ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 1994 թվականի N 122
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական պաշտպանության` բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը կարգավորելու և մշտական պատրաստ վիճակում պահելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության` բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի (այսուհետև` ազդարարման համակարգ) գործունեության կազմակերպման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
2. Արտակարգ իրավիճակների կամ դրանց ակնհայտ սպառնալիքի դեպքում ազդարարման որոշում ընդունելու և համապատասխան ազդարարման համակարգը գործարկելու իրավունքը վերապահել`
ա) հանրապետության մասշտաբով, այդ թվում Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության վարչապետին.
բ) շրջանի, քաղաքի մասշտաբով` պատգամավորների տվյալ շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահին.
գ) քիմիական վտանգավոր օբյեկտներում, ջրամբարներում` համապատասխան օբյեկտների տնօրեններին և նրանց անունից` հերթապահ գործակարգավարներին (դիսպետչերներին):
3. Ազդարարման համակարգը միացնելու և հաղորդում վարելու պատասխանատվությունը դնել`
ա) կենտրոնական միացմամբ` քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության վրա.
բ) տեղական միացմամբ` համապատասխան շրջանի, քաղաքի կապի հանգույցի վրա.
գ) օբյեկտային միացմամբ` օբյեկտի ղեկավարության վրա:
4. Ազդարարման համակարգի սարքավորումների անխափան աշխատանքի տեխնիկական ապահովման համար պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության վրա:
Ազդարարման համակարգի առկա սարքավորումները հանձնել`
ա) կապի հանգույցներում տեղադրված սարքավորումները` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հաշվեկշռին.
բ) ծայրամասային բլոկների սարքավորումները (էլեկտրաշչակներ, բարձրախոսներ, շրջաբերական կանչի հենակին կցված հեռախոսներ)` պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հաշվեկշիռներին:
Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ազդարարման սարքավորումների տեխնիկական շահագործումն ու սպասարկումն իրականացնել պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցների հաշվին` համաձայն պայմանագրերի:
5. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համապատասխան կապի հանգույցների հետ պայմանագրեր կնքել ազդարարման սարքավորումների տեխնիկական շահագործման, սպասարկման, էլեկտրաշչակների և բարձրախոսների վերատեղադրման վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և քաղպաշտպանության հանրապետական շտաբի հաշվարկների:
6. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը`
ա) ապահովել քաղաքային և շրջանային կապի հանգույցներում տեղադրված կապի ու ազդարարման միջոցների և հերթապահ անձնակազմի շուրջօրյա աշխատանքը.
բ) իրականացնել տեղական կառավարման մարմինների և արտադրական ձեռնարկությունների ազդարարման սարքավորումների տեխնիկական շահագործումն ու սպասարկումը, իսկ եռամսյա ժամկետում` նրանց հետ կնքված պայմանագրերի և քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի կողմից մշակված սխեմայի համաձայն էլեկտրաշչակների և բարձրախոսների վերատեղադրումը:
7. Քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբին`
ա) տասնօրյա ժամկետում մշակել էլեկտրաշչակների և բարձրախոսների վերատեղադրման սխեման` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մշտական էլեկտրասնուցմամբ ապահովվող օբյեկտների ցանկը.
բ) երկամսյա ժամկետում մշակել արտակարգ իրավիճակներում բնակչության և կառավարման մարմինների ղեկավար անձնակազմի ազդարարման կարգը:
8. Գաղտնի:
9. Գաղտնի:
10. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |