«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1996 թվականի N 150
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատությունը (այսուհետև` հաստատություն) անընդհատ կրթության համակարգի հիմնական օղակն է, որը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում իրականացնելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված իրենց կրթության իրավունքը:
Հաստատությունն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրեր (այսուհետև` հանրակրթական ծրագրեր):
2. Հաստատության հիմնական նպատակներն են հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման հման վրա սովորողների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքի և աշխատանքի, հասարակական համակեցության, մասնագիտական կրթական ծրագրերի գիտակցական ընտրության և դրանց հետագա յուրացման հիմքերի ստեղծումը, քաղաքացիության և հայրենասիրության դաստիարակումը:
3. Հաստատությունն ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
4. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, համամարդկային և ազգային արժեքների զուգորդման, անհատի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
5. Հաստատությունում չի թույլատրվում հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը:
6. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին համապատասխան հանրակրթական պետական ծրագրերի իրագործման, սովորողների տարիքային-ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին, ընդունակություններին, նրանց կյանքի և առողջության պահպանմանը, գիտական պահանջներին համապատասխան կրթական մեթոդների և ձևերի ընտրության համար:
Հաստատությունում երկու սեռի սովորողների ուսուցումը, որպես կանոն, տարվում է համատեղ:
7. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ:
Հաստատության կանոնադրությունը կազմվում է սույն օրինակելի կանոնադրության հիման վրա` հաշվի առնելով տվյալ հաստատության առանձնահատկությունները:
8. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է օտարերկրյա կրթական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ:
9. Հաստատությունն իրավաբանական անձ է, ունի իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
10. Հաստատությունը վկայագրվում և հավատարմագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Հաստատության ստեղծումը, վերակառուցումը, լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատության լուծարումը կամ վերակառուցումն իրականացվում է բացառապես ուսումնական տարվա վերջում: Այդ դեպքում համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինը պարտավոր է սովորողներին տեղավորել այլ հաստատություններում` ծնողների համաձայնությամբ:
II. Հաստատության կառավարումը
12. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան ղեկավարում է տնօրենը:
Հաստատության տնօրենը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Հաստատության տնօրենը`
ա) կազմակերպում և ղեկավարում է հաստատության գործունեությունը.
բ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում հաստատության տնօրենի տեղակալներին, մանկավարժական և մյուս աշխատողներին, խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում աշխատողներին ու սովորողներին.
գ) ապահովում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
դ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նկատմամբ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում է հաստատության աշխատողների պարտականությունները, ապահովում ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, սանիտարաառողջապահական ռեժիմի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է հաստատության սովորողների և աշխատողների համար.
է) ղեկավարում և կազմակերպում է հաստատության մանկավարժական, հոգաբարձուների, ծնողական խորհուրդների, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, հանդիսանում վարկի կարգադրիչ.
թ) կազմում և հաստատում է հաստատության հաստիքային ցուցակը և ծախսերի նախահաշիվը` ըստ գործող նորմացույցների և բյուջեից տրվող միջոցների սահմաններում.
ժ) ներկայացնում է հաստատությունը պետական մարմիններոմ, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կնքում համապատասխան պայմանագրեր.
ի) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
14. Տնօրենի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը` տնօրենի հրամանով:
15. Հաստատության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների համար.
բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
գ) հրահանգավորում է հաստատության մանկավարժական անձնակազմին, դասղեկներին, հաստատությունում կազմակերպում աշխատանք, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվություններ.
դ) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների ու դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին:
16. Հաստատության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները.
բ) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
գ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
17. Հաստատության տնտեսական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա) պատասխանատու է հաստատության շենքի և դրա գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.
բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:
18. Հաստատության դասղեկը`
ա) դաստիարակչական աշխատանք է տանում իրեն հանձնված դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ.
բ) ապահովում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի մանկավարժական պահանջնրեի միասնությունը.
գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.
դ) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հաստատության ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի վերաբերյալ տեղեկություներ.
ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային շրջագայություններ, կանոնավորում օրվա ռեժիմը, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի նպատակային կազմակերպմանը.
զ) հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.
է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն ձեռնարկումները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների կենսագործումը:
19. Համայնքի, ծնողների հետ հաստատության արդյունավետ համագործակցության, դրա գործունեությանն աջակցելու նպատակով հաստատությանը կից կարող է ստեղծվել հոգաբարձուների, ծնողական և այլ խորհուրդներ:
Նշված խորհուրդների իրավասության շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) հաստատած օրինակելի կանոնադրություններով:
20. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվում են հաստատության մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց օրինակելի կանոնադրությունները հաստատում է նախարարությունը:
21. Հաստատության ղեկավար (տնօրեն, տնօրենի տեղակալ), ինչպես նաև մանկավարժական աշխատողներն ատեստավորվում են նախարարության սահմանած կարգով:
III. Հաստատության կառուցվածքը և տեսակները
22. Հաստատությունը հանրակրթական ծրագիրն իրականացնում է անընդհատ կրթության հարաբերականորեն ինքնուրույն 3 աստիճանով`
տարրական կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի).
հիմնական կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի).
միջնակարգ կրթության (յուրացման նորմատիվ ժամկետը` 2 տարի):
Առանձին սովորողների համար հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան գիտելիքների ստուգմամբ:
23. Հաստատությունը հանրակրթական ծրագրին համապատասխան ստորաբաժանվում է կրտսեր, միջին և ավագ դպրոցների, որոնք կարող են ունենալ ինքնուրույն կարգավիճակ կամ երկուսը-երեքը միասին` ընդգրկվել մեկ հաստատության մեջ:
24. Հաստատությունը կարող է ունենալ մասնաճյուղեր, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
25. Հաստատությունը կարող է գործել որպես կրթահամալիր` ներառելով տարբեր կրթական ծրագրեր իրականացնող լուսհաստատություններ: Կրթահամալիրի կանոնադրությունը հաստատում է նախարարությունը:
26. Կրթության և դաստիարակության, ինչպես նաև առողջության պահպանման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ծնողազուրկ և ծնողական խնամքից զուրկ երեխաների համար ստեղծվում է հատուկ հտաստատություն (դասարան, խումբ), այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ, որի կանոնադրությունը հաստատում է նախարարությունը` համաձայնեցնելով պետական կառավարման համապատասխան մարմնի հետ:
27. Կրտսեր դպրոցը տարրական կրթության ծրագրին համապատասխան երեխայի գործունեության ձևերի ընդլայնման միջոցով ապահովում է նրա ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի և վարվելաձևի, ինքնավերահսկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը:
28. Միջին դպրոցը տարրական կրթության հիման վրա ապահովում է հիմնական կրթության ծրագրերի յուրացումը, սովորողների անձի ձևավորումն ու կայացումը, բարենպաստ միջավայր ստեղծում սոցիալական ինքնահաստատմանը և ինքնադրսևորմանը նպաստող ընդունակությունների, նախասիրությունների և հակումների զարգացման համար:
Հիմնական կրթությունը պարտադիր է և ավարտվում է որակավորմամբ:
29. Ավագ դպրոցը հիմնական կրթության հիմքի վրա ապահովում է սովորողների միջնակարգ կրթության ծրագրերի յուրացումը, ճանաչողական հետաքրքրությունների զարգացումն ու ստեղծագործական ունակությունների ձևավորումը, տարբերակված ուսուցման հիման վրա` նախամասնագիտական ծրագրի յուրացումը:
Ավագ դպրոցն ավարտվում է պետական քննություններով:
Ավագ դպրոցի տեսակները սահմանում է նախարարությունը:
30. Նախասիրական կրթական ծրագրերն իրականացվում են ինչպես տարբեր աստիճանների հանրակրթական դպրոցներում, այնպես էլ նախասիրական կրթական հաստատություններում:
31. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաստատությանը կարող է ամրակցվել համայնքի որոշակի բնակելի տեղամաս: Հաստատությունը միջոցներ է ձեռնարկում այդ տեղամասում ապրող` պարտադիր ուսուցման ենթակա բոլոր երեխաներին ուսման մեջ ընդգրկելու համար:
IV. Հաստատության ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպումը
32. Հաստատության ուսուցման լեզուն գրական հայերենն է:
Ազգային փոքրամասնությունների համար բացված դպրոցներում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
33. Հաստատության ընդունելության կարգը, ինչպես նաև դպրոցական արձակուրդների ժամկետները սահմանում է նախարարությունը:
34. Հաստատության բուժսպասարկումն ապահովում է առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը տնօրինության և մանկավարժական անձնակազմի հետ միասին պատասխանատվություն է կրում բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:
35. Հաստատության դասարանի միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` կրտսեր և միջին դպրոցի համար 20-25 սովորող` ավագ դպրոցի համար` սանիտարական նորմերի պահպանմամբ: Ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել նախարարության թույլտվությամբ:
36. Առանձին առարկաների պարապմունքների անցկացման ընթացքում դասարանը կարող է կիսվել երկու խմբի` նախարարության սահմանած կարգով, համաձայնեցված Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
37. Հաստատությունում ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 34 շաբաթ, իսկ կրտսեր դպրոցի 1-ին դասարանում` 30 շաբաթ:
Հաստատությունում ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների կամ քառորդների:
38. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է, բացառիկ դեպքերում այն կարող է փոփոխվել նախարարության կողմից:
39. Հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամկետացանկը (գրաֆիկը), սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության և հաճախումների գրանցման, դասարանից դասարան փոխադրման և պետական ավարտական քննությունների անցկացման կարգը սահմանում է նախարարությունը:
40. Ուսուցման կազմակերպման ձևերն են`
ցերեկային
երեկոյան
հեռակա (անհատական, ընտանեկան և այլն):
41. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանների և ուսումնական ծրագրերի հիման վրա:
42. Հաստատության ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի պետական օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
43. Ավագ դպրոցում ուսումնառության մեջ բացառիկ հաջողությունների հասած շրջանավարտները պարգևատրվում են ոսկե կամ արծաթե մեդալներով` նախարարության սահմանած կարգով:
Տարեկան գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք, ինչպես նաև առանձին ուսումնական առարկաներից գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները նախարարության սահմանած կարգով պարգևատրվում են գովասանագրերով:
44. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի տեսչավորումն իրականացնում է նախարարության տարածքային տեսչությունը` նախարարության սահմանած կարգով:
45. Հաստատությունում գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և նախարարության հաստատած հրահանգի համաձայն:
V. Հաստատության սովորողը, մանկավարժը և ծնողը
46. Սովորողն իրավունք ունի`
անվճար ստանալու տարրական, հիմնական և միջնակարգ կրթություն.
անկախ բնակության վայրից, սահմանված կարգով ընտրելու հաստատությունը և ուսուցման ձևը.
անվճար օգտվելու հաստատության գրադարանից.
հաստատությունում յուրացնելու նախասիրական, այդ թվում` վճարովի կրթական ծրագրեր, ստանալու վճարովի ծառայություններ.
ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները:
47. Հաստատությանն արգելվում է առանց ծնողների և սովորողների համաձայնության սովորողներին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և հաստատության կանոնադրությամբ:
48. Հաստատությունում արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:
49. Սովորողը պարտավոր է`
բարեխղճորեն սովորել.
խնամքով վերաբերվել հաստատության գույքին.
հարգել հաստատության սովորողների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը.
պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները:
50. Հաստատության ներքին կարգապահական կանոնները խախտելու համար թույլատրվում է, որպես ծայրահեղ միջոց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սովորողին հեռացնել հաստատությունից:
51. Ծնողն իրավունք ունի`
պաշտպանելու երեխայի օրինական շահերն ու իրավունքները.
մասնակցելու հաստատության կառավարմանը:
52. Ծնողը պարտավոր է`
կատարել հաստատության կանոնադրությամբ` սահմանված իր պարտականությունները.
ապահովել երեխայի կրթության համար անհրաժեշտ պայմաններ:
53. Հաստատությունում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մասնագետը: Ոչ մանկավարժական կրթությամբ մասնագետի` հաստատությունում աշխատելու կարգը և պայմանները սահմանում է նախարարությունը:
54. Հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
55. Հաստատության մանկավարժական աշխատողները կարող են ընտրել և կիրառել նախարարության երաշխավորած ուսուցման և դաստիարակության ձևերից ու մեթոդներից, ուսումնական նյութերից ու ձեռնարկներից որևէ մեկը:
56. Հաստատության մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի նվազագույնի յուրացումը սովորողների կողմից:
57. Հաստատության աշխատողները պետք է համապատասխանեն սահմանված տարիֆաորակավորման բնութագրին և անընդհատ բարձրացնեն իրենց որակավորումը:
VI. Հաստատության ֆինանսական գործունեությունը և գույքը
58. Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:
Հաստատությունը բյուջետային միջոցներն ստանում և օգտագործում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
59. Հաստատության բյուջետային ֆինանսավորման նորմացույցները սահմանում է նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
60. Հաստատության արտաբյուջետային միջոցներն են`
ա) հաստատության գույքը, տարածքը սահմանված կարգով` միայն պետական կառավարման վերադաս մարմնի թույլտվությամբ վարձակալության հանձնելուց ստացված միջոցները.
բ) նախարարության սահմանած կարգով լրացուցիչ կրթական, մշակութային, լուսավորչական և մարզական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.
գ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
դ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված` հաստատության սովորողների ուսմանը և դաստիարակությանն օժանդակող այլ գործունեությունից ստացված միջոցները:
Նշված աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները չեն կարող հիմք հանդիսանալ բյուջետային հատկացումների նվազեցման համար:
61. Հաստատության արտաբյուջետային միջոցները պահվում են բանկային հատուկ հաշվում և ծախսվում են հաստատության տնօրենի հաստատած նախահաշվի հիման վրա:
62. Նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր իրականացնող հաստատությունը լրացուցիչ կարող է ֆինանսավորվել նախարարության և տեղական բյուջեի ազատ ու ներգրավված այլ միջոցների հաշվին:
63. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար տնօրինում է իր ֆինանսական միջոցները:
64. Վճարովի ծառայությունները չպետք է իրականացվեն բյուջեից ֆինանսավորվող գործունեության փոխարեն և դրա որակի հաշվին:
65. Հաստատությունում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, լրացուցիչ միջոցների հաշվին աշխատողների դրույքաչափերի ու աշխատավարձի նկատմամբ կարող են կիրառվել տարբերակված հավելումներ` մասնագիտական վարպետության, որակյալ աշխատանքի, մասնագիտությունների համատեղության և այլնի համար:
66. Հաստատությունը սահմանված կարգով ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնին:
67. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկում կարող է ունենալ տարադրամային հաշիվ:
68. Հաստատությունը վարկային գործառնություններ կարող է կատարել միայն նախարարության գրավոր համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երաշխավորությամբ: