ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
12 հունվարի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1994 թվականի ապրիլի 8-ին ստորագրված` Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ որոշման և 1998 թվականի հուլիսի 2-ին ստորագրված` Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշման մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 25.12.2000 թ:):
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով որոշումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ որոշումն ստորագրվել է 1994 թվականի ապրիլի 8-ին (գործել է մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը), իսկ Կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշումն ստորագրվել է 1998 թվականի հուլիսի 2-ին: Այդ որոշումները նպատակ ունեն նպաստել Եվրոպայի լեզվական և մշակութային համագործակցության զարգացմանը:
2. Վերոհիշյալ որոշումներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերական մուծումներ կատարել մասնակի համաձայնագրի բյուջե` որոշումներով նախատեսված գործունեության ծրագրի իրականացման, ինչպես նաև ընդհանուր քարտուղարության ծախսերը հոգալու համար:
3. Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ և Կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշումների հիմքում դրված է մասնակի և ընդլայնված համաձայնագրի վերաբերյալ Նախարարների կոմիտեի (93) 28 որոշումը: 94 (10) և 98 (11) որոշումներն ունեն հավելվածներ` Կենտրոնի կանոնադրություններ, որոնցով սահմանվում են Կենտրոնի նպատակներն ու խնդիրները, ղեկավար մարմինների (գլխադասային խորհուրդ և այլն) կազմավորման կարգը, նրանց գործունեության ոլորտները և այլն:
Որոշումներին կարող է միանալ Եվրախորհրդի անդամ պետությունը կամ Եվրոպական մշակութային կոնվենցիայի կողմը (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է Ազգային ժողովի 1997 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ):
4. Որոշումները կարող են նպաստել այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության մշակութային համագործակցության զարգացմանը և համահունչ են ՀՀ Սահմանադրության 9, 11, 12, 36 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1994 թվականի ապրիլի 8-ին ստորագրված` Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հիմնադրման ընդլայնված մասնակի համաձայնագրի վերաբերյալ որոշման և 1998 թվականի հուլիսի 2-ին ստորագրված` Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի գործունեության շարունակությունը հաստատող որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|