ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 1992 թվականի N 412
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊՐՈՖՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ) 1992 ԹՎԱԿԱՆԻՑ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում որակական տեղաշարժերի և առաջնահերթ միջոցառումների իրականացման, ինչպես նաև պետական միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ու քոլեջների դիմորդների ընտրության և ընդունելության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից և մինչև կրթության մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, և թույլատրել նրան 1992 թվականից հանրապետության պետական միջնակարգ մասնագիտական հաստատություններում և քոլեջներում առանձին մասնագիտությունների գծով (նախապատվությունը տալով արվեստի և մանկավարժական մասնագիտություններին) ընդունելությունն իրականացնել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող և հաստատվող պետական պատվերի, այնպես էլ ձեռնարկությունների, հիմնարկների և առանձին անձանց կողմից մուծվող միջոցների հաշվին:
2. Պետական միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և քոլեջներում պետական պատվերով ուսուցման համակարգի հետ մեկտեղ կազմակերպել վճարովի ուսուցման համակարգ, ընդգրկելով`
ընտրած մասնագիտությանը համապատասխան ընդունելության բոլոր քննություններից դրական նիշեր ստացած դիմորդներին` տվյալ ուսումնական հաստատությունում վճարովի ուսուցման տեղերի քանակի սահմաններում.
անհարգելի պատճառով ուսումը նույն կուրսում կրկնող սովորողներին.
երկրորդ մասնագիտություն ստանալ ցանկացող անձանց:
3. Պետական պատվերով ուսուցման գծով անբավարար առաջադիմության պատճառով սովորողների հեռացման հետևանքով առաջացող թափուր տեղերը կարող են օգտագործվել վճարովի հիմունքներով սովորող առավել առաջադեմ ուսանողներին պետական պատվերով (լրիվ կամ մասնակի) ուսուցման փոխադրելու համար:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վճարովի ուսուցման վարձի տարեկան առավելագույն չափի մասին` առանձին մասնագիտությունների վարձաչափի սահմանման իրավունքը թողնելով պետական միջնակարգ մասնագիտական կրթության հաստատություններին և քոլեջներին, բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար տարեկան վարձաչափը ֆիքսվում է:
5. Թույլատրել հանրապետության պետական միջնակարգ մասնագիտական հաստատություններին և քոլեջներին 1992 թվականից սկսած իրականացնել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն վճարովի ուսուցման ձևով, օտարերկրյա վալյուտայով` վարձաչափը սահմանելով ուսումնական հաստատության և դիմող կազմակերպության կամ անձի փոխադարձ համաձայնությամբ:
6. Ընթացիկ ուսումնական տարվա վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների տարեկան վարձաչափի սահմանումը թողնել միջնակարգ ուսումնական հաստատությունների հայեցողությանը, հաշվի առնելով, որ վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների համար կատարվելիք ծախսերն իրականացվելու են պետական պատվերով ընդունվող ուսանողների համար կատարվող ծախսերի նորմաների սահմաններում, ընդ որում շահութաբերության մակարդակը չպետք է գերազանցի 12 տոկոսը:
7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`
ա) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների հետ համատեղ մշակել միջոցառումներ ԼՂՀ-ի և սփյուռքի դիմորդների 1992 թվականի ընդունելության քննությունների առանձնահատկությունների վերաբերյալ.
բ) զանգվածային լրատվության միջոցներով դիմորդների համար լուսաբանել 1992 թվականի վճարովի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ընդունելության քննությունների հետ կապված բոլոր հարցերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |