ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1995 թվականի N 84
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՐԱՅԻՆ ԹԱՓՈՆԱԿՈՒՅՏԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հանրապետության տարածքում առկա պոչամբարների և ապարային թափոնակույտերի պահպանության ապահովման, շահագործման հուսալիության բարձրացման, հնարավոր վթարների կանխման նպատակով, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների կողմից 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ընդունված «Ղրղզական Հանրապետությանը հրատապ օգնություն ցույց տալու մասին» որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը`
ա) եռամսյա ժամկետում ուսումնասիրել իրենց ենթակայության ձեռնարկությունների` կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի տեխնիկական վիճակը և դրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկել համապատասխան նախնական բնապահպանական միջոցներ.
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր` պոչամբարների և ապարային թափոնակույտերի անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների իրականացման համար ըստ տարիների պահանջվող ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սկսած 1996 թվականից, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի և պետական բյուջեների նախագծերում նախատեսել համապատասխան կապիտալ ներդրումներ` պոչամբարների և ապարային թափոնակույտերի անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների իրականացման համար:
3. Հանրապետության տարածքում առկա պոչամբարների և ապարային թափոնակույտերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, անվտանգության ապահովման և բնապահպանական միջոցառումների մշակման ու իրականացման հետ կապված աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության վրա:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |