ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 1994 թվականի N 587
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 292 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 292 որոշմամբ հաստատված` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«65. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը հաշվարկվում է որպես դրանց գնորդների (պատվիրատուների) հետ համաձայնեցված և պայմանագրային գներով արտահայտված մեծություն կամ որպես հնարավոր (շուկայական) վաճառքի գներով արտահայտված մեծություն:
Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը որոշվում է առաքման (հանձնման) հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվանից 90-րդ օրվա դրությամբ: Եթե վճարումը կատարվել է մինչև նշված ժամկետը լրանալը, ապա իրացումից հասույթը որոշվում է վճարման օրվա դրությամբ:
Միջպետական փոխկապակցված առաքումներով (քլիրինգ) արտահանված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման պահը և հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված միջպետական փոխկապակցված առաքումներ (քլիրինգ) իրականացնող ձեռնարկությանն այդ առաքումների համար մատակարարված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների մասով իրացումից հասույթը որոշում են դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:
Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնակչությանը մատուցվող բնակարանային-կոմունալ ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:
Շինարարական աշխատանքների, տրանսպորտային և կապի ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է աշխատանքների հանձնման, ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվա դրությամբ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանել իրացումից հասույթի որոշման այլ կարգ»:
2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից հետո առաքված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |