փոստային ծախքերի համար:
92. Կառավարությունն առարկել է այս պահանջի դեմ՝ պնդելով, որ դիմումատուն նման թանկարժեք փոստային ծառայություններից օգտվելու կարիք չի ունեցել:
93. Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ, և դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափանիշները՝ Դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 43 եվրո՝ որպես Դատարանի վարույթում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
94. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելու ենթադրյալ անօրինականության ու նրա շարունակական կալանավորման հիմքերի բացակայության վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ նկատի ունենալով, որ 2007 թվականի հունիսի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելը իրավական հիմք չի ունեցել.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ դիմումատուի շարունակական կալանավորման համար վերաբերելի և բավարար հիմքեր չներկայացնելու մասով.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 43 եվրո (քառասուներեք եվրո)՝գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հունիսի 26-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սանտյագո Քեսադա Քարտուղար |
|
Ջուսեփ Կասադևայ Նախագահ |