ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1994 թվականի N 419
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների հետ կապված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» N 142 որոշման, և Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողների սոցիալական ապահովության որոշ խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`
ա) Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքներում զբաղված աշխատողների կողմից վճարվող` աշխատանքի վայր մեկնելու և վերադարձի տրանսպորտային փոխադրավարձի չափաբաժինը սահմանել Երևանում ներքաղաքային ավտոբուսներով երթևեկության համար հաստատված սակագնի չափով, իսկ չվերթի ծախսերի մնացած մասը հատուցել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման համար հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին` համաձայն տրանսպորտային ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերի.
բ) Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողների տրանսպորտային փոխադրումներն ապահովել ՀԱԷԿ-ին պատկանող ավտոբուսներով, իսկ դրանց չբավարարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ պայմանագրային հիմունքներով, ըստ ՀԱԷԿ-ի ներկայացրած հայտերի:
2. Սահմանել, որ`
ա) ՀԱԷԿ-ի աշխատողների տրանսպորտային փոխադրումների սակագները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից կարող են վերանայվել ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետկայի և վառելիքի նախարարության հետ, և կիրառվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատվելուց հետո:
Նշված սակագները հաշվարկելիս հաշվի առնել 1 տոկոս շահութաբերության ցուցանիշը.
բ) ՀԱԷԿ-ի աշխատողների տրանսպորտային փոխադրումներն ավելացված արժեքի հարկի առումով հավասարեցվում են մերձքաղաքային ուղևորափոխադրումներին:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև ՀԱԷԿ-ի գործարկումը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |